Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել»-ը դուռ է բացում»

Մայիս 17,2005 00:00

Երեկ «ՂՏելեկոմ»-ի եւ «ԱրմենՏել»-ի միջեւ վերջապես ստորագրվեց պայմանագիր, որով կանոնակարգվեցին երկու ընկերությունների հարաբերությունները շարժական կապի մատուցման ոլորտում:

Մեր տվյալներով, վերջնական փաստաթուղթը, որը կազմում է շուրջ 80 էջ, պատրաստ էր անցյալ շաբաթվա վերջին: Հեռահաղորդակցության ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ առավել ուշագրավն այն է, որ պայմանագիրը կնքվեց առանց պետական միջամտության: Սա հաստատեց նաեւ «ՂՏելեկոմ»-ի գործադիր տնօրեն, լիբանանահայ Ռալֆ Երիկյանը՝ նշելով, որ թեպետ կարգավորող մարմինը (ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն) կողմնակից էր պայմանագրի արագ ստորագրմանը, սակայն, այնուամենայնիվ, «ստիպողական միջոցները նա չօգտագործեց, դրանք մնացին պահուստում»:

Լիցենզիայի համաձայն՝ «ՂՏելեկոմ»-ը պետք է իր գործունեությունը սկսեր մայիսի 1-ից: Մեր թղթակցի հարցին, թե ինչո՞ւ պայմանագրի ստորագրումը ձգձգվեց, պրն Երիկյանը պատասխանեց. «Հիմա կարեւորն այն է, որ պայմանագիրը ստորագրվեց, եւ մենք մեր աշխատանքները պիտի սկսինք»: «Բանակցությունների ժամանակ ամեն ինչ հնարավոր է, պայմանագիրը միանգամից չի կնքվում, քանի որ մեկը մյուսի պայմանները միանգամից չի ընդունում, յուրաքանչյուրը պիտի իր շահերը պաշտպանի, բայց երբեմն միեւնույն ատեն իր շահերը խփելու են մյուսին շահերին, հետաքրքրություններին, ադոր համար որոշ տեղեր կոմպրոմիսներ պետք է եղնին»,- ասաց նա:

Սակայն փոխզիջումների բովանդակության մասին «ՂՏելեկոմ»-ի գործադիր տնօրենը ոչինչ չասաց, քանի որ դրանք բանակցությունների մաս են կազմում եւ մնալու են գաղտնի: Պայմանագրի բովանդակությունը, ըստ պարոն Երիկյանի, նույնպես չի հրապարակվելու, քանի որ այն կոմերցիոն բնույթ ունի:

Լիցենզիայի համաձայն՝ «ՂՏելեկոմ»-ը իրավունք ունի շարժական կապի ծառայություններ մատուցելու: Այդ հնարավորությունը ընկերությունը ձեռք է բերել մրցույթում հաղթելու շնորհիվ: Երեկ ստորագրված փաստաթուղթը կարգավորում է այն պայմանները, որոնցով համակցվելու են երկու ընկերությունների ցանցերը։ Այդ պայմաններով երկու ցանցերի բաժանորդները հաղորդակցվելու են իրար հետ: «ՂՏելեկոմ»-ը վճարելու է իր բաժանորդների՝ «ԱրմենՏել»-ի բաժանորդներին զանգելու դեպքում: Ընկերությունը գումար է ստանալու այն ժամանակ, երբ «ԱրմենՏել»-ի բաժանորդները զանգեն իր բաժանորդներին: Ըստ պարոն Երիկյանի՝ այս ձեւը համապատասխանում է միջազգային կապի օրենսդրությանը։ ««ԱրմենՏել»-ը դուռ է բացում եւ դուռը բացելու համար վարձ է վերցնում, եւ ստուգման կետեն անցկացնելու համար էլ վարձ կա, սա միջազգային ստանդարտներով է լինում»,- նշեց Ռալֆ Երիկյանը:

Պարոն Երիկյանը հույս հայտնեց, որ ամենամոտ ապագայում «ՂՏելեկոմ»-ը կկարողանա ծառայություններ մատուցել՝ մասնավորեցնելով. «Վեց ամիսը շատ է, շատ ավելի կանուխ պիտի սկսինք, մեկ ամիսն ալ ճիշտ չէ, հիմա մենք պետք է սկսինք շատ արագ տեմպերով աշխատիլ, եւ հուսանք ամեն ինչ լավ պիտի ըլլա»:

«Panorama.am» ինֆորմացիոն կենտրոն՝հատուկ «Առավոտ»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել