Սակայն «Մխիթար Գոշ» համալսարանը պնդում է, որ ոչ մեկին չի վտարում
Երեքշաբթի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Ռ. Թովմասյանի նախագահությամբ, քննության առավ Սեբաստիա 3ա հասցեի թիվ 16 պրոֆտեխուսումնարանի 56-րդ սենյակի բնակիչ Մանուշակ Մկրտչյանի հակընդդեմ հայցն ընդդեմ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ղեկավարության, որով պահանջում էր պատասխանողից կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ զբաղեցրած տարածքները տրամադրել իրենց՝ անժամկետ օգտագործման իրավունքով, կամ ապահովել համարժեք տարածքներով կամ դրամական փոխհատուցմամբ: Մինչ այդ, ըստ Մ. Մկրտչյանի, պատասխանողներն են դիմել դատարան՝ նշված հասցեի բնակիչներին բնակելի տարածքից վտարելու պահանջով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եւ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի միջեւ 30.09.03թ. կնքված թիվ 599-ՈՒ պետական գույքի օտարման պայմանագրի համաձայն, թիվ 16 ուսումնարանի շենքերը որպես սեփականություն անցնում էին «Մխիթար Գոշ» համալսարանին (գնորդին):
Նույն փաստաթղթի 5.3.2. կետով գնորդը պարտավորվել է շենքում «բնակվող բնակիչներին (49 ընտանիք, 114 բնակիչ) անժամկետ օգտագործման տրամադրել իրենց կողմից զբաղեցրած տարածքները, իսկ վտարելու դեպքում նրանց ապահովել համարժեք տարածքներով կամ կատարել համապատասխան դրամական փոխհատուցում»:
Մ. Մկրտչյանի շահերի պաշտպան Զարուհի Դանիելյանը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանից, Պետգույքի կառավարման վարչությունից, ԱԺ նախագահից՝ խնդրո առարկա տարածքի առնչությամբ ստացված պատասխանները, ըստ որոնց բնակիչների անհանգստությունն անտեղի է, քանզի սեփականատիրոջ կողմից տարածքներն ազատելու առաջարկություն չի եղել եւ ինչ-ինչ շինարարական աշխատանքներ են կատարվել՝ առանց բնակիչներին անհանգստացնելու եւ տեղահանելու: Համալսարանի ներկայացուցիչ Ռաֆայել Դերձյանը միջնորդություն ներկայացրեց հակընդդեմ հայցի որոշ մանրամասներ ուսումնասիրելու համար: Օրինակ, ի՞նչ փաստաթղթի հիման վրա է Մ. Մկրտչյանը բնակվել վիճելի հասցեում, ո՞ր հասցեից է եկել, ի՞նչ անձնագրային տվյալներ ունի եւ այլն, որոնց Զ. Դանիելյանը պատրաստակամություն հայտնեց մեկ անգամ եւս պատասխանել: Ռ. Դերձյանը հայցվոր կողմին մեղադրեց շոուներ կազմակերպելու մեջ, ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք կդիմեն վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններ:
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ