Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոչ թե ուս ուսի, այլ առաջ ու հետ

Մայիս 20,2005 00:00

Ինչպես
պարել միասնության շուրջպարը Հաշված օրեր են մնացել մայիսի 28-ին Արագած լեռան
շուրջ կազմակերպվելիք միասնության շուրջպարին: Յուրաքանչյուր հայ, լսելով շուրջպարի
մասին, ենթադրում էր, որ այդ պարը միանշանակ պետք է լինի աշխարհին հայտնի ավանդական
քոչարին: Հենց այդպես էլ որոշվել էր: Սակայն, «Առավոտին» հասած տեղեկությունների
համաձայն, փոխվել է ե՛ւ որոշումը, ե՛ւ գլխավոր պարուսույցը. Վանուշ Խանամիրյանը փոխարինվել
է Կարեն Գեւորգյանով: Պարզաբանումների համար դիմեցինք ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Խանամիրյանին
եւ միասնական շուրջպարի կենտրոնական շտաբի պետ Արամ Կարապետյանին: Վանուշ
Խանամիրյանը հետեւյալը փոխանցեց «Առավոտին». «Ոչինչ չեմ հասկանում: Աղվանը (նկատի
ունի ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ եւ շուրջպարի
գաղափարի հեղինակ Աղվան Հովսեփյանին) եկել էր մոտս: Այո, պետք է պարեինք քոչարի՝
ուս-ուսի, ձեռք-ձեռքի բռնած, ներկայացնելով մեր ժողովրդի միասնականությունն ու անկոտրում
կամքը: Գնացի Արա Գեւորգյանի տուն, երկու օր ու գիշեր միասին աշխատում էինք երաժշտության
վրա: Հասել էինք մարզեր, քոչարիի շարժումներն էինք ուսուցանում: Եկան, մեզ նկարահանեցին,
ցուցադրեցին հեռուստատեսությամբ: Բայց հետո, չգիտես ինչու, ամեն ինչ փոխվեց: Հիմա
միասնական կամք, ուժ ցույց տալու փոխարեն, ճկույթ-ճկույթի բռնած ղզիկի պար ենք ներկայացնելու:
Նեղսրտած զանգահարել եմ շտաբի պետին՝ բացատրել, որ անհարմար է: Չկարծեք, թե ես վիրավորված
եմ, իհարկե՝ նաե՛ւ վիրավորված եմ: Ախր աշխարհն է տեսնելու, էլ ինչի՞ համար եմ տարիներ
շարունակ պարի միջոցով աշխարհին ներկայացրել հայի վճռականությունը, ուժը, ոգին: Հասկանում
եմ, որ այստեղ անձերի խնդիր չպետք է լինի, բայց միեւնույն ժամանակ համոզվեցի, որ
ե՛ւ անձի խնդիր կա, եւ, դրանով պայմանավորված՝ պարի: Շտաբի պետն էլ, երեւի իմ բացատրություններից
ձանձրացած, «ադալժենի» արեց՝ «դուք էլ եկեք ձեր քոչարին պարեք»: Նա համոզում էր,
որ իրենց պարը՝ ճկույթ-ճկույթի բռնած, առաջ ու հետ շարժումներով, որոնք խորհրդանշում
են համապատասխանաբար՝ հաջողություն ու անհաջողություն, պարզ պար է եւ բոլորը կարող
են հեշտությամբ պարել: Այդուհանդերձ, գիտակցելով ակցիայի լրջությունն ու պատասխանատվությունը,
պիտի բոլորս գնանք-պարենք»: Արամ Կարապետյանն էլ հետեւյալ պարզաբանումը տվեց.
«Ես ձեզնից ավելի եմ սիրում Վանուշ Խանամիրյանին եւ ուրախ եմ նրա հետ անձնապես ծանոթանալու
համար: Նա մեծ սիրով է աշխատում խմբերի հետ, իսկ Կարենն էլ (նկատի ունի «Բերդ» անսամբլի
գեղարվեստական ղեկավար, մանկավարժական համալսարանի պարի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանին-
Ս. Դ.), հենց սկզբի օրվանից սերտ կապերի մեջ է մեր կազմկոմիտեի հետ ու գիշեր-ցերեկ
աշխատում է: Ես չգիտեմ՝ նրանք իրար հետ ինչ հարաբերություններ ունեն: Ինչո՞ւ են մարդիկ
վրդովվում. ի՞նչ տարբերություն՝ պարել ուսերով, թե առաջ-հետ անել: Կարեւորն այստեղ
միասնությունն է: Չեմ հասկանում, եթե Վանուշ Խանամիրյան անունը բարձր է հնչում՝ դրոշակ
բռնենք ու գնանք նրա հետեւի՞ց: Նորից եմ կրկնում, այստեղ անձերի խնդիր՝ Վանուշ-Կարեն,
կամ Կարեն-Վանուշ, չկա: Կարեւորը պատվով դուրս գալն է աշխարհում իր նախադեպը չունեցող
այս ակցիայից: Ինչ վերաբերում է Արա Գեւորգյանի երաժշտությանը, ապա առաջարկներ են
արել շատերը: Մենք լսել ենք բոլոր առաջարկությունները: Ընտրել ենք պարեղանակ, որ
րոպեների մեջ ներառում է Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի ու Արցախի ռիթմերը: Եկեք վերջ
տանք հայերիս հատուկ ասեկոսեներին: Թող մայիսի 28-ը լինի իրոք միասնականության եւ
միասնության օր: Տղամարդավարի ձեռք-ձեռքի տանք, սեղմենք ու պարենք մեր պարը»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել