Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաստի առա՛ջ կանգնեցրեք մեր մեծահարուստներին»

Մայիս 18,2005 00:00

Համաշխարհային
օպերային ու կամերային բեմերի ցանկալի հյուր, ճանաչված բաս Բարսեղ Թումանյանի մենահամերգով
այսօր Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կփակվի «Ազգային պատկերասրահ»
երաժշտական փառատոնը: Բեմելից առաջ երգիչը սիրով ընդունեց «Առավոտին»: Հանդիպման
սկզբում Բ. Թումանյանը հաստատելով այն միտքը, թե ինքը 80-ականների կեսերից Հայաստանում
հանդես չի եկել ոչ օպերային թատրոնում եւ ոչ էլ մենահամերգով, տեղեկացրեց, որ իր
գործունեության շրջանակները ավելի քան լայն են՝ ներառում են նաեւ բիզնես կոչվածը:
«1987-ին հիմնել էի «Նոր դար» մշակութային կազմակերպությունը: Այսօր այն ստացել է
«Ռենեսանս» անվանումը: Տարիներ շարունակ «Դելֆիական խաղեր» միջազգային կազմակերպության
հայաստանյան նախագահն եմ, որը սատար է կանգնում մինչեւ 18 տարեկան շնորհալի արվեստագետներին
եւ, ինչպես կարելի էր սպասել, իմ ընտրությամբ վոկալ արվեստի գաղտնիքներին եմ ծանոթացնում
երիտասարդ երգիչներին»,- համառոտ ներկայացրեց երգիչը: Հարցապնդմանը, թե իր ծավալած
բիզնեսը ո՞ր ոլորտներն է ընդգրկում, Բ. Թումանյանը պատասխանեց. «Ինչ բիզնեսով որ
զբաղվում եմ, կանվանեի ավելի շատ հոբբի՝ գորգերից, զարդեղենից, հագուստից մինչեւ
մոդեռն արվեստ, որոնք, եթե ամբողջովին չեն էլ ներկայացնում հայկական նախշերը, ապա
իրենց մեջ անպայման կրում են դրանց տարրերը»: Մեր դիտարկմանը՝ արտերկրից Հայաստան
ժամանած անվանի արվեստագետների համերգներին անշլագ է լինում՝ չնայած տոմսերի բարձր
արժեքին: Կարելի՞ է եզրակացնել, որ մեր կիսադատարկ դահլիճների պատճառը հրամցվող արվեստի
մակարդակն է, եթե այո, ապա ո՞ւմ մեղադրել: «Ոչ մեկին մեղադրել հարկավոր չէ: Արվեստի
յուրաքանչյուր տեսակ պետք է նման լինի գեղեցիկ կնոջ, որին տեսնելիս ոտքերիդ տակից
հողը փախչում է եւ այդ պահին, եթե նույնիսկ ֆինանս չունես, մտածում ես այն անպայման
հայթայթելու մասին: Այն հանրահայտ միտքը, թե յուրաքանչյուր երկիր աշխարհին
ներկայանում է առաջին հերթին իր մշակույթով, իմ խորին համոզմամբ, պետք է տվյալ երկրի
առաջին դեմքը կամ դեմքերը՝ նախագահը եւ վարչապետը, ինչու չէ՝ նաեւ նախարարները, ելնելով
իրենց երկրի հեղինակությունից, փաստի առաջ կանգնեցնեն մեծահարուստներին: Գուցե կոպիտ
հնչեց ասածս, բայց միակ ճանապարհը դա է: Ի դեպ, վերոնշյալ հովանավորությունը առաջին
հերթին վերաբերում է օպերային թատրոնին»,- համոզմունք հայտնեց երգիչը: Ըստ նրա, հովանավորչական
գումարները, որը կհոգա երկրի ղեկավարությունը, արվեստագետների մեջ կառաջացնի աննախադեպ
պատասխանատվություն. «Օրինակ, Գերմանիայում չեմ հանդիպել մի երգչի, որը երազի կամ
ձգտի անընդհատ հյուրախաղերի մեկնելու մասին: Պատճառը շատ պարզ է՝ ապրում են անհոգ,
արածի դիմած պատշաճ վարձատրվում եւ, որ ամենակարեւորն է, մտածում են միայն իրենց
արվեստի մասին»: Չէինք կարող չհետաքրքրվել Երեւանի օպերային թատրոնում երգչի
բացարձակ լռությամբ: «Անշուշտ, ներկայացումներ կան, բնականաբար, կան եւ բասի դերերգեր,
բայց այն բեմադրությունները, որոնցով ես կուզեի ներկայանալ, առայժմ չկան: Դրանք են՝
Մեֆիստոֆելը՝ Գունոյի «Ֆաուստում», Բորիս Գոդունովը՝ Մուսորգսկու համանուն օպերայում,
Թեմուրը՝ Պուչինիի «Տուրանդոտում», Ռամֆիսը՝ Վերդիի «Աիդայում» եւ այլն»,- փաստեց
Բ. Թումանյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել