«Գնում են հարաբերությունների կոշտացման» Հովհ. Հովհաննիսյանն առաջարկում է ԼՂՀ հարցի կարգավորման նոր տարբերակ Քանի որ ութ ամսից ավելի Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը չէին հանդիպել, ինչի հետեւանքով ԼՂՀ հարցի շուրջ բանակցային գործընթացը գրեթե սառեցված էր, բացառությամբ երկու երկրների արտգործնախարարների մեկ հանդիպման, որը չէր էլ կարող էական նշանակություն ունենալ, «Ազատական առաջադիմական» կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորում էր նախագահների վարշավյան հանդիպումը: Հանդիպումից հետո նա եւս արձանագրում է, որ այն «անարդյունք եւ անպտուղ էր»: Միաժամանակ փաստում է, որ դրա համար երկու կողմերն էլ հիմնավոր պատճառներ ունեին: Հանդիպման ձեւաչափն իսկ, ըստ մեր զրուցակցի, անհասկանալի էր՝ «ՌԴ եւ Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությունը»: Արդյունքում, պարոն Հովհաննիսյանն այն տպավորությունն ունի, որ «Հայր Ալիեւի օրինակով, կրտսեր Ալիեւն էլ բանակցությունների հիմքում դնում է խնդիրը չլուծել: Շատ լուրջ դեմքով, շատ լուրջ եւ հասարակության համար անհասկանալի արտահայտություններ անելով՝ հարցը մտցնել փակուղի եւ լուծումը համարել չլուծելը: Պիտի ասեմ, որ երկու կողմերի մոտ էլ շատ հաջող ստացվում է: 1998-ին գալով իշխանության՝ Ռ. Քոչարյանը հայտարարում էր, որ ինքը գալիս է Ղարաբաղի հարցը լուծելու համար՝ բավականին հաջող կերպով կարողանում է հարցը չլուծել: Իհարկե, այդ ամենի գինը վճարողը միայն ժողովուրդն է»: Հարցը ձգձգելու Ալիեւի հիմնական դրդապատճառը պարոն Հովհաննիսյանը եւս համարում է Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: «Չկայացած յուրաքանչյուր հանդիպումից հետո ավելանում է այդ տպավորությունը, որ խոսելով փոխզիջումների մասին, կողմերն իրականում գնում են հարաբերությունների կոշտացման, որի արդյունքներն անկանխատեսելի են»,- ասում է նա: Ասելով, որ Մինսկի խումբը սպառել է հարցի կարգավորման իր հնարավորությունները, Հովհ. Հովհաննիսյանը առաջարկում է համանախագահ երկրներից մեկը կամ երկուսը փոխարինել Մինսկի խմբի անդամ այլ երկրներով. «ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն ղարաբաղյան հարցի կարգավորման ընդհանուր շփման եզրն այդպես էլ չեն կարողանում գտնել: Դա արտահայտվում է նաեւ Մինսկի խմբում: Պետք է ՌԴ-ն դուրս գա Մինսկի խմբից եւ նրան փոխարինի, ասենք, Գերմանիան: Կամ Մինսկի խումբը պետք է հայտարարի, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում հարցի կարգավորումը խնդիրներ ունի, ուստի հարցը պետք է տեղափոխել Եվրոպական միություն»: Ի՞նչ կշահի Հայաստանն այդ փոխարինումից: «Հայաստանը «կշահի մի բան», որ Ղարաբաղի խնդրի ձգձգումը բերում է Հայաստան պետության թուլացմանը,- ասում է մեր զրուցակիցը: Իսկ հարցը ԵՄ տեղափոխելու դեպքում արդյո՞ք Հայաստանին վտանգ չի սպառնում, քանի որ, դատելով ընդունված վերջին բանաձեւերից, խեղաթյուրվում է հարցի ծագումնաբանությունը: «Վտանգն այն է, որ, այսպես թե այնպես, Ղարաբաղի հարցը այդ սեղանին է հայտնվելու: Ամեն օր Հայաստանը կորցնում է այլընտրանքի իր հնարավորությունները եւ, ընդհանրապես, հնարավորությունները: Մենք ամեն օր կոռուպցիայի եւ սափրագլուխների նոր դրսեւորումների ենք առնչվում, մեր երկրում չի հարգվում մարդու իրավունքները… երկու տարի հետո ի՞նչ վարկանիշ է ունենալու Հայաստանը եւ ի՞նչ կռվանով ենք հարցը լուծելու»,- պարզաբանում է Հովհ. Հովհաննիսյանը: Հարցն այլ ատյան տեղափոխվելու պարագայում պարոն Հովհաննիսյանը բացառում է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը երբեւէ կվստահվի այնպիսի երկրի, որը ռազմական գործողությունների ժամանակ սատարել է Ադրբեջանին. «Ես չեմ կարծում, որ Թուրքիան, որպես տարածաշրջանի գերտերություն, լուրջ դերակատարություն ունենա այդ հարցում: Միջազգային հանրությունն էլ դա շատ լավ հասկանում է: Բոլորին ձեռնտու է խաղաղ Կովկաս ունենալ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ