Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՎՈԼՅՈՒՑԻԱ»

Մայիս 17,2005 00:00

«ԷՎՈԼՅՈՒՑԻԱ» ՉԷԻՆ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ Քաղաքական ուժերը մեկնաբանում են Քոչարյան-Ալիեւ հերթական անպտուղ հանդիպումը Այս օրերին Վարշավայում տեղի է ունենում Եվրախորհրդի երրորդ գագաթաժողովը, որի շրջանակներում երեկ կայացավ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Մեկ ժամ տեւած հանդիպումից հետո նախագահները հեռացել են՝ լրագրողներին ոչինչ չասելով: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումն «էվոլյուցիոն» չի եղել: Ըստ արտգործնախարարի, նախագահները որոշել են աշխատել Պրահայի սկզբունքներով, շարունակվելու են նաեւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները: Նախագահների այս հերթական հանդիպումից, պարզվում է, Հայաստանում սպասելիքներ չունեին: Հայաստանյան քաղաքական ուժերի գնահատմամբ, հարցի լուծման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի տեսակետները բավականին բեւեռացված են: «Առավոտի» հետ զրույցում նման տեսակետներ արտահայտեցին «Արմատ» կենտրոնում եւ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինիս կարծիքով, այս պահին կողմերին ձեռնտու էլ չեն բեկումային իրադարձությունները հարցի կարգավորման համար, այն առումով, որ երկու երկրներում էլ լարված ներքաղաքական իրավիճակ է, իսկ Ադրբեջանում աշնանը ընտրություններ են սպասվում: Ըստ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի, Ադրբեջանը ոչ թե հակված է իրոք հարցի կարգավորմանը, այլ փորձում է հանդես գալ ուժի դիրքերից: Պարոն Քոչարյանը նկատի ունի այն ռազմատենչ կոչերը, որոնք հնչում են Ադրբեջանում, այդ թվում նաեւ Իլհամ Ալիեւի կողմից: Նախագահների այս հերթական հանդիպումը, պարոն Քոչարյանի որակմամբ՝ տուրք է միջազգային հանրության ճնշմանը, որը հակված է հարցի խաղաղ կարգավորմանը: «Առավոտի» դիտարկմանը՝ «Քանի որ միջազգային հանրությունն այդուհանդերձ սպասելիքներ ունի հարցի խաղաղ կարգավորման առնչությամբ, արդյո՞ք, հիասթափված հերթական անարդյունք հանդիպումից՝ կողմերի վրա ճնշումներ կգործադրվեն», մեր զրուցակիցն արձագանքեց. «Այս վիճակում մենք գտնվում ենք 10 տարուց ավելի՝ զինադադարից հետո: Այնպես որ, նորություն չէ, որ առաջընթաց չկա: Այդ տեսակետից այս հանդիպումը եւս նոր որակ չի հաղորդում: Բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ առջեւում Ադրբեջանում կան ընտրություններ, որը եւս նոր երանգ է տալիս այս բոլոր հարցերին: Ինչեւէ, միջազգային հանրության, միջնորդ երկրների, եռանախագահների կողմից միշտ էլ մի շատ հստակ բան է ասվել՝ լուծումները պետք է դուք ինքներդ գտնեք, իրենք պատրաստ են աջակցել՝ կողմերի ընտրած լուծումը կյանքի կոչելու հարցում»: Քանի որ ԼՂՀ-ն բանակցային կողմ չէ եւ Ադրբեջանն էլ, ձեւականորեն խոսելով կարգավորման մասին, միաժամանակ բավականին հստակ արտահայտում է իր դիրքորոշումը՝ հակամարտությունը երկկողմանի է եւ Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է օկուպացված, Շավարշ Քոչարյանը համարում է հարցի կարգավորման հիմնական խոչընդոտները: «Այսինքն՝ միջազգային հանրությունն առայժմ ձեռնպահ կմնա՞ ճնշումների գործադրումից» հարցի պատասխանը եղավ. «Մեզ միշտ դրդում են դեպի կարգավորում: Դա ինքնին ճնշում է: Խնդիրը հետեւյալն է՝ ճնշումն ավելի շատ ո՞ւմ է հասցեագրված: Մեր ճիշտ դիվանագիտության պարագայում ճնշումն ավելի շատ պետք է Ադրբեջանին հասցեագրված լիներ: Ցավոք, եթե դատենք այն փաստաթղթերով, որոնք ընդունվել են Եվրոպայի խորհրդում եւ այն ակտիվությամբ, որը ցուցաբերում են ադրբեջանցիները տարբեր ատյաններում, հիմնական ճնշման թիրախը դառնում է Հայաստանը»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆՀ. Գ. Երեկ, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի գագաթաժողովում, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, ասաց. «Հայաստանում հավատում են Եվրոպային՝ բաց սահմաններով, առանց բռնության, շրջափակումների ու փախստականների, Եվրոպային, որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ ժողովուրդների ազատ ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի անաչառ գնահատականի հիման վրա։ Այս համատեքստում ենք մենք տեսնում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը: Այն է` եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում դե ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ներգրավելու բանաձեւի որոնումը: Եվրոպական արժեքների հանդեպ հավատով են բացատրվում եւ մեր ջանքերը 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս տարի մենք նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների 90172րդ տարելիցը եւ շնորհակալ ենք մեզ աջակցած բոլոր երկրներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել