Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՈՎ ԴՅՈՒՐԱՑՐԵՑԻՆ ՑՈՒՅՑԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

Մայիս 19,2005 00:00

Խորհրդարանը
երեկ քննարկեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքում փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին: Այս նախաձեռնության տեքստում ամենաշատը հանդիպողը
«դադարեցնել… հոդվածների գործողությունը» արտահայտությունն է: Այսպես, դադարեցվել
է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի այն հոդվածի
գործողությունը, որը վերաբերում է ընդհանուր օգտագործման տարածքներում միջոցառումների
անցկացմանը: Առաջարկվել է դադարեցնել այն հոդվածի գործողությունը, ըստ որի պահանջվում
է հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկման մեջ նշել միջոցառման մասնակիցների
նախատեսվող մոտավոր թվաքանակը, ներկայացնել իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի
պատճենը, միջոցառման կազմակերպիչների անուն-ազգանունները, հաշվառման հասցեները, անձնագրի
պատճենները եւ վերջապես՝ կազմակերպիչների գրավոր համաձայնությունը: Կարելի է ասել,
որ բավական պարզեցվել է իրազեկում ներկայացնելու կարգը: Եթե «Ժողովներ, հանրահավաքներ,
երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» գործող օրենքով նախատեսվում է, որ երթը կարող
է արգելվել, եթե դրա պատճառով «կկազմալուծվի տվյալ բնակավայրի կամ միջպետական ճանապարհների
երթեւեկությունը», ապա երեկ քննարկված օրինագծում առկա է արգելման հետեւյալ հիմնավորումը՝
եթե «տվյալ բնակավայրի կամ միջպետական ճանապարհներով անցկացվող երթի տեւողությունն
այնքան մեծ է, որ կհանգեցնի այլ անձանց իրավունքների եւ ազատությունների ոչ ողջամիտ
սահմանափակման»: Ըստ Տիգրան Թորոսյանի նախաձեռնության՝ արգելվում է հրապարակային
միջոցառումների անցկացումը կամուրջների վրա, թունելներում, վթարային շենքերի տարածքներում
ու շինհրապարակներում, զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական
հիմնարկների տարածքներից «150 մետրից պակաս հեռավորության վրա»: Սակայն ամենակարեւորը
թերեւս հետեւյալ դրույթն է, թե ցույցերն արգելվում են «կառավարության սահմանած պետական
հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների տարածքներից այնքան հեռավորության
վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով»: Երեկ
ներկայացնելով իր նախագիծը՝ ԱԺ փոխնախագահը վկայակոչեց Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիան եւ Հայաստանի Սահմանադրությունը, ըստ որոնց՝ այս իրավունքի սահմանափակումներ
կարելի է նախատեսել միայն օրենքով: Եվ քանի որ կառավարությունը չի կարող լրացուցիչ
սահմանափակումներ որոշել՝ պրն Թորոսյանն առաջարկեց հենց օրենքում նշել այն 7 օբյեկտները,
որոնց վերաբերում է օրենքի այս դրույթը: Դրանց շարքում առաջինն էլի նախագահի նստավայրն
է, որին հաջորդում են ատոմակայանը, Կենտրոնական բանկը, Հանրային հեռուստաընկերությունը,
Հանրային ռադիոընկերությունը, գազի ստորգետնյա պահեստարանները ու դրանց սպասարկման
կառույցները, եւ վերջապես՝ «Օրբիտա-2» վերգետնյա արբանյակային կայանը: Նկատենք,
որ պատգամավորներից ոմանք քննադատեցին նախագահի նստավայրի նկատմամբ փաղաքշական վերաբերմունքի
շարունակական դրսեւորումը: Մասնավորապես՝ Մանուկ Գասպարյանը նշեց, թե այդ նստավայրը
գաղտնի մուտքեր էլ ունի, այլընտրանքային ճանապարհ էլ. «Այնպես որ՝ ոչ մի միջոցառում
չի կարող խաթարել աշխատանքը, եթե նախագահի վանդակապատ կառույցի դիմաց թույլատրեն
կազմակերպել երթ կամ բողոքի ակցիա: Ժողովուրդն իրավունք ունի համաժողովրդական ընտրություններով
ընտրված նախագահին դիմելու ցանկացած հարցով: Եվ մենք պետք է հանենք այս արգելքը»:
Տիգրան Թորոսյանի մեկ այլ նախաձեռնություն էլ վերաբերում է ցույցերի առնչությամբ
«Քրեական օրենսգրքում» անցած տարվա դեկտեմբերին կատարված փոփոխություններին: Դրանք
նախատեսում էին տուգանք կամ կալանք «անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ
հրապարակային միջոցառում» կազմակերպելու, անցկացնելու եւ դրանք դադարեցնելու վերաբերյալ
որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերի համար: Իսկ այժմ առաջարկվում է
«օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառում» ձեւակերպումը: Այս
նախաձեռնությամբ նաեւ դադարեցվում է «Քրեական օրենսգրքի» 258.1 հոդվածի գործողությունը՝
«Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն
մասնակցելը»: ԱԺ փոխնախագահը երեկ հայտարարեց, թե ԵԽ Վենետիկի հանձնաժողովի
փորձագետների ոչ պաշտոնական արձագանքի համաձայն՝ այս նախաձեռնության վերաբերյալ առկա
են ընդամենը 5-6 հարցադրումներ, որոնցից բոլորը՝ մեկից բացի, թարգմանական խնդիրների
հետեւանք են: Թերեւս այդ միակ վերապահումը, որ եվրոպական փորձագետները շարունակում
են ունենալ այս օրենքի նկատմամբ՝ վերաբերում է ինքնաբուխ, հանկարծաստեղծ զանգվածային
միջոցառումներին, որոնց կարգավորումը դարձյալ նախատեսված չէ այս օրենքով: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել