Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ԳՈՀ Է, ԷՐԴՈՂԱՆԸ՝ ՈՉ

Մայիս 18,2005 00:00

Ադրբեջանի հետ կա «դինամիզմ», իսկ Թուրքիայի հետ՝ մաքուր ստատիկա

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց է դիտվում»,- երեկ Վարշավայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:

Վարշավայում գտնվող «Արմինֆո» գործակալության թղթակցի փոխանցմամբ, Թ. Դեւիսը նշել է, որ վերջին մի քանի ամսում կողմերի մասնակցությամբ կազմակերպվել են բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Վարշավայում նախօրեին կայացած հանդիպումը: «Արդարացի կլինի նշել, որ հակամարտության կարգավորման համար միջոցների մշակման շուրջ բանակցություններն ավելի դինամիկ են դարձել»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը եւ հույս հայտնել, որ մոտակա մի քանի ամիսներին կկազմակերպվեն եւս մի քանի նման հանդիպումներ, որոնք դրական արդյունքներ կբերեն, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

Նախօրեին Վարշավայում Եվրախորհրդի գագաթաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթում Հայոց ցեղասպանության հիշատակումը եւ այն ճանաչած երկրներին հայտնված երախտագիտությունը սաստիկ զայրացրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը՝ «Արմինֆոն» շեշտում է, թե՝ «Էրդողանը պայթեց. այն բանից հետո, երբ Թուրքիայի պատվիրակության հետ հանդիպելու համար ոչ մի ջանք չդրսեւորած Քոչարյանը գագաթաժողովի օրակարգ բերեց ցեղասպանության գաղափարները, Էրդողանը հրավիրեց նախապես չծրագրված մամլո ասուլիս»:

Ըստ թուրքական աղբյուրների, Վարշավայում կայացած մամլո ասուլիսում Էրդողանը հայտարարել է, թե Ռ. Քոչարյանը «հռետորի դեր է խաղում»: «Անհիմն ցեղասպանության գաղափարներն ինքնաբավարարում են: Տեղահանության ընթացքում մահացածներին «ցեղասպանության» զոհեր համարելով՝ մոլորության մեջ եք գցում մարդկությանը: Լոբբիներ ձեւավորելով՝ խորհրդարաններում անհիմն որոշումների կայացումը մեզ չի կաշկանդում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: «Մենք անկեղծորեն մեր դիրքորոշումը հայտնեցինք Քոչարյանին: Նա էլ անցյալի համեմատ դրական պատասխան տվեց: Եթե այդ գաղափարներն օրակարգից հանվեն, Հայաստանի համար էլ լավ կլինի: Թուրքիան ճանաչել է Հայաստանը: Եթե դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում, դրա համար պատասխանատուն իրենք են,- հայտարարել է Էրդողանը՝ ավելացնելով,- Եվրոպան էլ է նրանց օկուպանտ համարում: Արդյո՞ք հետ են քաշվել Լեռնային Ղարաբաղից: Ոչ»: Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահին կոչ է արել նախ՝ ետ քաշվել գրավյալ ադրբեջանական տարածքներից: Իսկ այն երկրներին, որոնց խորհրդարանները Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումներ են կայացրել, սպառնացել է, թե Թուրքիայի խորհրդարանն էլ նրանց «իրագործած ցեղասպանությունների» վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված որոշումներ կկայացնի (հետաքրքիր է, ո՞ւմ նկատմամբ է ցեղասպանություն իրականացրել, օրինակ, Բելգիան.- խմբ.):

Եվրախորհրդի գագաթաժողովին մասնակցելու համար Վարշավայում գտնվող վարչապետ Էրդողանը, ինչպես եւ Մոսկվայում, սահմանափակվեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռքսեղմումով միայն, փաստում է թուրքական «Հյուրիեթ» թերթը։

Ըստ «Արմինֆոյի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել