Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

Մայիս 20,2005 00:00

Երեկ
Երեւանի Արարատ կոնյակի, գինու-օղու կոմբինատում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը
դրամական պարգեւներ հանձնեց վերջերս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած
Հայաստանի երկու մարզիկների եւ նրանց պատրաստած մարզիչներին: Բրոնզե մեդալներ
նվաճած ծանրորդներ Արսեն Մելիքյանը եւ Աշոտ Դանիելյանը ստացան $800-ական, նրանց անձնական
ու ազգային հավաքականի մարզիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ $600, Ռոմիկ Դանիելյանը՝
400, Խաչատուր Քյափանակցյանը եւ թիմի բժիշկ Նիկոլայ Դեմուրճյանը՝ 300-ական: ՀԱՕԿ-ի
նախագահը նշեց, որ թեեւ վերջին տարիների ընդմիջումից հետո այդ մեդալները առաջին հաղթանակներն
են հայկական ծանրամարտում, սակայն երրորդ տեղերն ընդհանուր առմամբ չեն բավարարում:
Եվ հույս հայտնեց, որ մեր ծանրորդները դեռ իրենց ծանրակշիռ խոսքը կասեն աշխարհի առաջնությունում:
Արարողությանը ներկա էր նաեւ Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը: Այնուհետեւ
տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր վեց հարց: Առաջինը
վերաբերում էր ՀԱՕԿ-ի գործկոմի կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատմանը, որն ընդունվեց
միաձայն: Երկրորդը ՀԱՕԿ-ին կից հանձնաժողովների եւ նրանց նախագահների հաստատման մասին
հարցն էր: Քվեարկությամբ ստեղծվեց ինը հանձնաժողով, հաստատվեցին դրանց նախագահները:
Վերջիններին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովների կազմերը
եւ 2005/2006թթ. աշխատանքային պլան: Անցնելով օրակարգային երրորդ հարցին, Գագիկ Ծառուկյանը
առաջարկեց հաստատել նաեւ ՀԱՕԿ-ի փոխնախագահների միջեւ աշխատանքի բաշխման ներկայացվող
տարբերակը: Սակայն գործկոմի անդամ Վարդեւան Գրիգորյանը նկատեց, որ այն թերի է եւ
ուշադրությունից դուրս են մնացել ամառային օլիմպիական մի շարք մարզաձեւեր, այդ թվում՝
ձմեռայիններն ամբողջապես: Դիտողությունը համարվեց միանգամայն արդարացի եւ որոշվեց
նախնական տարբերակն ընդունել որպես հիմք՝ հետագայում այն համալրելով մյուս մարզաձեւերով:
Դրանից հետո դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը գործկոմին
զեկուցեց 2006 թվականի Թուրինի 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական
աշխատանքների ընթացքի մասին: Նա նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի մարզիկներից
վարկանիշ ունեն արդեն երեք հոգի, երկուսը դահուկավազքից, մեկը՝ լեռնադահուկային սպորտից
(ոլորավայրէջք): Սակայն Խաղերի թեկնածուներ կան նաեւ հսկա ոլորավայրէջքում, գեղասահքում,
բոբսլեյում եւ սկելետոնում: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը ինֆորմացիա
տվեց այս տարվա հուլիսին Իտալիայի Լիգնանո քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդության
փառատոնին ՀԱՕԿ-ի պատվիրակության մասնակցության մասին: Իսկ ամենավերջում սպորտային
բժշկության եւ հակադոպինգային հանձնաժողովի նախագահ Արտյոմ Քուշկյանը գործկոմի անդամներին
ներկայացրեց ՀՀ հավաքական թիմերի հետ բժշկական սպասարկման ուղղությամբ տարվող աշխատանքների
ընթացքի մասին, որն իրականացվում է իր ղեկավարած «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական
կենտրոններում: Նրա խոսքերով իրենց ներկայացվել է 158 մարզիկի ցուցակ, որոնցից այսօրվա
վիճակով ամբողջական հետազոտում անցել է արդեն 114-ը: Մյուսների հետազոտումը կավարտվի
մինչեւ այս ամսվա վերջ: Դրանով ՀԱՕԿ-ի գործկոմն ավարտեց աշխատանքը: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել