Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողում

Մայիս 17,2005 00:00

Ձախողում Թեեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ մայիսի 15-ի երեկոյան Վարշավայում կայացած բանակցությունների արդյունքները խնամքով գաղտնի են պահվում, ամեն ինչից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ ձախողվել են: Նախ, շուրջ 2 ժամ տեւած «դեմ առ դեմ» ձեւաչափով հանդիպումից հետո նախագահները հրաժարվել են մամլո ասուլիս տալ եւ ձեռնպահ են մնացել որեւէ հայտարարությամբ հանդես գալուց: Պարզ է, որ բանակցությունների քիչ թե շատ հաջող ընթացքի դեպքում նրանք առիթը բաց չէին թողնի միջազգային միջնորդների եւ առհասարակ այդ հանդիպման արդյունքներով շահագրգիռ զանազան մեծ ու փոքր լսարանների առջեւ կառուցողական գործչի կեցվածք ընդունելու եւ «հաջող երկխոսության» մասին որեւէ ակնարկ անելու: Նախագահների ձախողումը փոքրիշատե մեղմելու եւ առավել «ուտելի» տեսքով մատուցելու անշնորհակալ գործը, թերեւս, վերապահվել է նրանց ստորադասներին: Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը, մեկնաբանելով հիշյալ հանդիպումը, հաղորդել է, թե կողմերը քննարկել են Ղարաբաղի շուրջ պրահյան գործընթացի տարրերը, որոնց վերաբերյալ «հանգել են թեթեւ արդյունքի»: Չփորձելով մեկնաբանել վերջինիս արտաբերած «թեթեւ արդյունք» պերճախոս եզրը՝ նշենք միայն, որ Մամեդյարովը, մի քանի հերթապահ խոսք ասելով որոշ դետալների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, անմիջապես արձանագրել է, թե կան «այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները շատ ուժեղ տարբերվում են»: Այժմ արդեն բավական է կողք կողքի դնել Ադրբեջանի ԱԳ նախարարի շրջանառած «թեթեւ» եւ «շատ ուժեղ» մակդիրները՝ հասկանալու համար, թե ինչ արդյունք են ունեցել Քոչարյան-Ալիեւ բանակցությունները: Մի հատկանշական հանգամանք եւս. Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման սկիզբն անցել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Միշել Բարնյեի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ենթադրելի է, որ ամենափոքր իսկ հաջողության դեպքում միջնորդները, միմյանց հերթ չտալով, կավետեին ձեռք բերված առաջընթացը, դրանով իսկ ցուցելով նաեւ դրական արդյունքի մեջ ունեցած իրենց ավանդը: Այդպիսի բան, սակայն, չի եղել: Համանախագահները լռել են: Խոսել է միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի խուսափողականությունը, սակայն, միայն ամրապնդում է ձախողման մասին մեր ենթադրությունը: «Ես չեմ կարող մեկնաբանել այն հարցերը, որոնք գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցային սեղանին»,- ասել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարը: Ի դեպ, Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին խիստ լակոնիկ կարծիք է հայտնել նաեւ Վարշավայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ այն համարելով «կարեւոր քայլ»: Էրդողանը ձեռնպահ է մնացել իր եւ Ռ. Քոչարյանի հավանական հանդիպման մասին խոսելուց, նշելով միայն, թե «պատահական հանդիպումներով հարցեր չեն լուծվում»: Երեկ երեկոյի դրությամբ նրանք դեռ չէին հանդիպել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031