«Ծանոթ գցենք՝ անձրեւ չգա» Էլցանցից հույսները կտրած, գյումրեցիները երազում են՝ անձրեւ չգա, որ իրենց մալուխները չթրջի եւ չհոսանքազրկվեն: Ինչպես արդեն գրել ենք, «Լինսիի» որոշ նորակառույցներում ու ամրացված շենքերում շինարարները փնթի գործ են արել, մասնավորապես տեղադրել են հին կտուրներ, փտած ջրագծեր կամ, ինչպես պնդում են Գյումրիի Կամոյի 74 հասցեի բնակիչները՝ «հազար տեղից ծակված» մալուխներ, ընդ որում՝ անմիջապես ջրհորդանների տակով: Լույս ունենալը, ըստ բնակիչների, իրենց համար «յուրահատուկ տոն» է, քանի որ 6 ամիս շարունակ ապրում են «աշխարհից բեխաբար, տելեվիզորի կարոտ»: Բնակիչների ներկայացնելով, թեեւ իրենց բողոքներին էլցանցը պարտաճանաչորեն արձագանքում է, սակայն ուրախությունը երկար չի տեւում, էլեկտրիկների հեռանալուց հետո՝ ուղիղ 10 րոպե: Պատճառը՝ նրանց որակավորմամբ, այն է, որ էլցանցի աշխատակիցները ոչ թե «նամուսով» գործ են անում, այլ «բզբզում» են: «Լույսի վարձը 5 վայրկյան ուշացնես՝ լույսի մարդը աչքիդ լույսը կհանե, բայց երբ հերթը հասնում է իրենց, չգիտես ինչու՝ պտի լռես»,- դժգոհում են բնակիչները՝ շեշտելով շենքի թոշակառուներով հարուստ լինելու փաստը: Նրանց ասելով, 100 մետր «կաբելը» բավարար է իրենց բողոքներին վերջ դնելու համար, վերջին բողոքի ակցիան քաղաքապետարանում էր: Իսկ ինչո՞ւ նրանք «Լինսի» գրասենյակ չեն դիմում: «Տարբեր հարցերով մեռանք դիմելով, համ էլ «Լինսը» հազիվ փտած ջրագծերը փոխեց, նկուղների ջուրը բերաններս էր հասել»,- ասում են բնակիչները: Ավելին, հենց «Լինսի» ծրագիրն է իրենց շենքը փրկել քանդելուց: Ժամանակին մարզի իշխանավորներից մի քանի «իմաստուններ» հավաքվել ու կառույցի քանդման որոշում են ընդունել: Բնակիչների պատմելով, «կռիվ-դավի անելուց ու լավ ծեծկռտվելուց հետո» օգնության է հասել «Լինսը», բնականաբար ի տարբերություն էլցանցի, որին Գյումրիում ներդրումներ կատարելու ու վիճակը փոփոխելու հարցը ընդհանրապես չի հետաքրքրում: Խնդրի մասին «Առավոտի» հրապարակումից մեկ ամիս է անցել, բայց Գյումրիի Շիրակացի թաղամասում, ուր տեղակայված են կենսական կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտներ, այդ թվում հիվանդանոցներ, էլեկտրամատակարարման վիճակը մնացել է նույնը: Օրերս Գյումրիի Ճերմակ հիվանդանոցում Ֆրանսիայի Բուժ Դյու-Ռոն նահանգի նահանգապետ Ժան Նոյել Գերինին կարմիր ժապավենն էր կտրում՝ ուրախ, որ գյումրեցիներին «միլիարդանոց» տոմոգրաֆ է նվիրելու, իսկ այդ նույն ժամանակ սարքավորումն արդեն փչացել էր: Ինչպես հրապարակայնորեն պարզաբանեց պատասխանատուներից մեկը՝ պատճառը հոսանքի հաճախակի տատանումներն ու անջատումներ են եղել: «Հմի ի՞նչ անենք, ո՞ւմ ծանոթ գցենք, որ անձրեւ չգա ու մեր գծերը չթրջի»,- կատակում են գյումրեցիները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ