Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆԸ

Մայիս 19,2005 00:00

ԵՐԱԺՇՏԱԿԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵ՛Ք ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆԻՆ Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր Ալ. Սպենդիարյանի անվան 75-ամյա երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը: Հանդիպման առիթը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայանալիք՝ Ալ. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական առաջին մրցույթ-փառատոնն է: Այն նախատեսված է անցկացնել 2 տարին մեկ: Մրցութային տեղեր չեն լինելու, բայց երեխաները կխրախուսվեն փոքրիկ նվերներով: «Տոն է լինելու, փառատոն, որին ուզում ենք շատ երեխաներ ընդգրկվեն: 452 մասնակից ունենք, անգամ Լաչինից 4 երեխա, նման բան դեռ չի եղել»,- ասաց պրն Սահակյանը: Ըստ տնօրենի, ճիշտ չէ բազմամարդ ժյուրիի առկայությունը. «Առաջին դասարանցի երեխան նայում է իր դիմաց նստած 10-15 խիստ ձյաձյաներին, բնականաբար շփոթվում է»: Ս. Սահակյանի համոզմամբ, նման մասսայական մրցույթ-փառատոներ անցկացնելով, որին կարող են մասնակցել նաեւ միջին ընդունակությունների տեր երեխաներ, կարելի է վերականգնել երբեմնի հետաքրքրությունը երաժշտական դպրոցների նկատմամբ. «Պարտադիր չի, որ բոլորը երաժիշտ դառնան, այսքան երաժշտական դպրոց է բացվել մեր հանրապետությունում, որպեսզի մենք գրագետ ունկնդիր ունենանք: Որպեսզի երեխաները հասկանան, որ եռամաս սիմֆոնիա լսելիս ամեն մասից հետո ծափահարել չի կարելի»: Տնօրենը դժգոհեց «Կրթության մասին օրենքով սահմանված երաժշտական դպրոցների խայտառակ կարգավիճակից», վերջիններիս ու հանրակրթական դպրոցների ուսուցիչների իրավունքների, աշխատավարձերի անհամապատասխանությունից, պետական աջակցության բացակայությունից: «Երաժշտական դպրոցները մասնատված են նաեւ ըստ ենթակայության: Օրինակ, Աբովյանում նրանց բոլոր հոգսերն իր վրա է վերցրել քաղաքապետարանը: Երբ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է, երաժշտական դպրոցներում էլ է բարձրացնում: Փոխարենը հարեւան շրջանում կամ հենց Երեւանում չեն կարողանում ամիսներով աշխատավարձ վճարել»,- նեղսրտեց նա: Անդրադարձ եղավ նաեւ մարզային երաժշտական դպրոցների կարեւորությանը: «Եթե Ալավերդիում երաժշտական դպրոց չլիներ, այսօր հաստատ Նավասարդյան Սվետլանա չէինք ունենա»,- ասաց պրն Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել