«ԴՈՒ ԿԱՆՉԻՐ, ԵՎ ՄԵՆՔ ԿԳԱՆՔ» Ասում էին սեւանցիները Երեկ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Էդմոն Ծատուրյանը այցելեցին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաք եւ Լճաշեն գյուղ: Սպասվում էր, որ տեղի ոստիկանությունը կփորձի խանգարել հանդիպումները այնպես, ինչպես դա եղավ Իջեւանում եւ Գողթն գյուղում, մանավանդ՝ նախորդ օրն արդեն տեղական հեռուստաընկերությանն արգելել էին հեռարձակել հանդիպման մասին վճարովի հայտարարությունը: Սակայն սա այն դեպքերից է, երբ սպասումները չարդարացան, քանի որ ոստիկանները Սեւանում չափից ավելի «լավն» էին եւ որեւէ միջամտություն չեղավ: Նույնիսկ կասկածեցինք, որ այս անգամ էլ իշխանություններից հակառակ հրահանգն է տրվել՝ «խելոք» մնալ: Առաջին հանդիպումը Լճաշեն գյուղում էր: Այստեղ հանդիպման էին եկել ոչ միայն շարքային գյուղացիները, այլեւ գյուղապետարանի բոլոր աշխատակիցները՝ գյուղապետ Կորյուն Մարգարյանի գլխավորությամբ: Վերջինս զարմանալի համարձակ մարդ էր եւ իր դժգոհությունները չէր թաքցնում. ասաց, որ գյուղացիների պարարտանյութի հարցը ամիսներ շարունակ չի լուծվում, որ մարզպետարանում շարունակ խաբում են ու մարդկանց իրենց հասանելիքը չեն տալիս: Ի դեպ, մարզպետից, որը ՕԵԿ անդամ է, այստեղ շատ դժգոհ էին, եւ գյուղացիների կարծիքով. «Եթե երկրում մի չորս հատ այսպիսի մարզպետ լինի, ավելի լավ է քարը կապենք մեր վզին ու խեղդվենք ծովում (նկատի ունեն Սեւանը.- Մ.Ե.)»: Լճաշենն այն գյուղերից է, որը նախագահական ընտրություններում ընտրել է Ստեփան Դեմիրճյանին, սակայն իրենց հենց այս ընտրության պատճառով էլ մինչեւ այսօր գյուղացիները տուժում են, քանի որ պարարտանյութը, գյուղացիների վկայությամբ, գյուղնախարարությունը չի տալիս քաղաքական նկատառումներով, գյուղ մտնող ճանապարհն արդեն երեք տարի շարունակ ներկայացվում է որպես շտապ վերանորոգման ենթակա, եւ երեք տարի շարունակ էլ իշխանության համապատասխան օղակներն ասում են, որ գյուղի ճանապարհն այս անգամ էլ չի նորոգվելու. «Մեր գյուղին ճնշում են, որովհետեւ 98 տոկոսով ընտրել ենք Դեմիրճյանին, ճանապարհն էլ էդ պատճառով չեն սարքում»,- ասում էին լճաշենցիք: Գյուղի մեծ մասը մեկնել է արտագնա աշխատանքի. «Էս երկու-իրեք հատ մեռուկ բիձեն ա մնացե»,- նեղսրտում էին գյուղացիները եւ հրահանգում. «Ե՞րբ սրանց կգցեք, չմեռնենք, էդ օրն էլ տեսնենք»: Պատգամավորները վստահեցրին, որ այդ օրը հեռու չէ, որ ամեն ինչ լինելու է արագ եւ ժողովրդի օգնությամբ: Սեւանում ՀԺԿ նախագահը հայտարարեց. «Ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը կոտրված չէ, եւ չի էլ կարող կոտրվել: Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր խանգարում են, խոչընդոտում են, բռնանում են, ի վերջո, պատասխան են տալու: Ոստիկանությունը շատ անելիքներ ունի այս երկրում, շատ հանցագործներ են այսօր դրսում։ Անթույլատրելի է, որ ոստիկանությանն օգտագործում են քաղաքական նպատակներով: Հիմա այս գործին լծվել է անվտանգության ծառայությունը: Այս փութաջանությամբ եթե աշխատեին, «Հոկտեմբերի 27»-ը չէր լինի: Պետք է պատասխան տա այսօրվա անվտանգության ծառայության ղեկավարը, որը նաեւ պատասխանատու է «Հոկտեմբերի 27»-ի համար: Եվ ես նրանց բոլորին զգուշացնում եմ՝ ձեր չափն իմացեք»: Ասվեց նաեւ, որ սցենարը պարզ է՝ իշխանություններն ուզում են մարդկանց ահաբեկել եւ իրենց կամակատարների միջոցով տարածել, որ իբր ընդդիմությունից հասարակությունը հիասթափված է, բայց մարդիկ չեն կոտրվում, եւ ընդդիմությունը շարունակելու է պայքարը: Սեւան քաղաքում Ստեփան Դեմիրճյանի եւ նրա «արբանյակների» հետ հանդիպմանը եկել էին բազմաթիվ սեւանցիներ, Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր: Այս հանդիպմանն արդեն կոնկրետ հնչում էր, թե երբ եւ ինչպես են ընդդիմադիր այս դաշինքի ներկայացուցիչները պատրաստվում հեռացնել իշխանություններին: Վիկտոր Դալլաքյանի բնորոշմամբ. «Հեռացվելու են հնարավորինս արագ եւ ժողովրդով»: Սեւանցիների ելույթները կարծես ինքնաարթնացման միտում ունեին, ելույթ ունեցողները չէին թաքցնում. «Մենք քնած ենք, ժողովուրդ, մենք մեր իրավունքները չենք պաշտպանում, բա ո՞նց կլինի»: Սեւանցի Արայիկ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք Դեմիրճյանին ընտրել են որպես «ազգընտրովի նախագահ, մեկ անգամ էլ կընտրենք, բայց ժողովուրդը ցանկություն ունի, որ այդ ընտրությունները հնարավորինս շուտ տեղի ունենան, որովհետեւ այսպես ապրել հնարավոր չէ: Համոզված եղեք, որ ժողովուրդը ձեր հետեւից կգա, միայն դուք կանչեք («Կկանչեմ»,- խոստացավ Դեմիրճյանը- Մ. Ե.), անձամբ ես ձեզ այլընտրանք չեմ տեսնում, կարող եմ բացատրել, թե ինչու, բայց դա թողնենք ընտրարշավի ժամանակ»: Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Ռոբերտ Քոչարյանին կանչելու ենք հարցաքննության, չկասկածեք, «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված եւ տնտեսական հանցագործությունների համար»: Դահլիճը ծափահարեց: Ասվեց, որ դաշինքը ունի երկու ցուցակ. «Մեկը լավ ցուցակ է, մյուսը՝ սեւ, սեւում իրենք կան»: Պարոն Դալլաքյանի բնորոշմամբ, «այսօր Հայաստանը նման է վառոդի տակառի, որը ցանկացած ժամանակ կարող է պայթել: Դա կարող է լինել ՏԻՄ ընտրություններում, արտահերթ ընտրություններում, կարող է լինել նաեւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Մենք շարունակելու ենք հանդիպումները բնակչության հետ, օգոստոս ամսվա կեսերից սկսած՝ ավելի մեծ թափով, սահմանադրական հանրաքվեն վեր ենք ածելու Քոչարյանի անվստահության հանրաքվեի»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՍեւան-Երեւան