ԵՐԱԺՇՏԱԿԱՆԸ
ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵ՛Ք ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆԻՆ Երեկ Մամուլի ազգային ակումբի
հյուրն էր Ալ. Սպենդիարյանի անվան 75-ամյա երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը:
Հանդիպման առիթը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր
կայանալիք՝ Ալ. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական առաջին
մրցույթ-փառատոնն է: Այն նախատեսված է անցկացնել 2 տարին մեկ: Մրցութային տեղեր չեն
լինելու, բայց երեխաները կխրախուսվեն փոքրիկ նվերներով: «Տոն է լինելու, փառատոն,
որին ուզում ենք շատ երեխաներ ընդգրկվեն: 452 մասնակից ունենք, անգամ Լաչինից 4 երեխա,
նման բան դեռ չի եղել»,- ասաց պրն Սահակյանը: Ըստ տնօրենի, ճիշտ չէ բազմամարդ ժյուրիի
առկայությունը. «Առաջին դասարանցի երեխան նայում է իր դիմաց նստած 10-15 խիստ ձյաձյաներին,
բնականաբար շփոթվում է»: Ս. Սահակյանի համոզմամբ, նման մասսայական մրցույթ-փառատոներ
անցկացնելով, որին կարող են մասնակցել նաեւ միջին ընդունակությունների տեր երեխաներ,
կարելի է վերականգնել երբեմնի հետաքրքրությունը երաժշտական դպրոցների նկատմամբ. «Պարտադիր
չի, որ բոլորը երաժիշտ դառնան, այսքան երաժշտական դպրոց է բացվել մեր հանրապետությունում,
որպեսզի մենք գրագետ ունկնդիր ունենանք: Որպեսզի երեխաները հասկանան, որ եռամաս սիմֆոնիա
լսելիս ամեն մասից հետո ծափահարել չի կարելի»: Տնօրենը դժգոհեց
«Կրթության մասին օրենքով սահմանված երաժշտական դպրոցների խայտառակ կարգավիճակից»,
վերջիններիս ու հանրակրթական դպրոցների ուսուցիչների իրավունքների, աշխատավարձերի
անհամապատասխանությունից, պետական աջակցության բացակայությունից: «Երաժշտական դպրոցները
մասնատված են նաեւ ըստ ենթակայության: Օրինակ, Աբովյանում նրանց բոլոր հոգսերն իր
վրա է վերցրել քաղաքապետարանը: Երբ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը
բարձրանում է, երաժշտական դպրոցներում էլ է բարձրացնում: Փոխարենը հարեւան շրջանում
կամ հենց Երեւանում չեն կարողանում ամիսներով աշխատավարձ վճարել»,- նեղսրտեց նա:
Անդրադարձ եղավ նաեւ մարզային երաժշտական դպրոցների կարեւորությանը: «Եթե Ալավերդիում
երաժշտական դպրոց չլիներ, այսօր հաստատ Նավասարդյան Սվետլանա չէինք ունենա»,- ասաց
պրն Սահակյանը: