Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ընտրեք միայն ձեր խղճով»

Մայիս 18,2005 00:00

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում սկսվեց թաղապետական
ընտրությունների քարոզարշավը Թաղապետի թեկնածուներից մեկը՝ Սամվել Հովսեփյանը,
երեկ համայնքի բնակիչների հետ ծրագրել էր ունենալ երեք հանդիպում: Առաջինը կայացավ
թիվ 179 դպրոցի դահլիճում՝ Ա-3 թաղամասի բնակիչների հետ: Նրան դիմավորեցին ավանդական
աղուհացով: «Սամվելը Րաֆֆու վեպի համանուն հերոսի արժանի անվանակիցն է՝ նրա պես հայրենասեր
է, ազնիվ ու նվիրված, իր գործունեության մեջ՝ խիստ ու պահանջկոտ»,- թեկնածուին այսպես
ներկայացրեց մարտական ընկերը՝ Սամվել Սարգսյանը: Մնացած ելույթ ունեցողները կոչ արեցին
հավաքվածներին՝ վստահել արցախյան պատերազմի փառապանծ ուղի անցած ազատամարտիկին. «Եթե
կռվի դաշտում մարդիկ նրան են վստահել իրենց կյանքն ու ընտրել հրամանատար, ապա մենք
լիովին կարող ենք վստահել նրան մեր ապագայի բարեկեցության խնդիրը»: Սամվել Հովսեփյանն
իր խոսքն սկսեց ազատ, արդար եւ միայն սեփական խղճով ընտրությունների գնալու կոչով:
Նրա կարծիքով, պետք չէ հավատալ վերջերս քարոզվող այն մտքին, թե աշխարհի որեւէ երկրում
արդար ընտրություն չի լինում, որովհետեւ դա ձեռնտու իրավիճակ է ստեղծում կեղծարարների
համար: Այնուհետեւ թեկնածուն անդրադարձավ իր նախընտրական ծրագրերին. «Երբ
կռվում էինք, չէինք պատկերացնում, որ այսպիսի խեղճ ու իրավազուրկ երկիր կունենանք:
Պետության հիմքն իր ժողովրդի բարեկեցությունն է եւ պետք է լավ կյանք ապահովենք թոշակառուի,
հաշմանդամի եւ սոցիալապես անապահով այլ խավերի համար, որ նրանց վիճակը չօգտագործեն
ընտրություններ կեղծելու, օգնություններ խնդրելու եւ այլ նպատակների համար: Ընտրակեղծիք
անելը խոսում է միայն թեկնածուի թուլության եւ իր ուժերի վրա անվստահության մասին»:
Մինչեւ քարոզարշավն սկսելը, Ս. Հովսեփյանի նախընտրական շտաբը սոցհարցում է
անցկացրել համայնքում եւ պարզել բնակիչներին հուզող խնդիրներն՝ ըստ կարեւորության:
Այդ խնդիրների լուծման համար թեկնածուն արդեն մշակել է ժամանակացույց, որը ներկայացրեց
հավաքվածներին: Ըստ այդմ, Մալաթիա-Սեբաստիա համայնքը լիովին պետք է գազիֆիկացվի առաջիկա
3 տարում, նույնքան ժամանակ էլ կպահանջվի բակերի բարեկարգման համար, իսկ փողոցների
լուսավորության խնդիրը թեկնածուն խոստացավ լուծել մեկուկես տարում: Ինչ վերաբերում
է կանաչապատմանը, աղբահանությանը եւ ճանապարհաշինությանը, ապա դրանք ամենօրյա աշխատանքների
ցանկում են: Հարց ու պատասխանի ժամանակ ներկաներին հուզող գլխավոր հարցը, պարզվեց,
աշխատատեղերի բացակայությունն է: Ս. Հովսեփյանի կարծիքով, այդ խնդրի լուծման լավ
տարբերակ են տոնավաճառները, որտեղ կարող են աշխատել հիմնականում այս համայնքի բնակիչները:
Օրվա ընթացքում հանդիպումներ եղան նաեւ Արարատյան զանգվածի եւ Ախպարաշեն կոչվող թաղամասի
բնակիչների հետ: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել