Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախճիր

Մայիս 18,2005 00:00

Նախճիր
Ստորեւ ներկայացնում ենք բրիտանական IWPR (Պատերազմի եւ Խաղաղության
լուսաբանման ինստիտուտ) կազմակերպության երեւանյան մասնաճյուղի կողմից «Առավոտին»
տրամադրված նյութերից հատվածներ: Դրանցում բերված են ուզբեկական իրադարձությունների
մասին IWPR-ի լրագրողների պատրաստած հոդվածներից դրվագներ, որոնք կօգնեն քիչ թե շատ
իրական պատկերացում կազմել այս օրերին ուզբեկական Անդիջան քաղաքում կատարվող սոսկալի
իրադարձությունների մասին: «Ականատեսները պատմում են, որ բազմահազարանոց ամբոխի
վրա անկանոն ու երկարատեւ կրակ բացելուց հետո կառավարական զորքերի զինվորները թաքցնում
են զոհվածների մարմինները: Դրանց մեջ հատկապես շատ են երեխաների, կանանց եւ ծերերի
մարմինները: «Վտանգավոր իսլամիստական ծայրահեղականների» դեմ պայքարի անվան տակ ֆիզիկապես
բնաջնջվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ: Միայն մայիսի 14-ի առավոտյան քաղաքի վերապրած
բնակիչների եւ լրագրողների առջեւ հառնեց հրեշավոր ողբերգության իրական պատկերը: Անդիջանի
կենտրոնական հրապարակը ողողված է բազմաթիվ զոհերի արյունով: Ամենուրեք մարդկային
մարմնի այլակերպված դրվագներ են, ցրիվ եկած ուղեղներ եւ իրերի, հատկապես մանկական
իրերի կտորտանքներ: Զոհերից շատերի կոշիկները գտնվել են ողբերգության էպիկենտրոնից
2-3 կմ հեռավորության վրա»: «Անդիջանում զոհերի թիվը վաղուց անցել է 1500-ի
սահմանագիծը: Քաղաքի պաթոլոգ-անատոմն անձամբ հաշվել է 500 դիակ, այն էլ միայն «Հին
քաղաք» թաղամասում: Ականատեսների վկայությամբ, կանանց եւ երեխաների դիակները թաքցվում
են շինարարական տեխնիկումի շրջանում եւ, ի տարբերություն զոհված տղամարդկանց, նրանց
մարմինները չեն վերադարձվում հարազատներին: «Մենք ուղղակի կեղտ ենք այս կառավարության
համար, նրանք մեզ բացարձակապես մարդու տեղ չեն դնում»՝ լաց են լինում կոտորածից մի
կերպ փրկված կանայք»: «Հազարավոր մարդիկ գլխապատառ փախչում էին ԲՏՌ-ների բացած
կրակի կարկուտից, բայց փամփուշտներն ամենուրեք հասնում էին նրանց: Վիրավորները նույնպես
չէին փրկվում, նրանց անշնչացնում էին տեղում՝ ստուգողական կրակոցներով: Մուքադդաս
անունով 45-ամյա մի կին պատմում է, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես էին հարբած
զինվորները հաշվեհարդար տեսնում քարշ եկող վիրավորների եւ փախչող երեխաների հետ:
Հազարավոր անդիջանցիներ արցունքն աչքերին փնտրում են իրենց կորած հարազատներին, մինչդեռ
երկրի նախագահ Իսլամ Քարիմովը խոսում է երկրի սահմանադրական կարգը վերականգնելու
եւ հազիվ մեկ տասնյակի հասնող զոհերի մասին»: Ինչպես տեսնում ենք, Քարիմովը
կայունության երդվյալ կողմնակից է: Կարելի է ենթադրել, որ «հանուն ժողովրդի բարօրության»
նրա հեղինակած այս զազրելի ոճիրը Երեւանում ոմանց սրտով է: Չէ՞ որ կայունությունն
այստեղ եւս հարգված արժեք է: Իսկ Ուզբեկստանից ստացվող տեղեկություններով, իսլամիստները
կատարվածի հետ գրեթե առնչություն չունեն: Պատ. Տիգրան Ավետիսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել