«ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՏԱԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԻՐԱՎՈՒՆՔ» «Ժողովուրդն է տերը երկրի» քաղաքացիական
միավորման (ԺՏԵՄ) նախաձեռնողների համոզմամբ, Հայաստանում ժողովրդավարական համակարգի
կայացման գործոնը ժողովուրդն է: Քանի որ երկրի տերը լինելով՝ ժողովուրդը որեւէ
լծակ չունի տիրոջ իրավունքներն իրականացնելու, խմբի անդամները եկել են այն համոզման,
որ «Եթե մենք նվաճենք հանրաքվե նախաձեռնելու սահմանադրական իրավունք, որի միջոցով
ժողովուրդը կարող է կայացնել որոշումներ, թելադրել իր կամքը, պաշտպանել սեփական շահերը
եւ վաղաժամկետ դադարեցնել իշխանության այն մարմնի լիազորությունները, որին այլեւս
չի վստահում, մնացյալ խնդիրները կարելի է արագ լուծել»,- գրված է հայտարարության
տեքստում: Վկայակոչելով գործող Սահմանադրությունը՝ «Առավոտի» հետ զրույցում նախաձեռնող
խմբի անդամ Ալեքսանդր Բուտաեւը փաստում է, որ ի սկզբանե ժողովրդին որոշումներ կայացնելու
լիազորություններ տրված չեն: Ուստի անգամ ազնիվ- արդար ընտրությունների պարագայում
չի կարելի հուսալ, որ ամեն ինչ իր հունով կգնա: «Օրինակ, 1991թ. Լեւոն Տեր-Պետրոսյանն
արդար ընտրվեց: Դրանից հետո ինչո՞ւ փչացավ: Ուրեմն արդար ընտրությունները դեռ բավարար
չեն: Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իշխանություններին ճիշտ ճանապարհի
բերելու, ծայրագույն դեպքում՝ նրանց լիազորությունները դադարեցնելու»,- ասում է Ալ.
Բուտաեւը: «Նախ ժողովուրդը պետք է հասկանա այդ իրավունքն ինչպես օգտագործել,
պրակտիկայում ինչպես այն կիրառել: Բայց միայն այդ մեխանիզմի առկայությունն արդեն
զգոն կպահի իշխանություններին»,- կարծում է մեր զրուցակիցը: Իշխանության քաղաքական
կամքի բացակայության պարագայում արդյո՞ք այդ ճանապարհն էլ փակուղի չի մտնի: «Իշխանության
քաղաքական կամքից շատ ավելի կարեւոր է ժողովրդի քաղաքական կամքը: Այ, հիմա շատ են
խոսում իշխանափոխությունից, բայց բացի դրանից, ես չեմ լսում գաղափարներ, որոնց շուրջ
ժողովուրդը կարող է միավորվել: Մենք առաջարկում ենք համախմբվել՝ այս ճանապարհը տեսնելով:
Այս պայքարը պետք է բերի նրան, որ հասարակությունն ինքը հասունանա եւ մինչեւ իշխանափոխությունն
արդեն մարդկանց մեջ փոխվեն համակարգի պատկերացումները: Այդ դեպքում իշխանափոխությունը
չի լինի ինքնանպատակ եւ կլինի այս ամենի հետեւանքը»,- համոզված է Ալ. Բուտաեւը: Ն.
ԳՐԻԳՈՐՅԱՆ