Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏՈՆ, ՈՐ ՏԱՐԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՔԵԶ ՀԵՏ Է

Մայիս 18,2005 00:00

Մինչեւ
մայիսի 29-ը «Ավանգարդ ֆոլք ակումբում» կշարունակվեն Արտո Թունջբոյաջյանի եւ «Armenian
navy band» խմբի համերգները: 2004թ. վաղ գարնանը բացվեց «Ավանգարդ ֆոլք ակումբը»,
որի հիմնադիրը ամերիկահայ տաղանդավոր երաժիշտ, աշխարհի լավագույն պերկուսիոնիստներից
(ձեռքի հարվածային գործիքներ) մեկը համարվող Արտո Թունջբոյաջյանն էր: Դրանից հինգ
տարի առաջ Արտոն արդեն ստեղծել էր «Armenian navy band» խումբը, որը հասցրել էր դառնալ
աշխարհի ամենաճանաչված եւ գնահատված ֆոլք-խմբերից մեկը: Խումբն արդեն ուներ մի քանի
սկավառակ՝ «Bzdik Zinvor», «New Apricot», «Sound of our life»…Իսկ 2004-ին «Ուորլդ-մյուզիք»
չատի տվյալներով՝ «Armenian navy band»-ը համարվել էր տարվա լավագույն ֆոլք-խումբը:
Այսօր Արտոն շարունակում է համագործակցել աշխարհահռչակ ջազմենների հետ, բայց
«Armenian navy band»-ը նրա գլխավոր գործն է մնում՝ «շատ պրոջեքթներ ունիմ, շատերի
հետ նվագում եմ, բայց 60-70%-ը՝ «Armenian navy band»-ն է», «Առավոտին» ասաց երաժիշտը:
Նվագախմբի կատարմամբ հնչող բոլոր գործերի ե՛ւ խոսքերի, ե՛ւ երաժշտության հեղինակն
ինքն է: Երգերի մի մասը հայերեն է, մյուսը՝ «արտոյերեն»: Արտոն Թուրքիայում է ծնվել.
«Թուրքերեն չէի ուզում երգել, հայերեն՝ չէին թողում, ինքնիրենս մի լեզու գտա, սկսեցի
երգել: Բայց հետո նայի՝ ճապոնացին ալ լալիս է, մամաս ալ լալիս է, երկուսն ալ իմ լեզուս
չեն հասկանում, բայց զգում են: Հա, մամաս մի կտոր գիտի պատմությունը, բայց լեզուն
կարեւոր չէ, պատճառը կարեւոր չի, կարեւորը հոգին ա»: Մեր հարցազրույցը տեղի
ունեցավ հերթական համերգից կես ժամ առաջ: Մռայլ է, բարկացած: Հարցնում եմ՝ «Դժվա՞ր
է», պատասխանում է՝ «Կյանքը դժվար չի՞»: Պատասխանելու հերթն իմն է՝ «Դժվա՞ր է»: Ու
սկսվում է հարցազրույցը. – Կյանքն առանձին դյուրին է՝ երաժշտությունին պես,
լավ ու վատը ո՞վ կընտրի: Կյանքն ալ էդպես է, լավ ու վատը ո՞վ անում է՝ մարդը: Ճիշտ
մարդ նե ունիս քովդ, կյանքդ դառնում է լավ, սխալ մարդ՝ կյանքդ դառնում է վատ: –
Հիմա գո՞հ ես քո կողքի մարդկանցից, թե՝ մեկ-մեկ ջղայնացնում են: – (Ծիծաղում
է: Չի պատասխանում): – Աշխատել ես Թուրքիայում, ԱՄՆ-ում, ՀՀ-ում: Որտե՞ղ է
ավելի հեշտ: – Ամենեն վերջին տեղն ուր եմ՝ էդտեղն է: Ադոր համար հոս եմ: Մենակ
հայու համար՝ չէ: Կարող է՝ ընկերդ սիրում ես, մամադ սիրում ես, բայց ստուդիո չես
տանում, չէ՞, ինքը պիտի լավ նվագի, որ տանես: Հիմա ինչ հնարավորություն կա ինձ համար
էստեղի երաժիշտներեն՝ կբավի ինձ համար: Իրենց մեջեն շատ-շատ լավերն էլ կան: Էսօր
կոնսերվատորիա գացի, մի երկու ժամ խոսեցի, ուզում եմ երեխեք բերեմ, բացվին, սահմաններ
չդնին…. կյանքի պես: Մեկ-մեկ համերգների ադեն հետներդ խոսում եմ, չէ՞, էդի ճիշտ
բաներ են, ամչնալու-վախենալու բաներ չի կա: Կոմպլեքսի մեջ մեծանում են հոս: Սենց
երկու հատ տուփ պետք է դնեն մի մարդու թաղելու համար, մի հատը՝ մարդը ինքը, մի տուփին
էլ՝ վախենալու, ամչնալու կոմպլեքսները դնեն, թաղեն: – Սովետական տարիներից
են մնացել կոմպլեքսները: – Ճիշտ ես: Էդի է, որ կռվում եմ: Բայց կռվելով չի
լինում: Հետո հասկացա, որ քիչ մը ես ներքեւ պիտի իջնեմ, երեխաներուց սկսեմ: Որովհետեւ
իրենք թաց փետի նման են, գիտես, կարող է՝ փոխվեն: Բայց չոր փետը կարող ա ուզես փոխես՝
ջարդվի: – Չես վախենում, որ մի օր (գուցե՝ արդեն) Արտոն ու «Armenian navy
band»-ը կդառնան «մոդայիկ», եւ հասկացող-չհասկացող կգա ակումբ, որովհետեւ «մոդա է»:
– Հիշո՞ւմ ես էդ որ երգում էի՝ սպասը մայոնեզով, էդ էր քո ասածը, Մերսեդես,
բան, որ ասում էի, հիշում ե՞ս: Միտքդ էդտեղ չի, բայց մոդա է, ատոր համար անում ես,
էդի դառնում է՝ «մենք ալ մայոնեզ դնե՞նք սպասի մեջ, եվրոպացիքը դնում են»: Էդ ինձ
համար ամենեն վտանգավոր բանն է: – Բայց գալիս են մարդիկ, որոնց տեղը Պռոշյանի
խորովածանոցն է: – Ինչ կարամ անեմ՝ կռվե ՞մ իրանց հետ: Չէ, ինչո՞ւ: Կարող
ա իրենց մեջ մեկը կսիրի էս երգը: Տենց լինում է, մի քանի մարդ տենց եկավ՝ սիրեց:
Բայց ես կռվելու չեկա էստեղ: Ես մի հատ մեծ նկար եմ տեսնում Երեւանը, հիմա Պռոշյանը
հանի՞մ: Դուն էդ ասեցիր, բայց մենակ էդի չէ: Բա հեռախոսնե՞րը, ծխելնե՞րը, ցելաֆոննե՞րը,
շիշե՞րը…Երգում եմ՝ խնդում են, «խենթ» ըսում են, ապուշ-ապուշ բառեր ասում են…
Հիմա մտածում եմ՝ սոված մարդուն հնարավորություն տալիս ես ուտիլիքի համար, ասում
է՝ չէ, ես էդ չեմ սիրում: Մտածում եմ՝ էս մարդը իսկականի՞ց սոված էր: Թե Էդ երեխաները
ինձ մի կտոր հույս, մաքուր ճանապարհ տան, ինձ համար ամենեն բարձրը կլինի: Եթե իմ
սխալի վրա կարողանան ճիշտը սովորել, ես թագավոր կըլլամ: – Քո սխալը ո՞րն էր:
– Ես որ իմ սխալը գտնեմ՝ կփոխեմ: Ես կշտկեմ առաջ, բայց ես սխալեն չեմ վախում,
ուզում եմ սովորեմ: Կարող ա մտածում եմ, որ էսի ճիշտ է, բայց մի քանի տարի հետո դուրս
է գալիս, որ էդի ճիշտ չէր, սխալ սիստեմ էր: Բայց սխալ սիստեմ ըլլալը հասկանալու համար
ճիշտը պետք է գտնես: – Քո երգերում կենցաղ կա՝ «ցելաֆոններ, շիշեր…», քաղաքական
հարցեր՝ «Բուշ, ապուշ…»: Դրանք կոնկրետ պահի համա՞ր են գրված: – Ցելաֆոնը
չտեսնիմ նե՝ միտքս չի գա: Ես մի հատ CD ըրի՝ «Արտոստան», մեջը՝ դրոշակ, գույները
ըսի, մի հատ սեւ դրի, էդի ըսի՝ մարդկության կեղտոտ միտքը, վատ միտքը ներկայացնում
է: Բայց եթե մարդկության միտքը կփոխվի, ես էդ գույնը կհանիմ: Հիմա ցելաֆոնը տեսնիմ
նե, ցելաֆոնի համար կերգիմ, որովհետեւ էդի լավ բան չի: Հա, խնձոր նետում ես, էլի
ոչինչ, կարող ա թռչունը գա, ուտի, բայց ցելաֆոնը…Կամ՝ Բուշը: Եթե Ամերիկան աշխարհը
լավ մտքով ընդունի, ի՞նչ պետք ունիմ Բուշի երգը երգեմ: Բայց մի բան խանգարում է ու
չի շտկվում, ադոր համար երգում եմ: – Ամեն համերգին երգացանկը ահագին փոխվում
է: Ո՞նց եք հասցնում: – Շատ ունինք մատերիալ, մեկ-մեկ խառնվում ենք: Օրինակ,
հիմա «Sound of our life»-ի երկրորդ մասը սկսել ենք աշխատել, կամաց-կամաց պիտի պատրաստվենք:
Հիմա մի CD դուրս գալիս է, էդոր վրեն աշխատում ենք, մի ուրիշն էլ աշխատում ենք, հետո
մյուսը…Շատ մատերիալ ունինք, եթե մի ուղիղ համերգ տանք, ինչ ունենք- չունենք՝ մի
վեց ժամ կարանք նվագենք: – Իմպրովիզներն էլ փոխվում են, ոչ մի համերգ մյուսին
նման չի: – Հա, հիմա քեզի նայում եմ, ընդհանուր միտքս փոխվում է, էդ նկարը
ելնում է դուրս, լսում եմ էդ նկարի ձայնը, էդ ձայնն էլ նվագում եմ: Էդի միշտ պիտի
ըլլա, հասկանում ես, էդի իմ շունչս է, իմ օքսիժենս է…Ձայնագրելուց էլ, վերջին մոմենտ
կարամ փոխիլ ամեն ինչ: – Ե՞րբ ես հաջորդ անգամ գալու: – Մինչեւ մայիսի
վերջ ստեղ եմ: – Չէ, մյուս անգամ: – Ե՞րբ գամ: – Ինչքան շուտ՝
էնքան լավ: – Օգոստոս-սեպտեմբերին կգամ: Մինչեւ էդ երկու ամիս տուռնե ունիմ:
– Փաստորեն, դու ե՛ւ ակումբի եւ խմբի մենեջերությամբ, բիզնեսով ես զբաղվում,
ե՛ւ ստեղծագործությամբ: Բիզնեսը չի՞ խանգարում ստեղծագործությանը: – Շատ ապրես:
Շատ ճիշտ ես: Ադոր համար մի տարի թողի հայաստանցիներին, ասի՝ ամոթ է՝ իրենց տեղն
է, շատ տանջվել են, թող անին: Բայց չի լինում, չեն հասկանում, չեն տեսնում, էդի ամենեն
վատն է, բայց հենց տենց մտքով ես ըլամ, ան ադեն ավելի լավ է թողնեմ երթամ, բայց ես
ուզում եմ հասկանամ ոնց կարամ գտնեմ էն մարդերը, որ մի ձեւով լավ օրինակը ներկայացնեմ,
հետո կարող ա իրենց ձեւով շարունակեն, բայց մի մոռանար, շատ կոմպլեքս ունենք: Ունենք
ըսում եմ, բայց էսի ամենեն վատ թույնն է, սպանում է՝ չես հասկանում, մեռել ես՝ խաբար
չունիս: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել