Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ

Մայիս 20,2005 00:00

ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈՂՈՎ ՉԻ ՉԱՓՎՈՒՄ Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի անսպասելի որոշման համաձայն, Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի 10 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Կենտրոնը նախկինում՝ ոստիկանությանը պատկանող անչափահասների ընդունման կետն է, որտեղ 2-3 օր պահում էին մուրացկան ու մանր խուլիգանություն արած երեխաներին, որից հետո որոշում նրանց ճակատագիրը: Հինգ տարի առաջ շենքը տրվել է ՀՕՖ-ին, վերջինս էլ վերանորոգել է այն, դարձրել երեխաների խնամքի, կրթական ու հոգեբանական կենտրոն: Այստեղ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ երեխաներին նորմալ կյանքի պատրաստելու եւ վերադարձնելու համար: Սակայն մայիսի 16-ին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թաթուլյանը կենտրոնի աշխատակիցներին է ներկայացրել գործադիր տնօրենի անսպասելի որոշումը, որից մինչ այդ անտեղյակ են եղել կենտրոնի աշխատողները: Շուրջ 30 աշխատակիցներից ստացած դիմում-բողոքի համաձայն, կենտրոնի գործունեությունից դուրս են մնացել շատ կարեւոր օղակներ, մասնավորապես՝ հոգեբանական օղակը, ինչը կենտրոնին շեղում է ծրագրային խնդիրներից եւ հարցականի տակ է դնում նրա հետագա գործունեությունը: Գրեթե ողջ աշխատակազմով ստորագրած բողոքի հիմնական բովանդակությունն այն է, որ մեծանում է դաստիարակչական գծով աշխատողների ծանրաբեռնվածությունը, ինչը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաեւ ՀՕՖ-ի կանոնադրությանը, ըստ որի, երեխաների խնամքով զբաղվող աշխատակցին թույլատրվում էր 24-ժամյա հերթափոխ, չգերազանցելով շաբաթը 48 ժամը: Իսկ նոր որոշմամբ, նույն աշխատակիցը հնարավորություն չի ունենում ազատ օրերի եւ արձակուրդի: Բացի այդ, միայն երեխաների խնամքով զբաղվելով, կենտրոնը կորցնում է իր հիմնական նշանակությունը: Կենտրոնի աշխատակիցները նամակով խնդրել են ֆոնդի նախագահ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին՝ «մինչ օրս կենտրոնով անցած 867 երեխաների աղոթքին արժանացած» այս ծրագիրը անկատար չթողնել: ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թաթուլյանը «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ երկու օր առաջ են այդ նամակն ուղարկել Նյու Յորք եւ դեռ պատասխան չկա: Պարզվում է, որոշումն անակնկալ էր նաեւ պարոն Թաթուլյանի համար: Ավելին, վերջերս գործադիր տնօրեն Նանագուլյանը երկու շաբաթով եկել է Հայաստան, ու, թեպետ հնարավորություն ուներ կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպելու, քննարկելու, թե ինչպես կազմակերպվի կառույցի հետագա աշխատանքը, որ ծրագրերը չտուժեն, նա ընդամենը որոշումը հայտնելու հանձնարարական է տվել Գ. Թաթուլյանին: Մեր հարցին, թե գուցե կենտրոնի կատարած աշխատանքը չի՞ բավարարել ՀՕՖ-ի ղեկավար մարմիններին եւ այդ պատճառով են հաստիքները կրճատվել, իսկ մնացածների աշխատավարձերն էլ՝ իջեցվել, Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը պատասխանեց՝ «ոչ, միակ պատճառը ֆինանսն է»: Պարոն Թաթուլյանն ինքն էլ նախապես տեղյակ չի եղել ՀՕՖ-ի ֆինանսական խնդիրներին եւ որոշմանը: Մեր զրույցից կարելի էր ենթադրել, որ պարոն Թաթուլյանը նույնպես մտահոգված է կենտրոնի ճակատագրով, քանի որ «սա սովորական գիշերօթիկ դպրոց չէ եւ մեր նպատակը չէր միայն երեխաներին լողացնել-կերակրելն ու խնամելը»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել