Պարում են բոլորը «Առաջին անգամ է, որ սփյուռքին հրավիրում ենք ու փող չենք ուզում»,- մայիսի 28-ին Արագած լեռան շուրջ կազմակերպելիք միասնական շուրջպարի նախապատրաստական աշխատանքները ներկայացնելիս ասաց միասնական շուրջպարի կենտրոնական շտաբի պետ Արամ Կարապետյանը: Ինչպես գիտենք, շուրջպարի գաղափարը «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանն ու անձամբ այդ միության նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանինն է: Այդ օրը ուղիղ 15 րոպե ձեռք ձեռքի բռնած 160 հազար հայ ծիրանագույն գլխարկներով շուրջպար կբռնի Արագած լեռան շուրջ: Ապարանցիների համազգային իղձը ի կատար ածելուն այս անգամ կնպաստեն ոչ թե սփյուռքի մեր հայրենակիցները, այլ՝ հայրենի օլիգարխները: «Յուրաքանչյուրն օգնում է ինչով կարող է»,- ասում է Ա. Կարապետյանը: Սփյուռքի մեր հայրենակիցներն այս անգամ միայն կաջակցեն իրենց ֆիզիկական ներկայությամբ: Շտաբի պետն արդեն ցուցակագրել է, թե որ երկրից որքան մարդ է ժամանելու. «Թեհրանից շուրջպարին մասնակցելու ցանկություն է հայտնել 300 հայ, որոնց մի մասը կժամանի ավտոբուսով, մյուսը՝ ինքնաթիռով: Թեհրանահայերն այդ առիթով իրենց երկրում նույնիսկ շտաբ են հիմնել: Լոս-Անջելեսից կմասնակցի 61 մարդ, Ֆրանսիայից՝ 100 երիտասարդ: Մի խումբ ուսանողներ էլ կգան Մոսկվայից: 32 ամերիկացի էլ այս նախաձեռնության մասին տեղեկացել է ինտերնետից, որոնք եւս մասնակցելու ցանկություն են հայտնել: Կգան Ջավախքից, Ղազախստանից: Իսկ Բելառուսից կժամանի իրենց խորհրդարանի նախագահի գլխավորած խումբը, որը եւս կմասնակցի միջոցառմանը»: Իսկ մինչ բուն միջոցառումը, կենտրոնական շտաբներն ու համայնքային ենթաշտաբները այն հատվածներում, որտեղով պետք է անցնի շուրջպարը, նախապատրաստական աշխատանքներ են տանում: Օրերս շուրջպարի պատվին Արագած լեռը շրջօղակող 160 կմ գլխավոր ճանապարհահատվածում՝ Արագածոտնի մարզից մինչեւ Շիրակի մարզ, կազմակերպել են ծառատունկ՝ տնկելով մոտ 90 հազար ծառ: Ծառերի հետագա խնամքը, ըստ շտաբի պետի, իրենց վրա են վերցրել նշյալ մարզերի համայնքապետերը: Գրերի գյուտի 1600-ամյակի առիթով, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածում կհիմնվի «տառ քարերի պուրակ»: Ա. Կարապետյանի ներկայացմամբ, կկանգնեցվեն տուֆից քանդակված 2, 5մ բարձրությամբ մեսրոպյան այբուբենի տառերը: Մի քանի օրից կենտրոնական շտաբը վրաններով կտեղափոխվի իրադարձության վայր՝ զուգարանների ու աղբամանների հարցը լուծելու: Շտաբի պետը խոստանում է միջոցառման հաջորդ օրն էլ մեքենաներով շրջել ու հավաքել շուրջպարից հետո գոյացած աղբը: Այդուհանդերձ, շտաբի պետը բոլոր մասնակիցներին կոչ է անում իրեն հատկացված «մեկ մետրը մաքուր պահել եւ չաղտոտել»: Ինչպես հավաստիացրեց Ա. Կարապետյանը, անվտանգության խնդիրները եւս լուծված են: Յուրաքանչյուր երեք կմ-ի վրա կանգնելու են պետավտոտեսչության եւ շտապօգնության մեքենաներ: Առաջիկա օրերին Ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանը հեռուստատեսությամբ պար կուսուցանի: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ