Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ

Մայիս 18,2005 00:00

ՄԵՆՔ ՄԻՇՏ ՀԵՐՔՈՒՄ ԵՆՔ Ինչպես միշտ, ադրբեջանցիները բանակցություններից «ինֆորմացիայի արտահոսք» են թողնում Մայիսի 15-ի երեկոյան Վարշավայի «Բելվեդեր» հյուրանոցում ավելի քան երեք ժամ տեւած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես հայկական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը, ինչպես միշտ, նման դեպքերում սահմանափակվում է խիստ լակոնիկ ձեւակերպված նախադասություններով: Եվ ինչպես միշտ՝ բանակցությունների մասին տեղեկատվությունը հայաստանյան ԶԼՄ-ները հիմնականում քաղում են ավելի շատ թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից, որոնք վկայակոչում են Ադրբեջանի պաշտոնատարներին: Ուստի այս անգամ էլ, մինչեւ ՀՀ ԱԳ նախարարը կժամանի Երեւան եւ ասուլիս կհրավիրի՝ մեկնաբանելու Վարշավայում տեղի ունեցած բանակցությունները, մեզ մնում է դրանց մասին հավելյալ տեղեկատվություն ստանալ ադրբեջանական աղբյուրներից եւ փորձել ամբողջացնել բանակցությունների պատկերը՝ դրանց վերաբերելով որոշակի վերապահումներով: Իսկ ադրբեջանական աղբյուրների մատուցմամբ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մնում է անփոփոխ», թեեւ հույս է հայտնել, թե բանակցությունների արդյունքում ձեռք կբերվի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում: Միաժամանակ Բաքվի Ա-Էն-Էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ «բանակցային գործընթացում որեւէ հեղափոխական առաջընթաց տեղի չի ունեցել, որ կողմերը «պրահյան գործընթացի» շրջանակներում քննարկել են կարգավորմանն առնչվող հարցերը»: Ադրբեջանական ԶԼՄ-ների մատուցմամբ, Է. Մամեդյարովն ասել է նաեւ, թե «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել գրավված յոթ շրջանները», եւ հավելել, թե՝ «հիմա հարցը սոսկ այն է, թե երբ դա տեղի կունենա»: Ըստ նրա, այդ հարցի լուծումը պահանջում է երկարատեւ ժամանակ, որովհետեւ անհրաժեշտ է լուծել փախստականների վերադարձի, վերականգնողական, հաղորդակցական կապերի վերականգնման եւ տարածքները ականազերծելու հարցերը: Խոսելով սպասվող բանակցությունների ձեւաչափի մասին՝ Է. Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների ցանկացած ձեւաչափով. «Մեզ համար կարեւորն արդյունքն է: Մենք պայմանավորվել ենք, որ բանակցությունները ընթանալու են պրահյան գործընթացների շրջանակներում»: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, թե որոշ հարցերում կողմերը եկել են համաձայնության, բայց որոշ հարցերում նրանց դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են: Այդուհանդերձ, ադրբեջանական մամուլը նաեւ վկայակոչում է հայկական կողմի հայտարարություններն այդ բանակցությունների վերաբերյալ եւ արձանագրում, որ հայկական կողմը թերահավատությամբ է վերաբերվել Ադրբեջանի ԱԳ նախարարի այդ հայտարարությանը: «Day.az»-ը մեջբերել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո քարտուղարի հայտարարությունն այն մասին, թե՝ ինքը ոչինչ չի լսել նման պայմանավորվածությունների մասին, եւ որ «Մամեդյարովի հայտարարությունները մեծ կասկած են հարուցում»: Միաժամանակ ադրբեջանական հեռուստակայանին տված հարցազրույցում նույն Մամեդյարովը, անդրադառնալով ԼՂ կարգավիճակին, ասել է, թե բոլոր դեպքերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի խաթարվի: «Դա տեղի ժողովրդի որոշելիք հարցն է, սակայն մենք կարծում ենք, որ կարգավիճակի հարցը չպետք է նշանակի Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոփոխություն»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նույն հանդիպմանն անդրադառնալով՝ ադրբեջանական «Զերկալոն» երեկվա իր՝ «Գաղտնի երեկո» հրապարակման մեջ վկայակոչել է Ռ. Քոչարյանի՝ ԵԽ գագաթաժողովում արած այն հայտարարությունը, ըստ որի՝ հակամարտության կարգավորումը պետք է հանգի «եվրոպական ինտեգրացիոն պրոցեսներում դե ֆակտո գոյություն ունեցող ԼՂՀ-ին ընդգրկելու բանաձեւի որոնումներին»: Այս հայտարարությունը ադրբեջանական ԶԼՄ-ները գնահատել են իբրեւ կողմերի միջեւ փոխզիջումներ գտնելու փորձերի տապալում: Իհարկե, «Զերկալոն» նաեւ ընդգծել է Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե հայ-ադրբեջանական հակամարտությունն արգելակում է Եվրոպային ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի ինտեգրումը: «Մենք պատրաստ ենք փոխզիջումների եւ կարող ենք Ղարաբաղի հայերին բարձր ինքնավարություն տրամադրել, նաեւ անվտանգության երաշխիքներ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքից՝ վերջիններս էլ այնքան հակված չեն հավատալու Է. Մամեդյարովի լավատեսական հայտարարություններին, առավել եւս՝ Լաչինն ու Քելբաջարը Ադրբեջանին հանձնելու հայերի պատրաստակամության մասին: Նրանց դիտարկմամբ, դա մեծ հաջողություն կլիներ, ինչը գրեթե անհնարին է: Ադրբեջանական «Զերկալոյի» մատուցմամբ, այդ երկրի ԱԳ նախարարն ավելի շուտ իր ցանկությունն իբրեւ իրականություն մատուցելու փորձ է անում, առավել եւս, որ Վարշավայում այդպես էլ որեւէ փաստաթուղթ կողմերը չեն ստորագրել: Բոլոր դեպքերում Ադրբեջանում նկատելի են համարում կարգավորման գործընթացը փուլային տարբերակով առաջ տանելու միտումը՝ տարածքների վերադարձ, Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական կապերի վերականգնում, փախստականների վերադարձ ազատագրված տարածքներ եւ ԼՂՀ-ի ինտեգրացում Ադրբեջանին ու միասին վերցրած՝ Եվրոպային, եւ միայն 15-20 տարի հետո ԼՂ կարգավիճակի հստակեցում: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել