Լրահոս
Օրվա լրահոսը

Ծերերի

Մայիս 19,2005 00:00

Ծերերի համար փող չունենք Իսկ միայնակ ծերեր՝ ինչքան ասես Հայաստանում այսօր կան 28 հազարից ավելի ծերեր՝ 65-ն անց մարդիկ, որոնցից 11 հազարը անժառանգ է ու միայնակ: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում նրանց համար հատուկ կենտրոններ են ստեղծվել, որտեղ ծերաբանները շուրջօրյա խնամք են տանում նրանց համար՝ ապահովելով կյանքի խաղաղ մայրամուտը: Մեզ մոտ միայն տուն-ինտերնատներ ու ծերանոցներ կան, որոնց պայմանների մասին չենք խոսում: Իսկ թե որտեղ պետք է ապրեն միայնակ տարեցները կամ ով պետք է խնամի նրանց, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դեռ որեւէ բան չի մտածում: Այս մասին երեկ տեղի ունեցած ծերաբուժության եւ նրանց խնամքի մասին միջազգային սեմինարին հաստատեց նաեւ տարեցների եւ հաշմանդամների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը. «Առաջիկայում դեռ նախարարությունը հատուկ միայնակ տարեցների համար կենտրոն ստեղծել չի կարող: Թեեւ նախկինում բացեցին, բայց իրեն չարդարացրեց»: Սեմինարի կազմակերպիչները սրտատրոփ սպասում էին նախարար Աղվան Վարդանյանին՝ նրան վերապահելով ողջույնի խոսք ասելու պատվավոր առաքելությունը, անգամ հայտարարվեց, որ կառավարությունը, հանձինս նախարարի, խիստ հետաքրքրված է տարեցների հիմնահարցերով: Բայց ոչ նախարարը, ոչ էլ անգամ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը չեկան՝ դրանով ապացուցելով իրենց անչափ հետաքրքրվածության չափը: Սեմինարի հիմնական նպատակն էր հայ ծերունաբաններին, եթե առհասարակ կան այդպիսիք, սովորեցնել միջազգային, մասնավորապես՝ ֆրանսիական փորձը: Բայց պարզվեց, որ մենք ֆրանսիացիների մասնագիտական խորհրդի կարիքն այնքան էլ չունենք, քանի որ բոլոր հիմնահարցերը, որոնք բարձրացվում էին հյուրերի կողմից, արժանանում էին տիկին Բաղդասարյանի միջամտությանը: Փոխզարգացման եւ համերաշխության ասոցիացիայի նախագահ Պիեր Երեմյանի այն մտահոգությանը, թե մեզ մոտ անկողնային տարեցների համար 100 տեղ էլ չեն հատկացրել, մինչդեռ մեզ անհրաժեշտ է մոտ 10 անգամ ավելի շատ տեղ, տիկին Բաղդասարյանը ճշտեց. «Դա միջազգային փորձն է ասում, իրականում մեր տարեցները, ազգային առանձնահատկություններից ելնելով, չեն ցանկանում առանձին կենտրոնում ապրել, այնպես որ մեզ ավելի մոտ է տնային սոցիալական սպասարկումը, ինչն իրականացվում է տարբեր ՀԿ-ների կողմից»: Բացի այդ, տիկին Բաղդասարյանի հավաստմամբ, տանը տարեցներին սպասարկելը նախարարության վրա մի քանի անգամ ավելի էժան է նստում, քան՝ տուն-ինտերնատում, որտեղ 1 մարդու համար ծախսվում է ամսական 40 հազարից ավելի գումար: Ֆրանսիացի մասնագետներն իրենց ելույթներում ավելի շատ խոսում էին կենտրոնների շքեղությունից, քան այնտեղ բնակվողների խնամքից՝ մանրամասնելով, թե, օրինակ, «Էգլանտիեռ» ծերանոցը քանի սենյակ, քանի լվացքատուն եւ վերելակ ունի, ինչին տիկին Բաղդասարյանը դարձյալ պատասխանեց. «Մենք էդ բոլոր ծառայություններն իրականացնում ենք, բայց տարբերությունն այն է, որ միջոցներ չունենք, միայն պետության հաշվին չենք կարող այդքան բան թույլ տալ»: Հյուրերի խորհուրդներն առանձին տպագրվել են մի ձեռնարկում, որը հանձնվելու է բոլոր հայ մասնագետներին, բայց այնտեղ հիմնականում այնպիսի պրիմիտիվ բացատրություններ ու հոգեբանական տեստեր են զետեղված, որ թեեւ Ջ. Բաղդասարյանը չնկատեց, այնուամենայնիվ, դրանք դժվար թե մեր ծերաբաններին օգնեն կամ առավել եւս՝ նրանց կողմից կիրառվեն: Օրինակ, վարժություններից մեկում, անկողնում շրջվելու նրբությունները բացատրելիս, ձեռնարկի հեղինակները ծերերին համեմատում են կրիայի հետ ու նշում, թե ինչպես կարելի է ծալել ստորին վերջույթը, հենվել կրունկների վրա, թեքել ոտքի մատները եւ այլն: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031