Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարդու մտքի՛ն տեղ լինի

Մայիս 18,2005 00:00

«Եթե մարզպետարանները տնօրեններից հաշվեհարդար տեսնելու ծրագիր ունենան, դպրոցական խորհուրդները թերեւս ավելի հեշտ գործիք են նրանց համար»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը:

Պարոն Մարտիրոսյանը մասամբ ցրում է դպրոցների այն տնօրենների մտավախությունը, ովքեր խորհուրդներով չեն ընտրվել եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մասին կարգի 15-րդ կետի համաձայն, պետք է ատեստավորում անցնեն՝ լիազորված մարմնի՝ մարզպետարանների կողմից, եթե պաշտոնավարում են 5 տարի եւ ավելի: Ի դեպ, ատեստավորման անցկացման ընթացակարգը, հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ կազմը սահմանում է լիազորված պետական մարմինը, եւ տնօրենները թերահավատորեն են նայում այս որոշմանը՝ կարծելով, որ այն անցանկալի տնօրեններից ազատվելու մի ձեւ է: «Դպրոցների տնօրենների հետ կապված անհանգստությունը թերեւս տեղին է՝ անորոշության պատճառով»,- ասում է Վ. Մարտիրոսյանը:

Փաստորեն, այս պահին գործում է 2 զուգահեռ փաստաթուղթ. մեկը հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատությունների գործադիր տնօրենների լիազորությունների, ընտրության եւ նշանակման կարգն է՝ հաստատված դեռեւս 2000 թ., ըստ որի տնօրենին ընտրում է դպրոցական խորհուրդը, մյուսը վերջերս կառավարության որոշումով սահմանված վերոնշյալ կարգն է: «Մտահոգությունը, թե տնօրենների նշանակման մեխանիզմը կսկսի գործել ընտրության մեխանիզմի փոխարեն, անտեղի է: Որովհետեւ ընտրության ամբողջ համակարգն ամրագրված է կրթական համակարգին առհասարակ: Հանրակրթության պարագայում գործում է այս կարգը, բարձրագույն եւ հետբուհական կրթության պարագայում՝ ռեկտորների ընտրության կարգն է ամրագրվել, նախնական եւ միջին մասնագիտական կրթության օրենքի նախագիծը, որ այսօր գտնվում է ԱԺ-ում, նույնպես ամրագրում է այդ սկզբունքը՝ անցում ընտրությունների համակարգին: Այսինքն՝ այս ամբողջը փաստորեն մի ամբողջություն է կազմում, եւ մտահոգությունը, թե կարող է վերադարձ կատարվել դեպի նշանակման համակարգ, անտեղի է»:

Իսկ մտավախոթյունը, թե ատեստավորումը կօգտագործվի տնօրեններից հաշվեհարդար տեսնելու համար, պրն Մարտիրոսյանը լուրջ չի համարում, քանի որ, ըստ նրա, հաշվեհարդարի համար դպրոցական խորհուրդներն ավելի հարմար գործիք են: Ի դեպ, այդ կարգին կցված են ատեստավորման չափանիշները, եւ ատեստավորումն առաջիկա մեկ տարում կիրականացվի ամրագրված չափորոշիչներով: Պրն Մարտիրոսյանը նաեւ մատնանշում է ատեստավորման առավելությունը. «Ատեստավորումը կատարվում է գրավոր կամ բաց քննարկմամբ: Իսկ խորհուրդները կարող են մի բան քննարկել, մեկ այլ բան ստանալ արդյունքում»: Ի դեպ, անցում կատարելով խորհուրդներով կառավարման ձեւին եւ կարեւորելով դրա նշանակությունը, ինստիտուտի տնօրենը նշում է խորհրդի որոշակի թերություններ եւս: Օրինակ, «Խորհուրդներով ընտրության 3 տարի ժամկետն էլ շատ փոքր է, եւ նախարարությունը պատրաստվում է առաջարկություն ներկայացնել, որպեսզի այդ ժամկետն առնվազն 4 տարի լինի, որովհետեւ դպրոցի ներքին ռիթմին այս անվերջ ընտրություններն առանձնապես դրական լիցքեր չեն տալիս»:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել