Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ՈՒՄ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՃՌՈՐՈՇ ԿԼԻՆԵ՞Ն

Մայիս 19,2005 00:00

Չճանաչված այդ երկրի իշխանությունները դրանով են պայմանավորում նաեւ միջազգային հանրության դիրքորոշումը հակամարտության կարգավորման համատեքստում:

Հունիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի կունենան ԱԺ հերթական ընտրություններ: ԼՂՀ խորհրդարանի թվով 33 պատգամավորներից 22-ը ընտրվելու են մեծամասնական եւ 11-ը համամասնական ընտրակարգով: Մեծամասնական ընտրակարգով 22 մանդատի համար պայքարում են առաջադրված եւ գրանցված 111 թեկնածուներ, իսկ համամասնական ցուցակներում ընդգրկվածները 80-ն են: Ընդ որում, համամասնական ամենամեծ ցուցակը գրանցված 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի թվում ներկայացրել է «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», որը գլխավորում է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, ԱԺԿ անդամ Աշոտ Ղուլյանը: Ամենափոքր թվակազմ ունեցող համամասնական ցուցակը ներկայացրել է «Սոցիալական արդարություն կուսակցությունը»՝ ԼՂ «Հելսինկյան նախաձեռնություն-92» համակարգող Կարեն Օհանջանյանը, որ նաեւ այդ կուսակցության անդամ է: ԼՂՀ իշխանությունները առիթներ ունեցել են հայտարարելու, որ չճանաչված այս երկրում, մասնավորապես այդ ընտրությունները, որպես ժողովրդավարության չափանիշ, բացառիկ դեր ունեն հատկապես ԼՂՀ-ի նկատմամբ միջազգային հանրության կարծիքի ձեւավորման իմաստով:

Մայիսի 16-ին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Անշուշտ, երկու օրը բավականին քիչ ժամանակ է կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների քարոզչությունը վերլուծելու համար, այդուհանդերձ, ԼՂՀ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեյրան Հայրապետյանի փոխանցմամբ, քարոզարշավն ընթանում է քաղաքակիրթ ու հանգիստ մթնոլորտում, բոլոր կուսակցությունների, նաեւ՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար ԿԸՀ-ն ապահովել է քարոզարշավի հավասար պայմաններ: Խոսքն, անշուշտ, առաջին հերթին ԶԼՄ-ներով տարվող քարոզչությանն է վերաբերում:

Որ ԼՂՀ ԿԸՀ-ն բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, երեկ մեր զրույցի ժամանակ հաստատեց նաեւ «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը:

«Սկզբունքորեն այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործող բոլոր կուսակցությունների համար ապահովված են նախընտրական պայքար ծավալելու որոշակի նորմեր: Պետությունն ինքն է շահագրգիռ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում, եւ իշխանությունների կողմից գործնականում հնարավոր ամեն ինչ արվում է ընտրությունները բավական բարձր մակարդակով եւ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ անցկացնելու համար: Դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղը ձգտում է միջազգային հանրությանն ի ցույց դնել այն լուրջ միտումները, որոնք ուղղված են հասարակության ժողովրդավարացմանը, ինչը հետագայում հեռանկար կարող է բացել նաեւ ԼՂ-ի ճանաչման համար: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 16-ին: ԿԸՀ-ն հավասար պայմաններ է ստեղծել բոլոր կուսակցությունների համար էլեկտրոնային ԶԼՄ-ներով եւ վճարովի, եւ անվճար քարոզչություն ծավալելու համար»,- ասաց պրն Օհանջանյանը: Ինչ վերաբերում է մասնավորապես կուսակցությունների համար քարոզչություն տանելու պայմանների հավասարությանը, ապա Կ. Օհանջանյանը նկատեց, թե՝ «բնականաբար, իշխանամետ կուսակցությունները, նաեւ ՀՅԴ-ն, ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն նախընտրական արշավ ծավալելու համար, քան՝ այլ կուսակցությունները»:

Որ այս ընտրությունները ԼՂՀ-ում անցկացված նախորդ բոլոր մակարդակների ընտրությունների համեմատ միանգամայն այլ են, նախեւառաջ՝ քաղաքական ուժերի ու նաեւ հասարակական ակտիվության իմաստով, ԼՂՀ-ում շատերն են փաստում:

Կ. Օհանջանյանը եւս հաստատեց դա՝ հավելելով, թե՝ «այսօր ընտրություններն անցնում են ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա, քան նախկինում: Ինքս այնքան էլ գոհ չեմ դրանից, որովհետեւ մասնավորապես մեծամասնական ընտրակարգով առաջադրված շատ թեկնածուներ հնարավորություն ունեն առաջադրվել պատգամավորի թեկնածու, ինչը չի համապատասխանում նրանց իրական հնարավորություններին՝ հասարակության համար օգտակար լինելու իմաստով: Այդուհանդերձ, մենք կառուցում ենք ժողովրդավարական հասարակություն, եւ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի առաջադրվել եւ ընտրվել»:

Նկատի ունենալով այն, որ ընտրություններին մասնակցում են եւ իշխանամետ, եւ իշխանություններին կոշտ քննադատություն հասցեագրող կուսակցություններ, ինչպիսին է, օրինակ՝ «ՀՅԴ-Շարժում 88» նախընտրական դաշինքը, հնարավո՞ր է, որ նախընտրական քարոզարշավը ընթացքում վերածվի ոչ այնքան սեփական ծրագրերի գովազդի, որքան՝ մրցակիցների հակագովազդի: Կ. Օհանջանյանը դժվարացավ կանխատեսումներ անել, բայցեւ ոչինչ չբացառեց. «Ամեն ինչ հնարավոր է»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել