Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՖԻԼՄԸ» ԵՐԵԿ ՈՒ ԱՅՍՕՐ

Մայիս 19,2005 00:00

Կինոդերասանուհի
Սոֆիկ Սարգսյանի մենախոսությունը Առաջին ֆիլմիս՝ Յուրի Երզնկյանի «Այս կանաչ-կարմիր
աշխարհի» 30 տարին է լրանում: Փաստ է՝ ոչինչ անել չես կարող: Բայց ինչպես Պաղտիկը
կասեր (նկատի ունի Պաղտասար աղբարին- Ս. Դ.)՝ «ոտքս կոտրեր՝ չերթայի»: Պարզ է, կատակում
եմ, որովհետեւ կինոյի կախարդական աշխարհը մտնելուց հետո այնտեղից դուրս գալ չես կարող,
մանավանդ որ տեսել ու ճանաչել ես այդ աշխարհի բնակիչներին՝ Փելեշյան, Փարաջանով,
Մալյան, Դովլաթյան, Յավուրյան, Իսրայելյան, շփվել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք
են Արմեն Ջիգարխանյանը, Վերջալույս Միրիջանյանը, Մհեր Մկրտչյանն ու Խորեն Աբրահամյանը,
Սոս Սարգսյանն ու Գալյա Նովենցը… Պարզից էլ պարզ է, որ կինոն միայն այս
մարդկանց ջանքերով չի ստեղծվում. խմբագրից, նկարչից, հնչյունային օպերատորից, ռեկվիզիտորից
մինչեւ լուսավորողն ու վարորդը, որոնք ֆիլմի ստեղծման գործում ամենակարեւոր մարդիկ
են եւ նրանցից շատ շատերի անուններն էլ պակաս հայտնի չեն: Բայց կան մարդիկ, որոնց
գոյությունն այդ միջավայրում պարզապես փչացնում է կախարդական աշխարհը: Վերջերս
նկարահանվեցի «Մոսֆիլմում», ռեժիսոր Մարի Սահակյանի «Փարոս» նկարում: Նկարահանումները
այստեղ՝ Հայաստանում էին, Ալավերդիում, եւ, ասեմ ձեզ, որ այն, ինչի ականատեսը չէի
եղել 30 տարիների ընթացքում «Հայֆիլմում», տեսա ընդամենը մեկ օրում: Թվարկեմ. սկսեմ
Ալավերդիի մոտ գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի համարից: Տաք ջուր, սնունդ, մեկ օրվա
վճարն ավելի էր, քան «Հայֆիլմում» գլխավոր դերի համար ստացածս: Հետո, եթե հետաքրքիր
է՝ կմանրամասնեմ ինչի մասին է խոսքը: Հա, մոռացա ասել, հանգստանում էի լայնածավալ
մահճակալին: Առաջին անգամ ինձ համար պարզեցի, որ Եկատերինա թագուհուն վայել այդ մահճակալը
սովորական մարդկանց համար է նախատեսված: Մի կողմից էլ չեմ ուզում համեմատել «Հայֆիլմը»
«Մոսֆիլմի» հետ, որովհետեւ հասկանում եմ՝ ի՜նչ զուգահեռ մեր աղքատ երկրի ու անծայրածիր
Ռուսաստանի միջեւ: Բայց դերասանի հետ վերաբերվելու կա՞րգն էլ պիտի ռուսը գա մեզ սովորեցնի:
Հաստ ծածկոցները ձեռքներին սպասում էին, որ հենց տեսարանն ավարտվի՝ անմիջապես փաթաթեն
քեզ դրանցով: Մի հոգի չէր, երկուսը չէր, երեքը չէր… Շոկի մեջ էի, աչքիս առաջ կինոժապավենի
պես անցավ 1977 թվականին «Նահապետ» ֆիլմի պրեմիերային Հենրիկ Մալյանի՝ բեմից հնչած
հետեւյալ խոսքը. «Հայֆիլմում» ֆիլմ նկարահանելը հերոսություն է»: Էն թվերին էլ, երբ
բենզինը 7 կոպեկ էր, բենզին չկար, սայլ չկար, սայլը քաշող եզը չկար, չկար ու չկար…
Չկաների երկիր էր: 1975-ին էլ, երբ Քյավառում նկարահանվում էր «Երկունք» ֆիլմը, 4
օր սոված մնալուց հետո, երազումս հացից պատրաստված մաշիկներ տեսա: Ո՞ր մեկն ասեմ:
30 տարի հետո՝ հիմա էլ, «Հայֆիլմը» չկաների կարգավիճակում է: Հա, վերջին տարիներին
մատի փաթաթան են դարձրել, թե պետությունը փող չի տալիս: Լսե՛ք, ընկերնե՛ր, հայտարարում
եմ՝ անցյալ տարի ավարտված Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա» կարճամետրաժ ֆիլմի համար
եռապատիկն էր հատկացրել պետությունը, բայց այդ չնչին, ողորմելի գումարը մինչեւ ստացա,
այնքան ինձ ստորացրին, այնքան լացացրին, որ «Հայֆիլմ» անունը հիշելիս դարձյալ միտքս
է գալիս Պաղտիկի խոսքը՝ «վրաս դող կուգա»: Բայց ամենակարեւորը՝ դեռ էն թվերից ֆիլմերին
հատկացվող գումարը լափում են ոչ թե ռեժիսորներն ու օպերատորները կամ գլխավոր դերակատարները,
այլ, ստիպված եմ ասել՝ ֆիլմի հետ կապ ունեցող հարյուրերորդական անձերը: «Հայֆիլմում»
ամեն անգամ, ավելի քան 20 գեղարվեստական ֆիլմում նկարահանվելուց հետո, ասում եմ՝
«Հայֆիլմի» անունը էլ չտաք հանկարծ: Հիմա կհարցնեք, թե էդ վերը նշված հարյուրերորդական
անձերը ի՞նչ են արել քեզ: Ոչինչ չեն արել, ընդամենը մեր հաշվին դղյակներ են շինել
իրենց համար: Շարունակե՞մ պատմել: Չէ, կներեք արտահայտությանս համար՝ մեղք եք, մի
իմացեք… Բայց մի բան հաստատ իմացեք՝ «Հայֆիլմը» այս վիճակում եղել է, մնում է ու
կմնա: Պատրաստեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել