Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈՂՈՎ ՉԻ ՉԱՓՎՈՒՄ

Մայիս 20,2005 00:00

Հայ
օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի անսպասելի որոշման համաձայն,
Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի 10 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Կենտրոնը նախկինում՝ ոստիկանությանը պատկանող անչափահասների ընդունման կետն
է, որտեղ 2-3 օր պահում էին մուրացկան ու մանր խուլիգանություն արած երեխաներին,
որից հետո որոշում նրանց ճակատագիրը: Հինգ տարի առաջ շենքը տրվել է ՀՕՖ-ին, վերջինս
էլ վերանորոգել է այն, դարձրել երեխաների խնամքի, կրթական ու հոգեբանական կենտրոն:
Այստեղ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ երեխաներին նորմալ կյանքի պատրաստելու
եւ վերադարձնելու համար: Սակայն մայիսի 16-ին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
Գրիգոր Թաթուլյանը կենտրոնի աշխատակիցներին է ներկայացրել գործադիր տնօրենի անսպասելի
որոշումը, որից մինչ այդ անտեղյակ են եղել կենտրոնի աշխատողները: Շուրջ 30
աշխատակիցներից ստացած դիմում-բողոքի համաձայն, կենտրոնի գործունեությունից դուրս
են մնացել շատ կարեւոր օղակներ, մասնավորապես՝ հոգեբանական օղակը, ինչը կենտրոնին
շեղում է ծրագրային խնդիրներից եւ հարցականի տակ է դնում նրա հետագա գործունեությունը:
Գրեթե ողջ աշխատակազմով ստորագրած բողոքի հիմնական բովանդակությունն այն է, որ մեծանում
է դաստիարակչական գծով աշխատողների ծանրաբեռնվածությունը, ինչը հակասում է ՀՀ աշխատանքային
օրենսգրքին, ինչպես նաեւ ՀՕՖ-ի կանոնադրությանը, ըստ որի, երեխաների խնամքով զբաղվող
աշխատակցին թույլատրվում էր 24-ժամյա հերթափոխ, չգերազանցելով շաբաթը 48 ժամը: Իսկ
նոր որոշմամբ, նույն աշխատակիցը հնարավորություն չի ունենում ազատ օրերի եւ արձակուրդի:
Բացի այդ, միայն երեխաների խնամքով զբաղվելով, կենտրոնը կորցնում է իր հիմնական նշանակությունը:
Կենտրոնի աշխատակիցները նամակով խնդրել են ֆոնդի նախագահ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս
Պարսամյանին՝ «մինչ օրս կենտրոնով անցած 867 երեխաների աղոթքին արժանացած» այս ծրագիրը
անկատար չթողնել: ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թաթուլյանը
«Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ երկու օր առաջ են այդ նամակն ուղարկել Նյու
Յորք եւ դեռ պատասխան չկա: Պարզվում է, որոշումն անակնկալ էր նաեւ պարոն Թաթուլյանի
համար: Ավելին, վերջերս գործադիր տնօրեն Նանագուլյանը երկու շաբաթով եկել է Հայաստան,
ու, թեպետ հնարավորություն ուներ կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպելու, քննարկելու,
թե ինչպես կազմակերպվի կառույցի հետագա աշխատանքը, որ ծրագրերը չտուժեն, նա ընդամենը
որոշումը հայտնելու հանձնարարական է տվել Գ. Թաթուլյանին: Մեր հարցին, թե գուցե կենտրոնի
կատարած աշխատանքը չի՞ բավարարել ՀՕՖ-ի ղեկավար մարմիններին եւ այդ պատճառով են հաստիքները
կրճատվել, իսկ մնացածների աշխատավարձերն էլ՝ իջեցվել, Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը
պատասխանեց՝ «ոչ, միակ պատճառը ֆինանսն է»: Պարոն Թաթուլյանն ինքն էլ նախապես տեղյակ
չի եղել ՀՕՖ-ի ֆինանսական խնդիրներին եւ որոշմանը: Մեր զրույցից կարելի էր ենթադրել,
որ պարոն Թաթուլյանը նույնպես մտահոգված է կենտրոնի ճակատագրով, քանի որ «սա սովորական
գիշերօթիկ դպրոց չէ եւ մեր նպատակը չէր միայն երեխաներին լողացնել-կերակրելն ու խնամելը»:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել