Վերջերս ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի թեթեւ ձեռքով Հայաստանն «օծվել» էր Ռուսաստանի ֆորպոստ, ինչը թեեւ շատերի մեջ անկեղծ հպարտության զգացում էր առաջացրել, այնուամենայնիվ, որոշ նորմալ ՀՀ քաղաքացիներ միանգամայն իրավացիորեն զայրացել էին այդ ստորացուցիչ գնահատականի առիթով: Մինչդեռ պարզվում է՝ աշխարհում «էլ բեթար» բաներ կան:
Այժմ Հայաստանը հանգիստ կարող է տեղավորվել ոչ թե քիչ թե շատ բարեհնչյուն ֆորպոստի, այլ բառիս բուն իմաստով՝ Մոսկվայի ռազմական աղբանոցի կերպարի մեջ: ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Բալուեւսկին հինգշաբթի հայտարարել է, որ Վրաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները կվերատեղակայվեն ՌԴ տարածքում, սակայն դուրսբերման ժամկետների կրճատման նպատակով զինտեխնիկայի մի մասը կտեղափոխվի Հայաստան: «Դա մեզ թույլ կտա տեղավորվել Վրաստանից մեր ռազմաբազաների ամբողջական դուրսբերման համար նախատեսված չորսամյա ժամկետի մեջ»,- ճշգրտել է գեներալը: Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն իր ռազմավարական գործընկեր Հայաստանի, տվյալ դեպքում՝ նրա տարածքի հետ վարվում է այնպես, ինչպես քեֆը քաշում է: Կցանկանա՝ տարածաշրջանում ինչքան ռազմական անպետք հնոտի կա՝ կբերի-կլցնի մեր հանրապետություն, չի ցանկանա՝ չի բերի եւ գուցե՝ եղածն էլ հավաքի տանի:
Եվ թող փորձի ՀՀ իշխանական էլիտայի ներկայացուցիչներից մեկն ու մեկը ծպտուն հանել: Ասենք, զարմանալու բան չկա: Մոսկվան Երեւանի հետ հարաբերվում է ճիշտ այնպես, ինչպես ՀՀ իշխանությունները՝ սեփական բնակչության հետ: Մտքներով անցնի՝ «հանուն պետական կարիքների» սրբության սրբոց համարվող սեփականությունը մարդկանց ձեռքից կխլեն ու հետույքներին խփելով կվռնդեն իրենց տներից: Իսկ թե մի քիչ էլ երեւակայությունները լարեն, կարող են Օպերայի շենքի հրապարակում մսի «պասաժ» բացել: Տարօրինակ ոչինչ չկա. Հայաստանի տարածքը Ռուսաստանի ամենատարբեր կարիքների համար ծառայեցնելն այն գինն է, որ ՀՀ իշխանությունները վճարում են Կրեմլի կողմից իրենց նկատմամբ լոյալ, իսկ երբեմն՝ նաեւ խրախուսող վերաբերմունք ապահովելու համար: Այս ամենը, սակայն, առավել ստորացուցիչ է թվում տարածաշրջանային ամենաթարմ իրողությունների ֆոնին: Վրաստանն, ինչպես տեսնում ենք, միջոցների մեջ խտրություն չի դնում Մոսկվային ստիպելու՝ ժամ առաջ վերջինիս ռազմաբազաները երկրի տարածքից դուրս հանելու հարցում: Թբիլիսիին բոլորովին չվախեցրին անգամ մի քանի օր առաջ իր հասցեին ՌԴ Պետդումայում հնչած աննախադեպ հոխորտանքներն ու սպառնալիքները, այդ թվում՝ բավական բարձր ռանգի պաշտոնյաների կողմից: Սահակաշվիլու վարչակազմը, իհարկե ոչ առանց ԱՄՆ-ի օժանդակության, հետեւողականորեն իրագործում է խնդրո առարկա զորակայանների դուրսբերման իր իսկ հաստատած պլան-ժամանակացույցը:
Արդյունքն ակնհայտ է՝ Մոսկվան, ուզի թե չուզի, արդեն իսկ համաձայնել է չորսամյա ժամկետին: Եվ այդ ժամկետի հարգումը, ինչպես տեսնում ենք, ապահովվում է Հայաստանի քաղաքական վարկի հաշվին:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ