Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան

Մայիս 20,2005 00:00

Այս
կարծիքին է խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը Այն շտապողականությունը,
որով այս օրերին Ազգային ժողովում երկրորդ ընթերցում է անցնում «Ընտրական օրենսգիրքը»՝
տարակուսանքի տեղիք է տալիս: Հատկապես, որ մինչեւ վերջին պահը պատգամավորներն անտեղյակ
են, թե ինչ փոփոխություններ են կատարվել եւ ինչի շուրջ պետք է խոսակցություն գնա:
Իսկ քննարկումից ընդամենը մեկ ժամ առաջ բաժանված փաստաթղթից գալիս են այն եզրակացության,
որ լրամշակումների մեծ մասն առաջին անգամ է ներկայացվում պատգամավորների դատին: «Առավոտի»
խնդրանքով մեկնաբանելով խորհրդարանի այս իրավիճակը եւ, ընդհանրապես, աշխատաոճը՝ ԱԺ
նախկին փոխխոսնակ, «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանն այսպես արձագանքեց. «Դա
իսկական խայտառակություն է, որի հեղինակը կոալիցիան է: Իբրեւ մեծամասնություն, կոալիցիան
է պատասխանատու խորհրդարանում կատարվողի համար»: Պարոն Սահակյանն այսօր ակտուալ
չի համարում, սակայն զուտ բարոյական հարթությունում դիտարկելով՝ կարծում է, որ «Այսօրվա
պատգամավորներից շատերը գիտակցում են, որ իրենք զբաղեցնում են ուրիշի տեղը: Եվ քանի
որ դա այդպես է, ուրեմն իրենք կազմում են այս վարչախմբի օրգանական մասը եւ պատասխանատվություն
են կրում ներկա վիճակի համար»: Սակայն «Մեղքի իր բաժինն ունի նաեւ ընդդիմությունը,
որը բռնել է ոչ շրջահայաց դիրքորոշում: Քանի որ ակնհայտ է, որ վստահության հանրաքվեի
պահանջով ԱԺ-ի աշխատանքների բոյկոտն այլեւս արդյունավետ չէ: Այն կորցրել է իր քաղաքական
բովանդակությունը, չի ընկալվում ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաեւ հասարակության
կողմից: Ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան»: Ըստ Ա. Սահակյանի, առանց այն
էլ խորհրդարանի այս կազմը, «որի ճնշող մեծամասնությունը ջոկջկվել է նախագահական պալատում,
իսկ ընտրություններն էլ ընթացել են օրենսդրության կոպիտ խախտումներով», չի վայելում
որեւէ վստահություն: «ԱԺ ապաքաղաքական ճահիճը ընդհանրական արժեքները նենգափոխել է
խմբակային, ընտանեկան, անձնական շահերով: Ներկա ԱԺ-ն, իբրեւ քաղաքական մարմին, կմեռնի
եթե այնտեղ չվերադառնա ընդդիմությունը»,- կարծում է մեր զրուցակիցը: Եթե ընդդիմությունը
այսօր խորհրդարան վերադառնալու որոշում կայացնի, դա կլինի «խիզախ եւ իմաստուն քայլ»:
«Ընդդիմությունը պարտավոր է առավելագույնս օգտագործել ԱԺ-ի հնարավորությունները՝
գործադիր իշխանության սանձարձակությունների դեմն առնելու եւ ժողովրդի կողմից իրենց
տրված մանդատով ժողովրդի խնդիրները լուծելու համար»,- գտնում է Արա Սահակյանը: «Առավոտի»
դիտարկմանը, որ նույն բանն էլ իշխանություններն են ասում, պարոն Սահակյանն արձագանքեց.
«Մեր հարցադրումները միմիայն արտաքուստ են նույնական: Իսկ դրդապատճառներն իրար հակադիր
են: Մարդիկ ցանկանում են, որպեսզի ընդդիմությունը չվերածվի նոմենկլատուրայի, իսկ
այդպիսի վտանգը նկատելի է: Ճիշտ է, Հայաստանում կա ոչ լեգիտիմ իշխանություն, որի
որոշումները նույնպես ընկալվում են իբրեւ ոչ իրավազոր, սակայն միայն 2003թ. ընտրությունների
արդյունքների վերանայման՝ թեկուզեւ արդարացի պահանջով ընդդիմությունն իրավունք չունի
ինքնամեկուսացվել ռեալ քաղաքական գործընթացներից: Չպետք է կեղծ ընկալված պատվախնդրությանը
տրվել ու դառնալ մի անգամ ասված խոսքի գերի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել