Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔ՝ «ՉՈԼԻ ՄԵՋ»

Մայիս 19,2005 00:00

Գյումրիի Մուշ-1 թաղամասի բնակիչները սկսել են տեղանքը լքել տրանսպորտ, հեռախոս ու, ընդհանրապես, Գյումրիի հետ կապ չունենալու պատճառով:

Մշեցիների ասելով՝ «հերիք չի իրենց սար ու ձորեր են գցել, չոլի մեջտեղից են տներ հատկացրել, հիմա էլ Գյումրի հասնելու համար հարկադրում են շներին ու գելերին ընկերանալ»: Բնակիչներն այդպես էլ չեն հիշում, թե վերջին անգամ երբ են տեսել թաղամասը սպասարկող թիվ 8 ավտոբուսը, այն, եթե նույնիսկ գալիս է, ապա՝ անսպասելի, առանց հստակ ժամանակացույցի: Գյումրիի տարբեր թաղամասերից Մուշ-1 հասնող մանկավարժների պատմելով, ավտոբուսի վերջին կանգառը հարակից ու մի փոքր ավելի մարդաշատ Մուշ-2 թաղամասն է, երբ վարորդները տեսնում են, որ Մուշ-1 գնացող ուղեւորների թիվը քիչ է, կես ճանապարհին իջեցնում են, թե «երկու հոգու համար բենզին ծախսե՞նք»: Հիշյալ թաղամասի բնակիչները երբեմն Կապսի ու Մարմարաշենի տրանսպորտից են օգտվում, սակայն «սրանք էլ մի բան չեն. համ թանկ են, համ էլ վարորդներն են իրենց երեւակայում. միշտ չէ, որ հարկ են համարում կանգնել»: Ժամը 5-ից հետո էլ տրանսպորտը դառնում է հիշողություն:

Մշեցիների բողոքելով՝ այստեղ նաեւ հեռախոս չկա: Նրանք նույնիսկ փաստում են, որ տարիներ առաջ բնակիչներից մեկը մեռել էր, քանի որ չէին հասցրել շտապօգնություն կանչել: Մի հեռախոս կա՝ կառավարչությունում, այն էլ «եթե սխալմամբ աշխատի՝ կարելի է զանգել»: Քոթեջները գնալով դատարկվում են, մարդիկ վերանորոգած տները թողած՝ գերադասում են ապրել Գյումրիի մյուս թաղամասերում, թեկուզ մգլած տնակների մեջ: «Էդ հալերով էլ անօթեւանների խնդիր են լուծում, քաղաքը տնակներից են մաքրում. հարց լուծող եք՝ մի հատ տրանսպորտ ուղարկեք, մարդիկ չգաղթեն»,- դժգոհում են մշեցիները:

Դա դեռ քիչ է, վերջերս էլ խոսակցություններ են պտտվում, թե փակվելու է թաղամասի միակ դպրոցը: Իսկ այստեղ բնակվում է Գյումրիի ընչազուրկ մասսան, մեծ մասը միայնակ մայրեր են, որոնք նույնիսկ տրանսպորտ լինելու դեպքում ի վիճակի չեն երեխաներին այլ թաղամաս ուղարկել:

Դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ 13 տարի շարունակ շոշափվում է իրենց կառույցի լինել- չլինելու հարցը: Աշակերտների թվով ուսուցիչներին վճարելը բնականաբար կառավարությանը ձեռնտու չէ. ամենամեծ դասարանը բաղկացած է 10 հոգուց: Դպրոցի տնօրենի ասելով, իրենք դիմում են գրել կրթության նախարարություն՝ խնդրելով գոնե իրենց կառույցը ընդգրկել պահպանվող դպրոցների շարքում: «Գյուղերում միլիարդներ են ծախսում՝ դպրոց են հիմնում, իսկ այստեղ պատրաստի դպրոցը փակում են, մարդկանց էլ՝ թաղամասից փախցնում»,- Գյումրիի իշխանությունների այս քաղաքականությունը անհասկանալի է բնակիչների համար:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել