Նախճիր Ստորեւ ներկայացնում ենք բրիտանական IWPR (Պատերազմի եւ Խաղաղության լուսաբանման ինստիտուտ) կազմակերպության երեւանյան մասնաճյուղի կողմից «Առավոտին» տրամադրված նյութերից հատվածներ: Դրանցում բերված են ուզբեկական իրադարձությունների մասին IWPR-ի լրագրողների պատրաստած հոդվածներից դրվագներ, որոնք կօգնեն քիչ թե շատ իրական պատկերացում կազմել այս օրերին ուզբեկական Անդիջան քաղաքում կատարվող սոսկալի իրադարձությունների մասին: «Ականատեսները պատմում են, որ բազմահազարանոց ամբոխի վրա անկանոն ու երկարատեւ կրակ բացելուց հետո կառավարական զորքերի զինվորները թաքցնում են զոհվածների մարմինները: Դրանց մեջ հատկապես շատ են երեխաների, կանանց եւ ծերերի մարմինները: «Վտանգավոր իսլամիստական ծայրահեղականների» դեմ պայքարի անվան տակ ֆիզիկապես բնաջնջվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ: Միայն մայիսի 14-ի առավոտյան քաղաքի վերապրած բնակիչների եւ լրագրողների առջեւ հառնեց հրեշավոր ողբերգության իրական պատկերը: Անդիջանի կենտրոնական հրապարակը ողողված է բազմաթիվ զոհերի արյունով: Ամենուրեք մարդկային մարմնի այլակերպված դրվագներ են, ցրիվ եկած ուղեղներ եւ իրերի, հատկապես մանկական իրերի կտորտանքներ: Զոհերից շատերի կոշիկները գտնվել են ողբերգության էպիկենտրոնից 2-3 կմ հեռավորության վրա»: «Անդիջանում զոհերի թիվը վաղուց անցել է 1500-ի սահմանագիծը: Քաղաքի պաթոլոգ-անատոմն անձամբ հաշվել է 500 դիակ, այն էլ միայն «Հին քաղաք» թաղամասում: Ականատեսների վկայությամբ, կանանց եւ երեխաների դիակները թաքցվում են շինարարական տեխնիկումի շրջանում եւ, ի տարբերություն զոհված տղամարդկանց, նրանց մարմինները չեն վերադարձվում հարազատներին: «Մենք ուղղակի կեղտ ենք այս կառավարության համար, նրանք մեզ բացարձակապես մարդու տեղ չեն դնում»՝ լաց են լինում կոտորածից մի կերպ փրկված կանայք»: «Հազարավոր մարդիկ գլխապատառ փախչում էին ԲՏՌ-ների բացած կրակի կարկուտից, բայց փամփուշտներն ամենուրեք հասնում էին նրանց: Վիրավորները նույնպես չէին փրկվում, նրանց անշնչացնում էին տեղում՝ ստուգողական կրակոցներով: Մուքադդաս անունով 45-ամյա մի կին պատմում է, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես էին հարբած զինվորները հաշվեհարդար տեսնում քարշ եկող վիրավորների եւ փախչող երեխաների հետ: Հազարավոր անդիջանցիներ արցունքն աչքերին փնտրում են իրենց կորած հարազատներին, մինչդեռ երկրի նախագահ Իսլամ Քարիմովը խոսում է երկրի սահմանադրական կարգը վերականգնելու եւ հազիվ մեկ տասնյակի հասնող զոհերի մասին»: Ինչպես տեսնում ենք, Քարիմովը կայունության երդվյալ կողմնակից է: Կարելի է ենթադրել, որ «հանուն ժողովրդի բարօրության» նրա հեղինակած այս զազրելի ոճիրը Երեւանում ոմանց սրտով է: Չէ՞ որ կայունությունն այստեղ եւս հարգված արժեք է: Իսկ Ուզբեկստանից ստացվող տեղեկություններով, իսլամիստները կատարվածի հետ գրեթե առնչություն չունեն: Պատ. Տիգրան Ավետիսյանը