Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ

Մայիս 20,2005 00:00

ՀԻՆ ԳՈՐԾԸ «ՆՈՐՈԳԵՑԻՆ» «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռոմիկ Մխիթարյանին երկրորդ անգամ ուզում են դատել նույն հանցագործության համար: Օրեր առաջ Շենգավիթի ոստիկանությունը իր բնակարանում ձերբակալել էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կուսակցության Շենգավիթի կառույցի նախագահ Ռոմիկ Մխիթարյանին, որի նկատմամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար քրգործ էր հարուցվել եւ հետախուզում հայտարարվել: Հիշեցնենք, որ այդ ձերբակալության առնչությամբ կուսակցությունը մեկնաբանություններ էր արել եւ Ռ. Մխիթարյանի ձերբակալությունը գնահատել էր որպես քաղաքական հետապնդում: Ռ. Մխիթարյանին այսօր մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի հոդ. 104-ի 1-ին մասով՝ սպանություն, եւ ՔՕ հոդ 235-ի, 1-ին մասով՝ զենք-զինամթերքի ապօրինի պահում: Սպանության մեղադրանքը համեմատաբար նոր պատմություն է, որովհետեւ 2000-ին Ռ. Մխիթարյանն իր ընկերոջ անզգույշ սպանության մեղադրանքով արդեն մեկ անգամ դատապարտվել էր երեք տարի ազատազրկման եւ պատիժն ութ ամիս կրելուց հետո, 1/3-ով վաղաժամ ազատ էր արձակվել: Ուրեմն ի՞նչ հիմքով է դատախազությունը նույն հանցագործության համար կրկին գործ հարուցում: «Շենգավիթի դատախազի օգնական Գայանե Լյուդվիգյանը, որի վարույթում է գտնվում այս քրգործը, չտվեց մեզ ուսումնասիրելու նախկին քրգործը, որի մասով արդեն դատավճիռ էր կայացվել, թեեւ դրա իրավունքը չուներ: Նախաքննության այն նյութերը, որոնք հիմա են ձեռք բերվում նոր հարուցված քրգործի շրջանակներում, նա իրավունք ունի ցույց չտալու, բայց հին քրգործը, որի շրջանակներում դատավճիռ է կայացվել՝ նա իրավունք չունի չտալու: Բայց քանի որ ես առաջին օրն էի գնացել դատախազություն, չպնդեցի, առավել եւս, որ աշխատանքային օրն էլ արդեն ավարտվում էր»,- մեր զրույցի ժամանակ ասաց Ռ. Մխիթարյանի պաշտպան Նունե Զաքարյանը՝ հավելելով, թե ինքն, այնուամենայնիվ, կմիջնորդի ստանալու այդ գործը: Իսկ հին քրգործով դատավճիռը վճռաբեկ դատարանում բեկանվել է, իբր, նոր երեւան եկած հանգամանքով, թեեւ դատախազը պաշտպան Ն. Զաքարյանին այդպես էլ չէր բացատրել, թե այդ ինչ նոր երեւան եկած հանգամանքի մասին է խոսքը: «Դատախազը հրաժարվեց մեզ տրամադրել նախկին քրգործով եւ կայացված դատավճիռը, եւ դատախազի բերած բողոքը՝ ասելով, թե ինքն իրավունք չունի: Բայց իրավունք ունենալը ո՞րն է, երբ նա պարտավոր է ինձ դա ներկայացնել»,- ասաց տիկին Զաքարյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախկին քրգործով կայացված դատավճիռը բեկանվել է այն պատճառաբանությամբ, որ նախկինում այդ քրգործով անցած եւ ցուցմունքներ տված վկաները, իբր, խոստովանել են, թե ժամանակին իրենք ոչ ճիշտ ցուցմունքներ են տվել, իսկ հիմա նրանց ցուցմունքները, իբր, վկայում են, թե 2000-ին Ռոմիկ Մխիթարյանը կատարել է ոչ թե անզգույշ, այլ՝ կանխամտածված սպանություն: Այդ տեղեկություններն էլ հենց հիմք են հանդիսացել ենթադրելու, որ դա արհեստականորեն նորոգված քրգործ է, որն այլ կերպ ասած, գնահատվում է իբրեւ քաղաքական հետապնդում, առավել եւս, երբ խոսքը քաղաքական գործչի մասին է: Բոլոր դեպքերում Նունե Զաքարյանն ասաց, որ այն մարդկանց համար, ովքեր ժամանակին ոչ ճիշտ ցուցմունքներ են տվել եւ հիմա փոխում են իրենց ցուցմունքները, ՀՀ Քրեական օրենսգիրքը հստակ պատիժ է սահմանում: «Սուտ եւ կեղծ ցուցմունք տալը քրեորեն հետապնդելի է»,- պարզաբանեց տիկին Զաքարյանը: Իհարկե, մեր արդարադատության գործնական փորձը ցույց է տալիս, որ երբեմն նույնիսկ ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդիկ կարող են ազատվել պատժից կամ կրել իրենց արարքին ոչ համարժեք պատիժ միայն այն փաստարկմամբ, որ նրանք օգնել են հանցագործության բացահայտմանը: Հնարավո՞ր է, որ այդ դեպքում էլ իրավապահները նման խոստումներ տված լինեն նախկինում կեղծ ցուցմունք տված մարդկանց: «Վկային եւ նախաքննության, եւ դատաքննության փուլերում բացատրում են իր իրավունքները, ստորագրել են տալիս հուշաթերթիկ առ այն, որ սուտ, կեղծ ցուցմունքի համար նրանք կարող են քրեորեն պատժվել: Այնպես որ, անկախ ամեն ինչից՝ այդ մարդիկ անպայմանորեն ՔՕ-ով սահմանված համապատասխան պատիժ պետք է կրեն»: Փաստաբանի ասելով, Ռոմիկ Մխիթարյանը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց: «Ոչինչ չունեմ ասելու: Այն, ինչ ասել եմ 4-5 տարի առաջ, ես նույնությամբ կրկնում եմ»,- հայտարարել էր Ռ. Մխիթարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել