ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԷԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ Երեկ Կոտայքի մարզի Գողթն գյուղի բնակիչները իրենց հետ հանդիպման էին հրավիրել «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին եւ խմբակցության պատգամավորներին։ Գողթնեցիների վկայությամբ՝ մարզի ոստիկանության աշխատակիցները մտել են գյուղի բոլոր տները եւ բառացիորեն սպառնացել, որ իրենց համար շատ վատ կլինի, եթե մասնակցեն Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպմանը։ Իսկ օրվա երկրորդ կեսին ոստիկանները շրջափակել են գյուղի հրապարակը, փակել են Գեղարդից, Գառնիից եւ հարակից այլ գյուղերից դեպի Գողթն եկող ճանապարհները՝ արգելելով մարդկանց գնալ հանդիպման։ Մինչ հանդիպման սկիզբը՝ գյուղ են հասել ԱԺ պատգամավորներ Ստեփան Զաքարյանը եւ Գրիգոր Հարությունյանը, որոնք զրուցել են գյուղացիների հետ եւ բացատրել, որ պետք չէ վախենալ։ Չնայած իշխանությունների գործադրած ակտիվ ջանքերին, այդուհանդերձ հանդիպումը կայացել է։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը գյուղացիներին կոչ է արել լինել ավելի համարձակ եւ հավաստիացրել, որ միասնական ուժերով, համաժողովրդական միասնության արդյունքում այս իշխանությունները հեռացվելու են։ Մինչ այդ գյուղացիները տեղեկացվել էին, որ իրենց ահաբեկելու գործում ամենաակտիվ մասնակցությունն ունեցել է միլպետը (հավանաբար, խոսքը Գառնիի ոստիկանապետ Մանվել Անդրեասյանի մասին է)։ Վիկտոր Դալլաքյանը դիմելով հավաքվածներին՝ հայտարարել է. «Ո՞վ է էդ լակոտը, որ փորձել է ձեզ վախեցնել, ես հիմա եկել-կանգնել եմ այստեղ, թող գա ՝տեսնենք, թե ինչ է ուզածը»։ Ամենածիծաղելին այն էր, որ հավաքվածներից մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած է եղել նաեւ միլպետը, որը որեւէ կերպ չի արձագանքել այս կոչին։ Մ. Ե. Հ. Գ. Ուժային կառույցները արգելել են Սեւանի տեղական հեռուստատեսությանը՝ հեռարձակել այդ քաղաքում մայիսի 18-ին կայանալիք նմանատիպ հանդիպման մասին վճարովի հայտարարությունը։