Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՄԻՇՏ ՀԵՐՔՈՒՄ ԵՆՔ

Մայիս 18,2005 00:00

Ինչպես
միշտ, ադրբեջանցիները բանակցություններից «ինֆորմացիայի արտահոսք» են թողնում Մայիսի
15-ի երեկոյան Վարշավայի «Բելվեդեր» հյուրանոցում ավելի քան երեք ժամ տեւած Հայաստանի
եւ Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է
ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես հայկական կողմի տրամադրած պաշտոնական
տեղեկատվությունը, ինչպես միշտ, նման դեպքերում սահմանափակվում է խիստ լակոնիկ ձեւակերպված
նախադասություններով: Եվ ինչպես միշտ՝ բանակցությունների մասին տեղեկատվությունը
հայաստանյան ԶԼՄ-ները հիմնականում քաղում են ավելի շատ թուրքական եւ ադրբեջանական
աղբյուրներից, որոնք վկայակոչում են Ադրբեջանի պաշտոնատարներին: Ուստի այս անգամ
էլ, մինչեւ ՀՀ ԱԳ նախարարը կժամանի Երեւան եւ ասուլիս կհրավիրի՝ մեկնաբանելու Վարշավայում
տեղի ունեցած բանակցությունները, մեզ մնում է դրանց մասին հավելյալ տեղեկատվություն
ստանալ ադրբեջանական աղբյուրներից եւ փորձել ամբողջացնել բանակցությունների պատկերը՝
դրանց վերաբերելով որոշակի վերապահումներով: Իսկ ադրբեջանական աղբյուրների մատուցմամբ,
Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հարցում մնում է անփոփոխ», թեեւ հույս է հայտնել, թե բանակցությունների
արդյունքում ձեռք կբերվի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում: Միաժամանակ
Բաքվի Ա-Էն-Էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար
Մամեդյարովը հայտնել է, որ «բանակցային գործընթացում որեւէ հեղափոխական առաջընթաց
տեղի չի ունեցել, որ կողմերը «պրահյան գործընթացի» շրջանակներում քննարկել են կարգավորմանն
առնչվող հարցերը»: Ադրբեջանական ԶԼՄ-ների մատուցմամբ, Է. Մամեդյարովն ասել է նաեւ,
թե «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել գրավված յոթ շրջանները», եւ հավելել,
թե՝ «հիմա հարցը սոսկ այն է, թե երբ դա տեղի կունենա»: Ըստ նրա, այդ հարցի
լուծումը պահանջում է երկարատեւ ժամանակ, որովհետեւ անհրաժեշտ է լուծել փախստականների
վերադարձի, վերականգնողական, հաղորդակցական կապերի վերականգնման եւ տարածքները ականազերծելու
հարցերը: Խոսելով սպասվող բանակցությունների ձեւաչափի մասին՝ Է. Մամեդյարովն ընդգծել
է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների ցանկացած ձեւաչափով. «Մեզ համար կարեւորն
արդյունքն է: Մենք պայմանավորվել ենք, որ բանակցությունները ընթանալու են պրահյան
գործընթացների շրջանակներում»: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, թե որոշ հարցերում
կողմերը եկել են համաձայնության, բայց որոշ հարցերում նրանց դիրքորոշումները տրամագծորեն
հակառակ են: Այդուհանդերձ, ադրբեջանական մամուլը նաեւ վկայակոչում է հայկական կողմի
հայտարարություններն այդ բանակցությունների վերաբերյալ եւ արձանագրում, որ հայկական
կողմը թերահավատությամբ է վերաբերվել Ադրբեջանի ԱԳ նախարարի այդ հայտարարությանը:
«Day.az»-ը մեջբերել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո քարտուղարի հայտարարությունն այն մասին,
թե՝ ինքը ոչինչ չի լսել նման պայմանավորվածությունների մասին, եւ որ «Մամեդյարովի
հայտարարությունները մեծ կասկած են հարուցում»: Միաժամանակ ադրբեջանական հեռուստակայանին
տված հարցազրույցում նույն Մամեդյարովը, անդրադառնալով ԼՂ կարգավիճակին, ասել է,
թե բոլոր դեպքերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի խաթարվի: «Դա տեղի
ժողովրդի որոշելիք հարցն է, սակայն մենք կարծում ենք, որ կարգավիճակի հարցը չպետք
է նշանակի Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոփոխություն»,- հայտարարել է Ադրբեջանի
ԱԳ նախարարը: Նույն հանդիպմանն անդրադառնալով՝ ադրբեջանական «Զերկալոն» երեկվա
իր՝ «Գաղտնի երեկո» հրապարակման մեջ վկայակոչել է Ռ. Քոչարյանի՝ ԵԽ գագաթաժողովում
արած այն հայտարարությունը, ըստ որի՝ հակամարտության կարգավորումը պետք է հանգի «եվրոպական
ինտեգրացիոն պրոցեսներում դե ֆակտո գոյություն ունեցող ԼՂՀ-ին ընդգրկելու բանաձեւի
որոնումներին»: Այս հայտարարությունը ադրբեջանական ԶԼՄ-ները գնահատել են իբրեւ կողմերի
միջեւ փոխզիջումներ գտնելու փորձերի տապալում: Իհարկե, «Զերկալոն» նաեւ ընդգծել է
Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե հայ-ադրբեջանական հակամարտությունն
արգելակում է Եվրոպային ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի ինտեգրումը:
«Մենք պատրաստ ենք փոխզիջումների եւ կարող ենք Ղարաբաղի հայերին բարձր ինքնավարություն
տրամադրել, նաեւ անվտանգության երաշխիքներ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Դատելով
ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքից՝ վերջիններս էլ այնքան հակված չեն հավատալու Է.
Մամեդյարովի լավատեսական հայտարարություններին, առավել եւս՝ Լաչինն ու Քելբաջարը
Ադրբեջանին հանձնելու հայերի պատրաստակամության մասին: Նրանց դիտարկմամբ, դա մեծ
հաջողություն կլիներ, ինչը գրեթե անհնարին է: Ադրբեջանական «Զերկալոյի» մատուցմամբ,
այդ երկրի ԱԳ նախարարն ավելի շուտ իր ցանկությունն իբրեւ իրականություն մատուցելու
փորձ է անում, առավել եւս, որ Վարշավայում այդպես էլ որեւէ փաստաթուղթ կողմերը չեն
ստորագրել: Բոլոր դեպքերում Ադրբեջանում նկատելի են համարում կարգավորման գործընթացը
փուլային տարբերակով առաջ տանելու միտումը՝ տարածքների վերադարձ, Հայաստան-Ադրբեջան
հաղորդակցական կապերի վերականգնում, փախստականների վերադարձ ազատագրված տարածքներ
եւ ԼՂՀ-ի ինտեգրացում Ադրբեջանին ու միասին վերցրած՝ Եվրոպային, եւ միայն 15-20 տարի
հետո ԼՂ կարգավիճակի հստակեցում: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել