Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆ,

Մայիս 18,2005 00:00

ՏՈՆ, ՈՐ ՏԱՐԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՔԵԶ ՀԵՏ Է Մինչեւ մայիսի 29-ը «Ավանգարդ ֆոլք ակումբում» կշարունակվեն Արտո Թունջբոյաջյանի եւ «Armenian navy band» խմբի համերգները: 2004թ. վաղ գարնանը բացվեց «Ավանգարդ ֆոլք ակումբը», որի հիմնադիրը ամերիկահայ տաղանդավոր երաժիշտ, աշխարհի լավագույն պերկուսիոնիստներից (ձեռքի հարվածային գործիքներ) մեկը համարվող Արտո Թունջբոյաջյանն էր: Դրանից հինգ տարի առաջ Արտոն արդեն ստեղծել էր «Armenian navy band» խումբը, որը հասցրել էր դառնալ աշխարհի ամենաճանաչված եւ գնահատված ֆոլք-խմբերից մեկը: Խումբն արդեն ուներ մի քանի սկավառակ՝ «Bzdik Zinvor», «New Apricot», «Sound of our life»…Իսկ 2004-ին «Ուորլդ-մյուզիք» չատի տվյալներով՝ «Armenian navy band»-ը համարվել էր տարվա լավագույն ֆոլք-խումբը: Այսօր Արտոն շարունակում է համագործակցել աշխարհահռչակ ջազմենների հետ, բայց «Armenian navy band»-ը նրա գլխավոր գործն է մնում՝ «շատ պրոջեքթներ ունիմ, շատերի հետ նվագում եմ, բայց 60-70%-ը՝ «Armenian navy band»-ն է», «Առավոտին» ասաց երաժիշտը: Նվագախմբի կատարմամբ հնչող բոլոր գործերի ե՛ւ խոսքերի, ե՛ւ երաժշտության հեղինակն ինքն է: Երգերի մի մասը հայերեն է, մյուսը՝ «արտոյերեն»: Արտոն Թուրքիայում է ծնվել. «Թուրքերեն չէի ուզում երգել, հայերեն՝ չէին թողում, ինքնիրենս մի լեզու գտա, սկսեցի երգել: Բայց հետո նայի՝ ճապոնացին ալ լալիս է, մամաս ալ լալիս է, երկուսն ալ իմ լեզուս չեն հասկանում, բայց զգում են: Հա, մամաս մի կտոր գիտի պատմությունը, բայց լեզուն կարեւոր չէ, պատճառը կարեւոր չի, կարեւորը հոգին ա»: Մեր հարցազրույցը տեղի ունեցավ հերթական համերգից կես ժամ առաջ: Մռայլ է, բարկացած: Հարցնում եմ՝ «Դժվա՞ր է», պատասխանում է՝ «Կյանքը դժվար չի՞»: Պատասխանելու հերթն իմն է՝ «Դժվա՞ր է»: Ու սկսվում է հարցազրույցը. – Կյանքն առանձին դյուրին է՝ երաժշտությունին պես, լավ ու վատը ո՞վ կընտրի: Կյանքն ալ էդպես է, լավ ու վատը ո՞վ անում է՝ մարդը: Ճիշտ մարդ նե ունիս քովդ, կյանքդ դառնում է լավ, սխալ մարդ՝ կյանքդ դառնում է վատ: – Հիմա գո՞հ ես քո կողքի մարդկանցից, թե՝ մեկ-մեկ ջղայնացնում են: – (Ծիծաղում է: Չի պատասխանում): – Աշխատել ես Թուրքիայում, ԱՄՆ-ում, ՀՀ-ում: Որտե՞ղ է ավելի հեշտ: – Ամենեն վերջին տեղն ուր եմ՝ էդտեղն է: Ադոր համար հոս եմ: Մենակ հայու համար՝ չէ: Կարող է՝ ընկերդ սիրում ես, մամադ սիրում ես, բայց ստուդիո չես տանում, չէ՞, ինքը պիտի լավ նվագի, որ տանես: Հիմա ինչ հնարավորություն կա ինձ համար էստեղի երաժիշտներեն՝ կբավի ինձ համար: Իրենց մեջեն շատ-շատ լավերն էլ կան: Էսօր կոնսերվատորիա գացի, մի երկու ժամ խոսեցի, ուզում եմ երեխեք բերեմ, բացվին, սահմաններ չդնին…. կյանքի պես: Մեկ-մեկ համերգների ադեն հետներդ խոսում եմ, չէ՞, էդի ճիշտ բաներ են, ամչնալու-վախենալու բաներ չի կա: Կոմպլեքսի մեջ մեծանում են հոս: Սենց երկու հատ տուփ պետք է դնեն մի մարդու թաղելու համար, մի հատը՝ մարդը ինքը, մի տուփին էլ՝ վախենալու, ամչնալու կոմպլեքսները դնեն, թաղեն: – Սովետական տարիներից են մնացել կոմպլեքսները: – Ճիշտ ես: Էդի է, որ կռվում եմ: Բայց կռվելով չի լինում: Հետո հասկացա, որ քիչ մը ես ներքեւ պիտի իջնեմ, երեխաներուց սկսեմ: Որովհետեւ իրենք թաց փետի նման են, գիտես, կարող է՝ փոխվեն: Բայց չոր փետը կարող ա ուզես փոխես՝ ջարդվի: – Չես վախենում, որ մի օր (գուցե՝ արդեն) Արտոն ու «Armenian navy band»-ը կդառնան «մոդայիկ», եւ հասկացող-չհասկացող կգա ակումբ, որովհետեւ «մոդա է»: – Հիշո՞ւմ ես էդ որ երգում էի՝ սպասը մայոնեզով, էդ էր քո ասածը, Մերսեդես, բան, որ ասում էի, հիշում ե՞ս: Միտքդ էդտեղ չի, բայց մոդա է, ատոր համար անում ես, էդի դառնում է՝ «մենք ալ մայոնեզ դնե՞նք սպասի մեջ, եվրոպացիքը դնում են»: Էդ ինձ համար ամենեն վտանգավոր բանն է: – Բայց գալիս են մարդիկ, որոնց տեղը Պռոշյանի խորովածանոցն է: – Ինչ կարամ անեմ՝ կռվե ՞մ իրանց հետ: Չէ, ինչո՞ւ: Կարող ա իրենց մեջ մեկը կսիրի էս երգը: Տենց լինում է, մի քանի մարդ տենց եկավ՝ սիրեց: Բայց ես կռվելու չեկա էստեղ: Ես մի հատ մեծ նկար եմ տեսնում Երեւանը, հիմա Պռոշյանը հանի՞մ: Դուն էդ ասեցիր, բայց մենակ էդի չէ: Բա հեռախոսնե՞րը, ծխելնե՞րը, ցելաֆոննե՞րը, շիշե՞րը…Երգում եմ՝ խնդում են, «խենթ» ըսում են, ապուշ-ապուշ բառեր ասում են… Հիմա մտածում եմ՝ սոված մարդուն հնարավորություն տալիս ես ուտիլիքի համար, ասում է՝ չէ, ես էդ չեմ սիրում: Մտածում եմ՝ էս մարդը իսկականի՞ց սոված էր: Թե Էդ երեխաները ինձ մի կտոր հույս, մաքուր ճանապարհ տան, ինձ համար ամենեն բարձրը կլինի: Եթե իմ սխալի վրա կարողանան ճիշտը սովորել, ես թագավոր կըլլամ: – Քո սխալը ո՞րն էր: – Ես որ իմ սխալը գտնեմ՝ կփոխեմ: Ես կշտկեմ առաջ, բայց ես սխալեն չեմ վախում, ուզում եմ սովորեմ: Կարող ա մտածում եմ, որ էսի ճիշտ է, բայց մի քանի տարի հետո դուրս է գալիս, որ էդի ճիշտ չէր, սխալ սիստեմ էր: Բայց սխալ սիստեմ ըլլալը հասկանալու համար ճիշտը պետք է գտնես: – Քո երգերում կենցաղ կա՝ «ցելաֆոններ, շիշեր…», քաղաքական հարցեր՝ «Բուշ, ապուշ…»: Դրանք կոնկրետ պահի համա՞ր են գրված: – Ցելաֆոնը չտեսնիմ նե՝ միտքս չի գա: Ես մի հատ CD ըրի՝ «Արտոստան», մեջը՝ դրոշակ, գույները ըսի, մի հատ սեւ դրի, էդի ըսի՝ մարդկության կեղտոտ միտքը, վատ միտքը ներկայացնում է: Բայց եթե մարդկության միտքը կփոխվի, ես էդ գույնը կհանիմ: Հիմա ցելաֆոնը տեսնիմ նե, ցելաֆոնի համար կերգիմ, որովհետեւ էդի լավ բան չի: Հա, խնձոր նետում ես, էլի ոչինչ, կարող ա թռչունը գա, ուտի, բայց ցելաֆոնը…Կամ՝ Բուշը: Եթե Ամերիկան աշխարհը լավ մտքով ընդունի, ի՞նչ պետք ունիմ Բուշի երգը երգեմ: Բայց մի բան խանգարում է ու չի շտկվում, ադոր համար երգում եմ: – Ամեն համերգին երգացանկը ահագին փոխվում է: Ո՞նց եք հասցնում: – Շատ ունինք մատերիալ, մեկ-մեկ խառնվում ենք: Օրինակ, հիմա «Sound of our life»-ի երկրորդ մասը սկսել ենք աշխատել, կամաց-կամաց պիտի պատրաստվենք: Հիմա մի CD դուրս գալիս է, էդոր վրեն աշխատում ենք, մի ուրիշն էլ աշխատում ենք, հետո մյուսը…Շատ մատերիալ ունինք, եթե մի ուղիղ համերգ տանք, ինչ ունենք- չունենք՝ մի վեց ժամ կարանք նվագենք: – Իմպրովիզներն էլ փոխվում են, ոչ մի համերգ մյուսին նման չի: – Հա, հիմա քեզի նայում եմ, ընդհանուր միտքս փոխվում է, էդ նկարը ելնում է դուրս, լսում եմ էդ նկարի ձայնը, էդ ձայնն էլ նվագում եմ: Էդի միշտ պիտի ըլլա, հասկանում ես, էդի իմ շունչս է, իմ օքսիժենս է…Ձայնագրելուց էլ, վերջին մոմենտ կարամ փոխիլ ամեն ինչ: – Ե՞րբ ես հաջորդ անգամ գալու: – Մինչեւ մայիսի վերջ ստեղ եմ: – Չէ, մյուս անգամ: – Ե՞րբ գամ: – Ինչքան շուտ՝ էնքան լավ: – Օգոստոս-սեպտեմբերին կգամ: Մինչեւ էդ երկու ամիս տուռնե ունիմ: – Փաստորեն, դու ե՛ւ ակումբի եւ խմբի մենեջերությամբ, բիզնեսով ես զբաղվում, ե՛ւ ստեղծագործությամբ: Բիզնեսը չի՞ խանգարում ստեղծագործությանը: – Շատ ապրես: Շատ ճիշտ ես: Ադոր համար մի տարի թողի հայաստանցիներին, ասի՝ ամոթ է՝ իրենց տեղն է, շատ տանջվել են, թող անին: Բայց չի լինում, չեն հասկանում, չեն տեսնում, էդի ամենեն վատն է, բայց հենց տենց մտքով ես ըլամ, ան ադեն ավելի լավ է թողնեմ երթամ, բայց ես ուզում եմ հասկանամ ոնց կարամ գտնեմ էն մարդերը, որ մի ձեւով լավ օրինակը ներկայացնեմ, հետո կարող ա իրենց ձեւով շարունակեն, բայց մի մոռանար, շատ կոմպլեքս ունենք: Ունենք ըսում եմ, բայց էսի ամենեն վատ թույնն է, սպանում է՝ չես հասկանում, մեռել ես՝ խաբար չունիս: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել