Երեկ
ԱԺ-ն 84 «կողմ» եւ 2 «դեմ» ձայներով ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի»
փոփոխությունների մի մասը: Բայց գերակշիռ մասը դեռ մնում է առաջին ընթերցման ռեժիմում:
Երբ նախօրեին «Ընտրական օրենսգրքի» հապճեպ քննարկման ժամանակ Արշակ Սադոյանը
հայտարարեց, թե «մեր հանրապետության այս զզվելի՛, կեղտո՛տ սպիտակեղենը ես ներկայացնելու
եմ բոլոր դեսպանատներին, ԵԱՀԿ-ին եւ Վենետիկի հանձնաժողովին, թե ինչ խայտառակություն
է եղել «երկրորդ ընթերցում» անվան տակ»՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
հակադարձեց. «Թվարկվում է, թե կբողոքենք էստեղ, էնտեղ… մեզանից մեկը գոնե պիտի
ասի, որ էնտեղի՛ էլ, էստեղի՛ էլ սկզբունքային առաջարկությունները ներառվել են օրենսգրքում»:
Հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության վերջում վերապահում
անելով, թե օրենսգիրքը մնում է օրենսգիրք՝ մնում է կյանքում կիրառել այն, այսուհանդերձ՝
դրական եզրակացություն է տվել «Ընտրական օրենսգրքի» այս փոփոխություններին: Իրոք,
առաջադիմական շատ դրույթներ կան այս օրինագծում: Թվարկենք դրանցից մի քանիսը: Ոստիկանության
անձնագրային եւ հրավերների վարչությունը, որ իրականացնում է քաղաքացիների՝ ըստ բնակության
վայրի հաշվառումը, պիտի կազմի եւ վարի ընտրողների ցուցակ: Այս վարչությունը պատասխանատվություն
է կրում այդ ցուցակի՝ ՀՀ ընտրողների ազգային գրանցամատյանի օրինականության համար:
Ցուցակը պիտի տեղադրվի ինտերնետում: Բացի այդ՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի
ստանալու համայնքի ընտրողների ցուցակները՝ վճարի դիմաց: Ըստ մի փոփոխության՝
թեկնածուների կամ դաշինքների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ
հրապարակողները պարտավոր են նշել «պատվիրատուին եւ այդ հարցման արդյունքները հրապարակելու
ֆինանսավորման աղբյուրը»: Նախընտրական քարոզչության ժամանակ արգելվում է պետական
այն այրերի գործունեության լուսաբանումը, որոնք առաջադրվել են թեկնածու՝ բացառությամբ
«պաշտոնական այցերի եւ ընդունելությունների, ինչպես նաեւ՝ տարերային աղետների ընթացքում
վերջիններիս իրականացրած, ձեռնարկվող միջոցառումների»: «Ընտրական օրենսգրքով»
նշանակալիորեն ավելացվել են վստահված անձանց իրավունքները: Նրանք կարող են խորհրդակցական
ձայնով մասնակցել հանձնաժողովի նիստին, ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, ստանալ
դրանց պատճենները, հետեւել քվեաթերթիկներին առնչվող ամբողջ գործընթացին: Եվ չի թույլատրվում
«վստահված անձի իրավունքների որեւէ սահմանափակում»: Ոչ ոք իրավունք չունի դուրս հանել
նրանց քվեարկության սենյակից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վստահված անձին կձերբակալեն:
Ընտրական հանձնաժողովների անդամները պետք է անցնեն ընտրությունների անցկացման
մասնագիտական դասընթացներ եւ ստանան որակավորման վկայականներ: Այստեղ բացառություն
է արված ԿԸՀ-ում Վճռաբեկ դատարանի եւ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ներկայացուցիչների
համար: Ի դեպ, մեջբերենք, որ նախօրեին ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը
ողջունեց «Ժողպատգամավոր» խմբին հանձնաժողովներում տեղեր հատկացնելը՝ հայտարարելով,
թե սա կօժանդակի լավ ընտրությունների կազմակերպմանը. «Կյանքը ցույց կտա, որ մենք
ճիշտ էինք»: Մեկ այլ ուշագրավ փոփոխություն է, որ քվեաթերթիկները պիտի համարակալված
լինեն: «Ընտրական օրենսգրքով» նախատեսվում էր ընտրողների մատին քսել հատուկ հեղուկ:
Սակայն երեկ օրինագծի հիմնական զեկուցողը՝ Մհեր Շահգելդյանը նշեց, որ նախորդ օրվա
երկարատեւ քննարկումների արդյունքում նախագծից դուրս է բերվել ընտրողների մատների
թանաքոտման «բավական վիճահարույց խնդիրը»: Նաեւ հայտնեց, թե օրենքն ուժի մեջ կմտնի
հունիսի 1-ից, այլ ոչ թե հուլիսի 1-ից, ինչպես նախատեսված էր նախկինում: Մհեր
Շահգելդյանը առավել մանրամասնեց Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ եզրակացությունը:
Փորձագետները մասնավորապես նշել են, որ ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր
կարգը մեծացնում է քաղաքական պլյուրալիզմը, ընտրատարածքների ձեւավորման գործում ապահովվում
է ավելի մեծ թափանցիկություն: Մինչդեռ նախօրեին ընտրատարածքների ձեւավորման կարգի
առնչությամբ Մանուկ Գասպարյանը հայտարարել էր, թե այն հնարավորություն է ընձեռում
ուզածի պես ձեւել դրանց սահմանները: Եվ մասնավորապես նշել էր Արարատի մարզի օրինակը,
թե դրա մի ընտրատարածքում 31-32 հազար ընտրող է ներգրավված, մինչդեռ Երեւանում չկա
38 հազար ընտրողից պակաս ընտրատարածք: Մանուկ Գասպարյանը պնդել էր, թե այս «լյուֆթը»
տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին հնարավորություն է ընձեռում 2-ով
ավելի պատգամավոր ունենալ ԱԺ-ում: «Ընտրական օրենսգրքին» մեկ այլ բացասական
գնահատական էլ պատկանում է «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին, որն
այս ամենն անվանել է «հերթական քայլ բնակչությանը եւ միջազգային հանրությանը հիմարացնելու
նպատակով»: Իր այս գնահատականը պրն Գեղամյանը հիմնավորել է այն փաստարկով, թե այսօր
Հայաստանում ոչ թե օրենքներն են վատը, այլ՝ դրանց կատարողները: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ