Թեեւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններն արժանացել
են Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը, բայց այն հապճեպությունը, որով
կազմակերպվեց երեկ այս օրենքի քննարկումը՝ նույն գնահատականի տեղիք չի տալիս: Մինչ
երեկ օրվա երկրորդ կեսն ընդհանրապես հայտնի չէր, թե ինչ փոփոխություններ են արվել
«Ընտրական օրենսգրքում»: Պատգամավորներին նախագիծը բաժանվեց քննարկումից հազիվ մեկ
ժամ առաջ: Եվ պարզվեց, որ թեեւ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին հրամանագրով
նախատեսվում է «Ընտրական օրենսգրքի» 2-րդ ընթերցմամբ քննարկում, բայց իրականում կատարված
լրամշակումների գերակշիռ մեծամասնությունն առաջին անգամ էին ներկայացվում խորհրդարանի
դատին: Մինչդեռ Արշակ Սադոյանն ուսումնասիրելով ներկայացված առաջարկությունների շուրջ
40 էջանոց ամփոփաթերթի միայն 3 էջերը՝ պարզեց, որ 20 առաջին ընթերցման ներկայացված
հոդված կա, եւ, ըստ էության, սա գրեթե բոլորովին նոր փաստաթուղթ է: Այս խորհրդարանի
պատմության մեջ թերեւս առաջին անգամ Սադոյանի հետ նույն դիրքերից հանդես եկավ Տիգրան
Թորոսյանը՝ նշելով, թե նա իրավացի է եւ 40-ից ավելի նոր հոդվածներ կան, որոնք պետք
է քննարկվեին առաջին ընթերցմամբ: Սակայն ուշագրավն այն է, որ հիմնական զեկուցողներն
անգամ հարկ չհամարեցին ներկայացնել, թե ինչ նոր փոփոխություններ են արվել: Օգնության
հասավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որ մի քանի դրվատալից խոսքեր ասաց, թե ներկայացված
նախագծով ընդլայնվում են վստահված անձանց լիազորությունները. առաջին անգամ նրանք
ստանում են ընտրական ամբողջ գործընթացին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու
հնարավորություն, նախատեսվում է ստեղծել ընտրողների ազգային ռեեստր, ընտրական հանձնաժողովները
կազմավորվելու են հատուկ դասընթացների մասնակցած եւ մասնագիտական որակավորում ստացած
անձանցից եւ այլն: Հավելենք, որ այս օրինագծով նախատեսվում է նաեւ մատների
թանաքոտում: Մի խոսքով, ինչպես նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,
անդրադառնալով վստահված անձանց լիազորությունների մեծացմանը՝ «էսքան նահանջն էլ լավ
բանի չի բերելու»: Սակայն ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը երեկ
նկատեց, թե դուրս է մնացել քվեաթերթիկները փաթեթավորելուց հետո՝ մեկանգամյա օգտագործման
հատուկ պարկերում զետեղելու վերաբերյալ իրենց առաջարկը, որը նախապես «էնտուզիազմով»
էր ընդունվել բոլորի կողմից: Մհեր Շահգելդյանը, որ ներկայացնում էր կատարված փոփոխությունները՝
նշեց, թե սա ընդամենը խմբագրական վրիպում է եւ կշտկվի: Նախագծի վրա դեռ անցած
երեկո էլ շարունակում էին աշխատել: Նիստի ավարտից հետո Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ
հրավիրվեց խորհրդակցություն: Եվ ինչպես մեզ տեղեկացրեց Մհեր Շահգելդյանը՝ այս խորհրդակցության
ընթացքում որոշվեց եւս մի քանի դրույթներով բարեփոխել «Ընտրական օրենսգրքի» նախագիծը,
եւ մասնավորապես ընդունվեցին Արշակ Սադոյանի որոշ առաջարկներ: Այնպես որ՝ այսօր քվեարկության
ներկայացվելիք նախագիծն էլի տարբեր է լինելու այն փաստաթղթից, որ բաժանվեց երեկ:
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. «Ընտրական օրենսգրքի»
նախագծով նախատեսվող նորամուծություններին առավել մանրամասն կանդրադառնանք վաղվա
համարում: