Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԶՈՐ ԱՆՁ Է ՀՈՎԵՅԱՆԸ

Մայիս 17,2005 00:00

ՀԶՈՐ ԱՆՁ Է ՀՈՎԵՅԱՆԸ Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը երեկ դարձյալ անզուսպ ուրախության պահեր պարգեւեց խորհրդարանականներին: Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նա, ասենք, հայտարարեց, թե ի տարբերություն Հնդկաստանի ազգային արխիվի, որտեղ արխիվային նյութերը չափվում են կիլոմետրերով՝ երկարությամբ, «մենք չափում ենք գործով եւ միավորով»: Կամ՝ հայտարարեց, թե կազմակերպված փառատոներից մեկին մասնակցել է Իրա Ալին: Մեր պատգամավորներին այդ անունն անհայտ էր, ուստի հետաքրքրվեցին, թե ով է նա: «Երգչուհի՝ բավական ռաբիս»,- պատրաստակամորեն բացատրեց պրն Հովեյանը: Եվ վերջապես, երբ Հրանուշ Հակոբյանը փորձեց պարզել, թե ի՞նչ արժե ՄԱԿ-ի հետ ստորագրած ծրագիրը, եւ ո՞ր բնագավառներին են վերաբերում դրանք՝ Վահրամ Բաղդասարյանը, թերեւս պրն Հովեյանին օգնելու անկեղծ ցանկությամբ, պարզաբանեց, թե խոսքը Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի մասին չէ: Սակայն ՕԵԿ անդամը գուցե սարսափած կուսակցական դավաճանության հնարավոր մեղադրանքից՝ անմիջապես արդարացավ. «Ես տենց պայմանագիր չե՛մ ստորագրել»: Ինչի պատճառով պատգամավորները երկար ժամանակ ուշքի չէին գալիս ծիծաղից: Կառաջարկեինք նրանց կարդալ https://home.media.am կայքեջում Հովիկ Հովեյանի հարցազրույցը, որը զվարճանքի ոչ պակաս պահեր կպարգեւի: Այստեղ նախարարը հայտարարել է, թե ԱԼՄ-ով երեխաներին երգացնելու մեջ «կարեւոր բացահայտումներ կան» եւ մասնավորապես՝ «մենք ինքներս մեզ ենք ճանաչում. պարզվում է՝ այն, ինչ ցուցադրվում է այդ կայանով, մեծ պահանջարկ ունի հանրապետությունում»։ Հովիկ Հովեյանը նաեւ ասել է, թե «ԱԼՄ-ի միջոցով մենք թոթափում ենք պատրանքներից մեր ուղեղն ու գեղագիտությունը»: Եվ վերջապես՝ հարցին, թե ինչո՞ւ է իր գլխավորած նախարարությունն անընդհատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ նա պատասխանել է. «Երեւի այդպես էլ պիտի լիներ. մեր հանրապետության 99 տոկոսը կա՛մ երգում է, կա՛մ պարում է, կա՛մ ասմունքում»։ Եվ ճշգրտմանն էլ, թե հոդվածները հիմնականում իր անձին են վերաբերում՝ ոչ մշակույթին, պրն Հովեյանն արձագանքել է այսպես. «Ուրեմն՝ հավանաբար անձս շատ հզոր է»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել