Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԾՈՐԴՎԵՑԻՆ

Մայիս 18,2005 00:00

ԼԾՈՐԴՎԵՑԻՆ Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 16-ին «ԱրմենՏելն» ու «Ղ-Տելեկոմը» համաձայնագիր էին ստորագրել՝ իրենց ցանցերը համակցելու (լծորդելու) մասին: Այդ համաձայնագիրը վերացրել է վերջին խոչընդոտը «Ղ-Տելեկոմի»՝ հայաստանյան բջջային կապի շուկա մտնելու ճանապարհին, ինչը եւ տեղի կունենա այս տարվա ընթացքում: «ԱրմենՏելի» եւ «Ղ-Տելեկոմի» ներկայացուցիչները հրավիրել էին տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին՝ ներկա գտնվելու այդ համաձայնագրի ստորագրմանը, սակայն նախարարը մերժեց հրավերը: «Դա երկու մասնավոր ընկերությունների բիզնեսին առնչվող համաձայնագիր էր, եւ նախարարի ներկայությունն այնտեղ պատշաճ չեմ համարում,- «Առավոտին» իր քայլն այդպես բացատրեց պրն Մանուկյանը:- Որպես կարգավորող մարմնի ղեկավար՝ ես պետք է հետեւեմ, որ թե՛ «ԱրմենՏելը» եւ թե՛ «Ղ-Տելեկոմը» գործեն նախարարության տրված լիցենզիայի սահմաններում: Հենց այդ պատճառով էլ ես ամեն ինչ անում էի, որ այդ համաձայնագիրը ստորագրվի, եւ «Ղ-Տելեկոմը» անցնի լիցենզիայով նախատեսված իր պարտավորություններին: Եթե հետաքրքրություն կա այդ հարցի նկատմամբ, կարող եմ տրամադրել իմ նամակագրությունը այդ ընկերությունների ղեկավարների հետ, որում պնդում էի, որ նրանք օր առաջ գան համաձայնության, եւ կոնկրետ ժամկետներ էի դնում նրանց առաջ: Կարեւորն այն է, որ համաձայնագիրը կայացավ, բայց թե ինչ պայմաններով՝ դա արդեն երկու տնտեսվարող սուբյեկտների գործն է»: «Առավոտի» հետ զրույցում «Ղ-Տելեկոմի» գործադիր տնօրեն Ռալֆ Երիկյանը, անդրադառնալով նույն խնդրին, ասաց. «Պարոն Մանուկյանը առաջին իսկ օրվանից հետեւում էր մեր եւ «ԱրմենՏելի» բանակցություններին, կարելի է ասել՝ որպես հոգեւոր հայր: Բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, բազմաթիվ նամակներ է մեզ ուղղել՝ հորդորելով արագացնել այդ հարցի լուծումը: Այսինքն՝ նա այս ամբողջ ժամանակահատվածում կատարել է կարգավորող մարմնի իր դերը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել