Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ» ԽՄԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Մայիս 20,2005 00:00

Կոմպոզիտոր,
կիթառահար Մարտին Ահարոնյանը Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ ներկայացավ
անցած տարի կայացած իր բենեֆիսային ծրագրով: Այժմ նրա ստեղծագործություններն
ավելի հաճախ են հնչում ռադիոյով, ցուցադրվում հեռուստատեսությամբ, քան ԽՍՀՄ-ի տարիներին:
Մինչդեռ հեղինակը հավաստիացնում է, որ «Մեր խումբն «Առաքյալներից» էլ առաջ էր սկսել
իր գործունեությունը»: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ նախկինում երաժշտի անունը
չէր հոլովվում՝ չնայած պատկառելի վաստակին: «Ես սկզբից եղել եմ «Նաիրիտ» գործարանի
վոկալ-գործիքային, հետո «Հայէլեկտրոյի», այնուհետեւ Ոսկերչականի խմբերում: Էլ չեմ
խոսում Ֆիզիկայի ինստիտուտի «Արեգակ» խմբի մասին, որի կազմում ֆանտաստիկ երաժիշտներ
էին՝ Դավիթ Ազարյան, Ռուբեն Սրապյան, Ալեքսանդր Դիվանյան, Տաթեւիկ Հովհաննիսյան,
Զառա Տոնիկյան եւ ուրիշներ… Մեզ մինիստրների խումբ էին անվանում, ձեռքից ձեռք փախցնում,
մասնակցում էինք միայն հատուկ համերգների (բարձրաստիճան պաշտոնյաների հրավերով -Գ.
Հ.)»,- վերհիշեց Մ. Ահարոնյանը: Նա անդրադարձավ այսօր հրամցվող երաժշտությանը,
ունկնդրին ու կատարողին: Ասաց, որ նախկինում երիտասարդությունը ավելի «ֆանատ» էր,
թեթեւ կոչված երաժշտությունը «խախտված, ռաբիսախառը վիճակի մեջ չէր», երգիչներն էլ
կարճատեւ փառքի համար չէին ապավինում արեւելյան լադին: «Ես գործեր ունեմ արեւելյան
ռիթմերում ու լադերում, բայց դրանք մաքուր վիճակում են, անգամ վերնագրերն են հուշում:
Օրինակ, «Թռիչք Հիմալայների վրայով» ստեղծագործությունս հնդկական լադում է: Արաբական
ստեղծագործություն ունեմ, որ կոչվում է «Հազար ու մեկ գիշեր»,- պարզաբանեց Ահարոնյանը:
Ըստ նրա, հիմա հաճախ են վերցնում 25-30 տարվա երգերն ու մատուցում իբրեւ իրենցը՝
մոռանալով, որ դեռ ապրում է նախկին հիթերը հիշող սերունդը: Ի դեպ, հիմա նման երգերն
արժեն $500-800: «Իսկ ձեր երգերն ինչքան արժեն» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Դուք
մոռանում եք, որ ես անցյալ դարի մարդ եմ. իմ երգերը նվիրում եմ: Ուրիշը իմ փոխարեն,
եթե 5-6 CD ունենար, շատ հարուստ կլիներ, դեռ շատերին էլ կօգներ»: Իսկ իր ապրուստի
միջոցը արտասահմանյան պատվերներն են, վերջերս 3 ստեղծագործություն են գնել Ավստրալիայից:
Մ. Ահարոնյանը խոսեց նաեւ մեզանում տարածված մեկ այլ երեւույթի մասին. երգերի կատարողների
անուններն անընդհատ բեմերից ու տեսահոլովակներից շեփորվում են, իսկ կոմպոզիտորներին
ու խոսքերի հեղինակներին չեն հիշում. «Հիմա նույնիսկ օպերատոր, դիմահարդար, մոնտաժող
ու վարորդ՝ գրվում է տեսահոլովակում, աշխարհում նման բան չկա: Իսկ հեղինակների մասին՝
ո՛չ մի խոսք»: Շուրջ 4 տարի է կոմպոզիտորը աշխատում է մեծակտավ՝ «Լուսո ճանապարհ»
ռոք-օրատորիայի վրա, որտեղ ընդգրկված են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը,
«Հովեր», «Տաթեւ» երգչախմբերը, Աննա Մայիլյանը, Խորեն Աբրահամյանը. «Հիմա մնում է
գտնվի մի կարգին կազմակերպություն, որ ամեն ինչ իր վրա վերցնի ու գործը ավարտին հասցնի»:
Հունիսի 3-ին «Բրաբիոն» ֆլորա-սերվիսի կազմակերպած ծաղկի տոնին էլ կհնչի Մարտին Ահարոնյանի
նոր ստեղծագործությունը, որը «Բրաբիոնի» հիմնն է լինելու: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել