Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ

Մայիս 17,2005 00:00

ԻՆՉՊԵՍ «ՖՌԱՑՆԵԼ» ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ «Արդարությունը» կազմել է ԵԽ-ի առջեւ պարտավորությունների չկատարման ցուցակ ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի անդամներն անցած շաբաթ հանդիպեցին նաեւ հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «Արդարություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ Յեժի Յասկերնիային եւ Ժորժ Կոլոմբիեին է հանձնվել խմբակցության կողմից կազմված մի փաստաթուղթ, որում մանրամասն նշված են այն բոլոր պարտավորությունները, որոնք Հայաստանի իշխանությունները այդպես էլ չեն կատարել: Դաշինքի կողմից հանդիպմանը մասնակցել են Ստեփան Դեմիրճյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Արամ Գ. Սարգսյանը: Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ, դիտարկման հանձնաժողովին ասվել է, որ «փշալարային մենթալիտետը եւ մահակային սիմվոլիկան անհնար է պարուրել եվրոպական մտածելակերպով: Ընտրյալներին է հասու այն զգացողությունը, որ քարը կարող է դառնալ խաչքար՝ չնայած ոմանք քարի մեջ միայն քարն են տեսնում»: Թե որքանով են եվրոպացիք հասկացել այս սիմվոլիկան, դժվար է ասել, սակայն կոնկրետ փաստերի լեզուն նրանց համար հասկանալի է եղել: Իսկ այդ փաստերը ընդդիմության ներկայացուցիչները արդեն երկու տարուց ավելի են շեշտում: ԵԽ8211ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների օրենսդրական բաժնում մինչ այսօր անկատար են մնացել մի շարք պարտավորություններ: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված խախտվել են ոչ միայն ժամկետները: Ի սկզբանե, որպես սահմանադրական փոփոխությունների վերջին ժամկետ, նշված է եղել 2005-ի հունվարը, հետո այդ ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2005-ի հունիս, հիմա արդեն խոսվում է աշնան մասին: Բովանդակային մասում կատարված չեն Վենետիկի հանձնաժողովի երեք սկզբունքային կետերի պահանջները: Կոալիցիայի արդեն ընդունված նախագծում իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը պահպանված չէ: Ապահովված չէ դատական համակարգի անկախացումը գործադիրից, կատարված չէ Երեւանի քաղաքապետի ընտրովիության պահանջը: Չենք կասկածում, որ կոալիցիան այս ամենի մասին եվրոպական դիտորդներին կհամոզի՝ ասելով, թե այդ չկատարված պարտավորությունները եւ խոստումները կկատարվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, սակայն հետո դարձյալ «կֆռացնեն»: Նույն՝ օրենսդրական կարգի պարտավորություններից առայժմ կատարված չէ ԸՕ-ի բարեփոխման հարցը: Փաստորեն, երկրորդ ընթերցմանը ներկայացված նախագծում լուծված չէ հանձնաժողովի անդամների հավասարակշռված կազմի խնդիրը: ՀՀ նախագահի կողմից 3 անդամի նշանակումը ձեւականորեն փոխարինվել է 1-ական տեղ Վճռաբեկ դատարանին, ՀՀ նախագահին եւ անկախ պատգամավորների խմբի կողմից ՝ ՍԴ-ին կարգով: Նախագծում ակնհայտ է նահանջը նույն եվրոպական պահանջներից, քանի որ հոդված 13-ում զինվորականների ցուցակները դարձվում են գաղտնի, բարձրացվել է նախընտրական գրավի չափը, հանվել են հանձնաժողովի անդամների կողմից ստորագրելու եւ քվեաթերթիկների կնքումը հանձնաժողովի կնիքով կնքելու հարցերը: «Ընտրական օրենսգրքի» հետ կապված՝ կան նաեւ այլ նահանջներ: Շարունակվում է չկատարված մնալ «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու պարտավորությունը: Այս օրենքը 2004-ի ապրիլին արժանացավ Վենետիկի հանձնաժողովի բացասական գնահատականին: Չկատարվածների շարքը լրացնում է նաեւ վարչական կալանքի վերացման մասին չկատարված հարցը: Չի կատարվել նաեւ հետեւյալ պահանջը. «Մինչեւ 2004-ի 2-րդ քառորդի վերջ ընդունել օրենք Երեւան քաղաքի մասին, պետության վարչատարածքային բաժանումների մասին»: Նաեւ սա՝ «Մինչեւ 2004-ի մարտ վերանայել «Ոստիկանության մասին» օրենքը՝ համապատասխանեցնելով ԵԽ հանձնարարականներին»: Նաեւ այս մեկը. «Մինչեւ ուժի մեջ մտնելը՝ 2004թ. հուլիսի 1-ը կրճատել այլընտրանքային զինծառայության տեւողությունը՝ 42 ամսից դարձնելով 36»: Դաշինքի կազմած տեղեկանքում նշված են նաեւ իշխանությունների կողմից իրականացված այն բոլոր գործողությունները, որոնք հակասում են պարտավորությունների կատարման պրակտիկային: Այսպես, ԵԽԽՎ 1361 բանաձեւի «Վեհաժողովը ցնցված է վարչական կալանքի սկանդալային կիրառմամբ, որը դեռեւս շարունակվում է: Հայաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն այդ կալանքների կիրառումը» գնահատականից հետո ոչ թե հետեւություններ են արվել, այլ հակառակը՝ դրան հաջորդել են վարչական կալանքի նոր դեպքեր: Այս պահանջը կար նաեւ 2002-ի 1304 բանաձեւում: Իսկ 1374 բանաձեւում նշված «Ստեղծել նպաստավոր պայմաններ լրատվամիջոցների նորմալ գործունեության համար» զգուշացմանը հաջորդում է «Ա1+»-ին իր զբաղեցրած տարածքից վտարելու փորձը: Մինչ այժմ շարունակում է չկատարված մնալ նաեւ օրինազանցներին պատժելու պահանջը: ԵԽ-ն պահանջել էր «Անցկացնել լիարժեք հետաքննություն ընտրակեղծիքների վերաբերյալ եւ վերջ դնել կեղծարարների դատական անպատժելիությանը մինչեւ 2004-ի վերջը»: Անցած երկու տարում իշխանությունները չեն էլ փորձել գոնե «ձեւի համար գտնել» որեւէ կեղծարարի եւ դարձնել քավության նոխազ: Ընտրակեղծիքների համար ոչ ոք մեր երկրում չի պատժվել, մինչդեռ դրանց մասին խոսում են ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանության մաս կազմողները: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել