Չգայթակղվենք «փրկիչներով» Մալաթիա-Սեբաստիա համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքները հունիսի 5-ին կայանալիք ընտրություններում իրենց ձայնը տալու են թաղապետի թեկնածու Աղվան Գրիգորյանին: Տասը տարի է վերոհիշյալ ընտանիքների՝ հիմնականում սոցիալական, առողջապահական եւ կրթական խնդիրներով առնչվել եմ թե8217 նախկին թաղապետ, լուսահոգի Վահան Զատիկյանի, թե8217 ներկայիս՝ թաղապետ Աղվան Գրիգորյանի հետ, եւ երբեք չեմ մերժվել: Նշեմ, որ հարյուրից ավելի անապահով ընտանիքներ այսօր էլ կցված են համայնքում գործող տարբեր օբյեկտների եւ յուրաքանչյուր ամիս ստանում են հինգ հազարական դրամ: Մենք գիտակցում ենք, որ շատ հարցեր թաղապետի իրավասություններից դուրս են, սակայն թե ինչքա՜ն վիրահատությունների, դեղորայքային օգնությունների եւ ուսման վարձավճարների հետ կապված խնդիրներ է լուծել պարոն Գրիգորյանը՝ անհաշվելի են: Հարգելով մեր թաղապետի սկզբունքները՝ այն է. «Բարեգործությունը հոգու պարտք է եւ դրա մասին չի կարելի բարձրաձայնել», չեմ թվարկում, միայն ասեմ, որ Աղվան Գրիգորյանը բարեգործ է իր բնույթով, մասնավորապես՝ պատերազմի վետերանների, հաշմանդամ ու անկարող երեխաների, «Հաղթանակի ծերանոցի» տարեցների համար: Իսկ մեր տղաների հիշատակի օրերի բոլոր միջոցառումների, Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ամենամյա ուխտագնացության, Երեխաների միջազգային օրվա եւ ամառային ճամբարներում նրանց հանգստի կազմակերպման, Եռաբլուրում բոլոր արարողությունների նյութական, ֆինանսական, բարոյական աջակցությունն ու օգնությունը մեր թաղապետինն է: Չտեսնել համայնքում տարվող լայնածավալ բարեկարգման աշխատանքները, նշանակում է առնվազն կույր լինել: Սակայն այսօր ինձ այլ բան է հուզում՝ երեսպաշտությունը: Մեկ ամիս առաջ Մալաթիա-Սեբաստիան դասվում էր լավագույն համայնքների շարքը, իսկ հիմա, երբ համայնքում հունիսի 5-ին սպասվում է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն, հայտնվել են նոր «փրկիչներ», որոնք, դռնեդուռ ընկած, մարդկանց հավատացնում են, թե ինչքա՜ն ծանր է համայնքի սոցիալական վիճակը: Ասացեք, խնդրեմ, Երեւանի մյուս համայնքներում սոցիալական վիճակը լավ է, Մալաթիա-Սեբաստիայում վա՞տ, կամ՝ կա՞ ավելի մշակութային համայնք, քան մերն է: Մշակութային միջոցառումները մեզ մոտ այնքա՜ն շատ են, որ դրսի բեմի անհրաժեշտություն առաջացավ, որտեղ անց են կացվում համայնքի մեծամասշտաբ միջոցառումները: Ես կոչ եմ անում մեր համայնքի ընտրողներին՝ չգայթակղվել ցուցադրական հոգածությամբ: Գնահատենք մեր ունեցածը եւ ընտրենք գործը: Իսկ գործը՝ գործող թաղապետ Աղվան Գրիգորյանինն է: Լինելով հիշյալ կազմակերպությունների նախագահ, լիազորված եմ հայտարարել, որ մենք հունիսի 5-ին միաձայն ընտրելու ենք Աղվան Գրիգորյանին: ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ R