Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարկային ստուգումներ

Մայիս 20,2005 00:00

Օրենքի՞, թե՞ տեսուչների անկատարություն

Տնտեսական դատարանում 2 օր առաջ հրավիրվել էր կլոր սեղան՝ հարկային մարմինների մասնակցությամբ գործերի առանձնահատկությունները թեմայով: Մասնակցում էին վճռաբեկ, տնտեսական դատարանների դատավորները, ԱՆ ԴԱՀԿ ծառայության, «Հայ աուդիտ» աուդիտորական ընկերության ներկայացուցիչները:

Քննարկման մասնակից տնտեսական դատարանում հարկային ծառայության աշխատակիցները դժգոհում էին հարկային օրենսդրության մեջ առկա հակասություններից, իսկ դատավորները գտնում էին, որ «երկիմաստությունները լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման նպատակով ստուգողների կողմից մշտապես մեկնաբանվում են ի վնաս հարկ վճարողների»: Նրանք նաեւ նշեցին, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ դատարանը հարկային վեճը քննելիս վճիռներում ճանաչել է օրենքների երկիմաստությունը ու հարկադրաբար տվել պատճառաբանված մեկնաբանություններ: Որպես օրինակներ բերվեցին Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության հայցը ընդդեմ «Արդես» ՍՊԸ-ի, Խորհրդայինի հարկայինի հայցն ընդդեմ «Բազալտ» ԲԲԸ-ի, Հրազդանի հարկայինի հայցն ընդդեմ «Էդիկ Կարապետյան» անհատական ձեռնարկության: Հարկայինը հանդես է եկել գումարի բռնագանձման մասին պահանջով, սակայն հայցադիմումին կցված չի եղել բռնագանձման ենթակա գումարի չափը, ինչպես նաեւ պետական տուրքի վճարված լինելու մասին փաստաթուղթը: Ըստ տնտեսական դատարանի վերլուծության, դատարաններում ավարտված գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարկայինի աշխատակիցները ստուգման ակտերում հաճախ չեն նկարագրում կատարված խախտումները, «դրանց հիմքում դնում են սոսկ ենթադրություններ»: Հարկայինը ավելի պարզունակ պատճառաբանություն էլ էր գտել, թե «ակտի ձեւաթուղթը սահմանափակ մակերեսով է»: Որպես օրինակ նշվեց «Սեվերնայա զվեզդա» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Էրեբունու հարկային տեսչության, երբ ստուգման ակտի կազմման ամսաթիվը չի համապատասխանել ստուգման անցկացման ժամանակի հետ: Իսկ ավելի հետաքրքիր էր Հրազդանի հարկային տեսչության հայցապահանջն ընդդեմ «Հոլանի» ԲԲԸ-ի՝ գումարի բռնագանձման գործով: Հայցապահանջ էր ներկայացվել գոյություն չունեցող կազմակերպությանը:

Իսկ, օրինակ, «Լավանդա-92» ՍՊԸ-ի նկատմամբ Սպանդարյանի հարկայինը հայցադիմում էր ներկայացրել գումարի բռնագանձման մասին, մինչդեռ դատարանում պարզվել էր, որ պատասխանողը կատարել էր հարկային պարտավորությունը: Տնտեսական դատարանի դատավորներից մեկը հիշեց նաեւ մի գործ, որով հարկային մարմինը սնանկության վերաբերյալ հայցի հիմքում դրել էր 4 տարվա վաղեմություն ունեցող ստուգման ակտ, մոռանալով, որ քրեական գործով ժամանակին այդ նույն հարկայինը հրաժարվել էր հայցից (Շահումյանի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռներեց Սերյոժա Եգորյանի):

«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի սնանկության գործերով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես պահանջ չէր ներկայացրել: Այսինքն՝ պետության շահը ներկայացնող մարմինը, տվյալ դեպքում՝ նախարարությունը, պարտապանի նկատմամբ եղած պահանջները գրանցելու նպատակով պահանջ չէր ներկայացրել դատարան կամ էլ ներկայացրել էր օրենքով սահմանված ժամկետից հետո՝ իբրեւ «ստորադաս պահանջատեր»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել