Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը խախտում է օրենքը

Մայիս 17,2005 00:00

Կառավարությունը խախտում է օրենքը Բյուջեի մասին արդեն իսկ հաստատված օրենքում, առանց օրենսդրական նախաձեռնության, կատարվում են փոփոխություններ: Այս մասին հայտնի դարձավ երեկ՝ «2004-ի պետական բյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, երբ անդրադարձ էր կատարվում գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտների ֆինանսավորման հարցերին: «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց, թե արդյոք օրինաչա՞փ է համարում այն փաստը, որ երբ բյուջեի առնչությամբ պատգամավորների արած առաջարկներն արդեն իսկ ընդունվել են կառավարության լիազոր ներկայացուցչի կողմից ու «պատգամավորներն այդ տեսքով քվեարկում են բյուջեն եւ ընդունում՝ հանկարծ տպագրված տարբերակում տեսնում են, որ այդ տողը բացակայում է»: Որպես ասվածի ապացույց՝ բերեց 2 օրինակ: Առաջին փաստը վերաբերում էր Վանաձորի Խնձորուտ թաղամասին հատկացված գումարին, իսկ երկրորդը՝ Արթիկի շրջանի Վարդաքար գյուղի դպրոցի վերանորոգման համար բյուջեով նախատեսված 15 մլն դրամին: Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե Շիրակի մարզպետն «անփորձության պատճառով» բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ խոստովանել էր, թե ինքն է բյուջեից «հանել տվել» այդ գումարը: Պատգամավորն անգամ հեգնեց. «Ես մտածում էի՝ մենակ Լոռու մարզպետն ունի այդ հնարավորությունը: Բանից պարզվում է՝ դա հիվանդություն է դարձել եւ մի քանի մարզպետներ ունեն այդ հնարավորությունը: Ո՞վ իրավունք ունի ԱԺ պատգամավորների քվեարկած նախագծից, որ արդեն օրենք է դարձել՝ ինչ-որ բաներ հանել, չեմ հասկանում»: Ներկա պատգամավորները շարունակեցին թվարկել նման այլ օրինակներ: Մեխակ Մխիթարյանը հիշատակեց Արմավիրի Նորավան գյուղում դպրոցի կառուցման համար բյուջեով նախատեսված գումարի վերջնական տարբերակից անհետացման պատմությունը: Իսկ Հրանուշ Հակոբյանը մեջբերեց օրենքի հանդեպ ձեռնածությունների մեկ այլ օրինակ՝ փոփոխում են բյուջեի մասին օրենքում նշված դպրոցի համարը. «2005-ի պետբյուջեում գրված է, ենթադրենք, Սարուխանի թիվ 2 դպրոց, տանում՝ դարձնում են 3-րդ»: Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե «նորմալ երկրներում այս դեպքում ինչպե՞ս է վարվում կառավարությունը»: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը որեւէ այլ պատասխան չգտավ, քան ընդամենն ասելը. «Կարող եմ անձնապես չհամաձայնել մեր երկրին որպես ոչ նորմալ գնահատելուն: Կարծում եմ, պետք է առաջնորդվել օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակով»: «Ժողպատգամավորի» քարտուղարը հիշեց, թե 2004-ին ունեին կասկածներ, թե հնարավոր են նման փոփոխություններ, եւ դրա համար էին պահանջում, որ բյուջեն ներկայացվի «բացված վիճակում», սակայն այն այդպես էլ չտրամադրվեց պատգամավորներին: Ի դեպ, կառավարության անդամը՝ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը նույնպես համաձայնեց, որ եթե արդեն հաստատված բյուջեում «տողի փոփոխություն է եղել՝ դա, անկասկած, օրենքի խախտում է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել