Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻՆ

Մայիս 19,2005 00:00

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԱԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԻՐԱՎՈՒՆՔ» «Ժողովուրդն է տերը երկրի» քաղաքացիական միավորման (ԺՏԵՄ) նախաձեռնողների համոզմամբ, Հայաստանում ժողովրդավարական համակարգի կայացման գործոնը ժողովուրդն է: Քանի որ երկրի տերը լինելով՝ ժողովուրդը որեւէ լծակ չունի տիրոջ իրավունքներն իրականացնելու, խմբի անդամները եկել են այն համոզման, որ «Եթե մենք նվաճենք հանրաքվե նախաձեռնելու սահմանադրական իրավունք, որի միջոցով ժողովուրդը կարող է կայացնել որոշումներ, թելադրել իր կամքը, պաշտպանել սեփական շահերը եւ վաղաժամկետ դադարեցնել իշխանության այն մարմնի լիազորությունները, որին այլեւս չի վստահում, մնացյալ խնդիրները կարելի է արագ լուծել»,- գրված է հայտարարության տեքստում: Վկայակոչելով գործող Սահմանադրությունը՝ «Առավոտի» հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Բուտաեւը փաստում է, որ ի սկզբանե ժողովրդին որոշումներ կայացնելու լիազորություններ տրված չեն: Ուստի անգամ ազնիվ- արդար ընտրությունների պարագայում չի կարելի հուսալ, որ ամեն ինչ իր հունով կգնա: «Օրինակ, 1991թ. Լեւոն Տեր-Պետրոսյանն արդար ընտրվեց: Դրանից հետո ինչո՞ւ փչացավ: Ուրեմն արդար ընտրությունները դեռ բավարար չեն: Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իշխանություններին ճիշտ ճանապարհի բերելու, ծայրագույն դեպքում՝ նրանց լիազորությունները դադարեցնելու»,- ասում է Ալ. Բուտաեւը: «Նախ ժողովուրդը պետք է հասկանա այդ իրավունքն ինչպես օգտագործել, պրակտիկայում ինչպես այն կիրառել: Բայց միայն այդ մեխանիզմի առկայությունն արդեն զգոն կպահի իշխանություններին»,- կարծում է մեր զրուցակիցը: Իշխանության քաղաքական կամքի բացակայության պարագայում արդյո՞ք այդ ճանապարհն էլ փակուղի չի մտնի: «Իշխանության քաղաքական կամքից շատ ավելի կարեւոր է ժողովրդի քաղաքական կամքը: Այ, հիմա շատ են խոսում իշխանափոխությունից, բայց բացի դրանից, ես չեմ լսում գաղափարներ, որոնց շուրջ ժողովուրդը կարող է միավորվել: Մենք առաջարկում ենք համախմբվել՝ այս ճանապարհը տեսնելով: Այս պայքարը պետք է բերի նրան, որ հասարակությունն ինքը հասունանա եւ մինչեւ իշխանափոխությունն արդեն մարդկանց մեջ փոխվեն համակարգի պատկերացումները: Այդ դեպքում իշխանափոխությունը չի լինի ինքնանպատակ եւ կլինի այս ամենի հետեւանքը»,- համոզված է Ալ. Բուտաեւը: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել