Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ

Մայիս 19,2005 00:00

ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱԲԱԶԱՆԵՐ Մոտ մեկ ամիս առաջ էր, որ ՀՀ սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի ղեկավարները լրատվամիջոցների ուղեկցությամբ շրջայց կատարեցին մայրաքաղաքի հիմնական նորոգման ենթարկվող հինգ մարզական կենտրոններ: Այն ժամանակ թե Իշխան Զաքարյանը, թե Գագիկ Ծառուկյանը ամենայն մանրամասնությամբ ծանոթացան կատարվող աշխատանքներին, շինարարների ու մարզադպրոցների տնօրենների առջեւ խնդիր դրեցին՝ կարեւորել որակը, որպեսզի ապագա մարզիկները, ազգաբնակչությունը առնվազն 15-20 տարի դրանցում լիարժեք մարզվելու, առողջությունը կոփելու հնարավորություն ունենան: Ու խոստացան հաճախակի այցելել շինհրապարակներ եւ աշխատանքների ընթացքը մշտապես պահել իրենց ուշադրության կենտրոնում: Երեկ նրանք երկրորդ անգամ եղան մարզաբազաներում: Առաջին շրջայցին ժամանակը չբավարարելու պատճառով հնարավորություն չէր եղել լինելու «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության համալիր եւ Սպորտպետկոմի ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցներում: Դրա համար էլ այս անգամ շրջայցն սկսվեց հենց դրանցից: Ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցում աշխատանքները վստահված են Վանաձորի «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ին: Նրանք մարզադպրոց մտել են անցած ամիս ու աշխատանքները պետք է ավարտեն մինչեւ օգոստոսի վերջ՝ այդ ընթացքում կատարելով 37 մլն դրամի հիմնական նորոգման աշխատանք: Վանաձորցի շինարարներին մարզադպրոցի տնօրինությունը գիշերելու համար սենյակներ է տրամադրել, իսկ նրանց սննդի հարցերը հոգում է ՍՊԸ-ն: Տեղում իմացանք, որ նախահաշվարկներում սանհանգույցների եւ հանդերձարանների նորոգումը հաշվի չի առնվել: Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի ղեկավարները խոստացան առաջիկա մի քանի օրում վերացնել այդ բացթողումը: «Աշխատանքային ռեզերվներում» նույնպես մեծ ծավալի գործ է կատարվում: Այստեղ նորոգվում են ըմբշամարտի, բռնցքամարտի դահլիճները, հանդերձարանները, սանհանգույցները, կառուցվում է սպորտային պարերի դահլիճ: Ընդհանուր առմամբ՝ այդ ամենի համար կառավարությունը հատկացրել է 94 մլն դրամ: Այնուհետեւ խումբը եղավ «Հայաստան» ՄՄ- ում, «Աշխատանքի» ըմբշամարտի դահլիճում, ՕՀՀՈՒ-ում: Ընդհանուր տպավորությունը գոհացուցիչ էր: Աշխատանքներն ընթանում են լրիվ թափով, համաձայն սահմանված գրաֆիկի: Եվ հույս կա, որ շինարարները ժամանակին ու որակով կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները: Ճիշտ է, նկատվեցին նաեւ թերություններ: Մասնավորապես, «Աշխատանքի» ըմբշամարտի դահլիճի շինարարներին նախորդ այցելության ժամանակ հանձնարարվել էր փոխել մրցահարթակի բարձրությունը, նախատեսել՝ տրիբունաների շարքերի ավելացում: Սակայն առաջադրանքները առայսօր չէին կատարվել: Իշխան Զաքարյանը եւ Գագիկ Ծառուկյանը հենց տեղում համապատասխան լրացուցիչ հանձնարարություններով կարգավորեցին հարցը: Շրջայցի ընթացքում տեսնելով եւ համոզվելով, որ արդեն այս աշնանը Երեւանում կլինեն միջազգային չափանիշներին համապատասխանող եւս մի քանի բարձրակարգ մարզահամալիրներ՝ Ի. Զաքարյանն ու Գ. Ծառուկյանը տեղում միտք հղացան այդ ժամանակ Հայաստան հրավիրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել