Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Մայիս 17,2005 00:00

Քննարկումներ մարզերում «Հայջրմուղկոյուղի»
ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության բաժանորդներին իրազեկելու եւ հասարակությանը
տեղեկացնելու վերաբերյալ հասարակական ծրագրի շրջանակներում, ս.թ. փետրվար-ապրիլ ամիսներին
հանդիպումներ ունեցավ ՀՀ բոլոր մարզպետների, 30 քաղաքապետերի, գյուղական առանձին
համայնքների ղեկավարների, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների
ընթացքում գլխավոր տնօրենը, մարզպետները, քաղաքապետերը հիմնականում անդրադարձել են
«Կառավարման պայմանագրի» դրույթներին, համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին,
տարածքային 4 մասնաճյուղերի ստեղծման նպատակներին, ֆրանսիական «ՍԱՈՒՐ» կազմակերպության
փորձին, ընթացիկ տարում կատարվելիք անհապաղ աշխատանքներին, ծրագրով նախատեսված ներդրումներին,
համակարգի առողջացման գործընթացում լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարցերին: Նրանք
կանգ են առել նաեւ ընկերության սպասարկման ոլորտի ՋեւՋ ցանցերի, կառուցվածքների ներկա
տեխնիկական վիճակի, դրանց հետ կապված հրատապ, առաջնահերթ անելիքների, մասնաճյուղերի
եւ տեղամասերի տեխնիկական վերազինման, հավաքագրման մակարդակի բարձրացման անհրաժեշտության,
ջրի որակի եւ սպասարկման ծառայության բարելավման, ջրամատակարարման տեւողության ավելացման,
վթարների վերացումից հետո ճանապարհների վերականգնման, ընկերության նկատմամբ բնակիչ-բաժանորդների
վստահության մեծացման, ՏԻՄ-երի հետ համագործակցության ամրապնդման, անհետաձգելի գործերը
միասնաբար առաջ տանելու եւ այլ խնդիրների վրա: Հանդիպումներից հետո գլխավոր
տնօրենը այցելել է տեղամասեր, ջրաղբյուրներ, կապտաժներ, քլորակայաններ, պոմպակայաններ,
բնակելի թաղամասեր, զրուցել մարդկանց հետ, ուսումնասիրել նրանց աշխատանքային պայմանները,
կարեւորել համակարգի կառուցվածքների հիմնանորոգման, կահավորման խնդիրները, այս կամ
այն ոլորտին առնչվող կոնկրետ հանձնարարություններ տվել: Բարձրացված ո՞ր խնդիրներն
են լուծվել, ո՞րը՝ ոչ: Ի՞նչն է թերացման պատճառը, գործերի դանդաղ ընթացքի համար ո՞վ
է մեղավոր, ո՞ր օղակն է իր պարտականությունների կատարումը ձախողել: Այս եւ բազմաթիվ
այլ հարցերի պատասխանները տրվում են տարածքային մասնաճյուղերում անցկացվող ամենամսյա
արտագնա խորհրդակցություններում, ուր հաշվետվությամբ հանդես են գալիս տնօրենները:
Այդպիսի միջոցառումներ ապրիլ-մայիս ամիսներին անցկացվեցին ընկերության «Կենտրոն-արեւմտյան»
եւ «Հյուսիս-արեւմտյան» մասնաճյուղերում: Կատարված այս եւ այլ աշխատանքների
արդյունքում արդեն իսկ նկատելի են դրական տեղաշարժերը: Ջրատարների եւ ցանցերի,
սարքավորումների վթարային-վերականգնողական որոշակի աշխատանքներ են իրականացվել Աշտարակ,
Մասիս, Արարատ, Արտաշատ, Աբովյան, Հրազդան, Ստեփանավան, Ալավերդի, Ջերմուկ, Սիսիան
քաղաքներում եւ այլ տարածաշրջաններում: Երկար ժամանակ հեղուկ քլորը մեր համակարգի
մասնաճյուղեր է հասցվել տարբեր կազմակերպությունների միջոցով՝ նրանց հետ կնքված պայմանագրերի
համաձայն: Միշտ չէ, որ այդ կարեւոր աշխատանքը կատարվել է ժամանակին, առանց ձգձգումների:
Այդ պատճառով էլ ջրի վարակազերծման հարցում մշտապես պահպանվել է լարվածությունը:
Ներկայումս ընկերությունը գնել է հատուկ կահավորված, մինչեւ 12 տոննա բեռնատարողությամբ
քլոր տեղափոխող մեքենա, որը հնարավորություն է տալիս կարգավորել ախտահանիչ նյութերի
առաքման գործընթացները: Ձեռք են բերվել գրասենյակային գույք, համակարգչային
տեխնիկա, որոնք տրամադրվել են ընկերության ստորաբաժանումներին: Սահմանված
կարգով մրցույթ է հայտարարվել մեքենա-մեխանիզմներ, հեղուկ քլորի դոզավորող սարքեր,
քիմիական նյութեր, տարաներ, աշխատանքային գործիքներ, տարբեր տրամաչափի խողովակներ
եւ այլն գնելու համար: Ավարտին է մոտենում ընկերության կապիտալ ֆոնդից ֆինանսավորվող
ներդրումների ծրագրի շրջանակներում նախատեսված Սեւան եւ Դիլիջան քաղաքների ջրամատակարարման
բարելավման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը: Ա.
ՄԱԼԽԱՍՅԱՆ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸհասարակայնության հետ կապերի գծով տնօրենR

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել