Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ «ՖՌԱՑՆԵԼ» ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ

Մայիս 17,2005 00:00

«Արդարությունը»
կազմել է ԵԽ-ի առջեւ պարտավորությունների չկատարման ցուցակ ԵԽԽՎ դիտարկման
հանձնաժողովի անդամներն անցած շաբաթ հանդիպեցին նաեւ հանրապետության ընդդիմադիր քաղաքական
ուժերի ներկայացուցիչների հետ: «Արդարություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ
Յեժի Յասկերնիային եւ Ժորժ Կոլոմբիեին է հանձնվել խմբակցության կողմից կազմված մի
փաստաթուղթ, որում մանրամասն նշված են այն բոլոր պարտավորությունները, որոնք Հայաստանի
իշխանությունները այդպես էլ չեն կատարել: Դաշինքի կողմից հանդիպմանը մասնակցել են
Ստեփան Դեմիրճյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Արամ Գ. Սարգսյանը: Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ,
դիտարկման հանձնաժողովին ասվել է, որ «փշալարային մենթալիտետը եւ մահակային սիմվոլիկան
անհնար է պարուրել եվրոպական մտածելակերպով: Ընտրյալներին է հասու այն զգացողությունը,
որ քարը կարող է դառնալ խաչքար՝ չնայած ոմանք քարի մեջ միայն քարն են տեսնում»: Թե
որքանով են եվրոպացիք հասկացել այս սիմվոլիկան, դժվար է ասել, սակայն կոնկրետ փաստերի
լեզուն նրանց համար հասկանալի է եղել: Իսկ այդ փաստերը ընդդիմության ներկայացուցիչները
արդեն երկու տարուց ավելի են շեշտում: ԵԽ–ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների
օրենսդրական բաժնում մինչ այսօր անկատար են մնացել մի շարք պարտավորություններ: Սահմանադրական
փոփոխությունների հետ կապված խախտվել են ոչ միայն ժամկետները: Ի սկզբանե, որպես սահմանադրական
փոփոխությունների վերջին ժամկետ, նշված է եղել 2005-ի հունվարը, հետո այդ ժամկետը
երկարաձգվեց մինչեւ 2005-ի հունիս, հիմա արդեն խոսվում է աշնան մասին: Բովանդակային
մասում կատարված չեն Վենետիկի հանձնաժողովի երեք սկզբունքային կետերի պահանջները:
Կոալիցիայի արդեն ընդունված նախագծում իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման
սկզբունքը պահպանված չէ: Ապահովված չէ դատական համակարգի անկախացումը գործադիրից,
կատարված չէ Երեւանի քաղաքապետի ընտրովիության պահանջը: Չենք կասկածում, որ կոալիցիան
այս ամենի մասին եվրոպական դիտորդներին կհամոզի՝ ասելով, թե այդ չկատարված պարտավորությունները
եւ խոստումները կկատարվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, սակայն
հետո դարձյալ «կֆռացնեն»: Նույն՝ օրենսդրական կարգի պարտավորություններից առայժմ
կատարված չէ ԸՕ-ի բարեփոխման հարցը: Փաստորեն, երկրորդ ընթերցմանը ներկայացված նախագծում
լուծված չէ հանձնաժողովի անդամների հավասարակշռված կազմի խնդիրը: ՀՀ նախագահի կողմից
3 անդամի նշանակումը ձեւականորեն փոխարինվել է 1-ական տեղ Վճռաբեկ դատարանին, ՀՀ
նախագահին եւ անկախ պատգամավորների խմբի կողմից ՝ ՍԴ-ին կարգով: Նախագծում ակնհայտ
է նահանջը նույն եվրոպական պահանջներից, քանի որ հոդված 13-ում զինվորականների ցուցակները
դարձվում են գաղտնի, բարձրացվել է նախընտրական գրավի չափը, հանվել են հանձնաժողովի
անդամների կողմից ստորագրելու եւ քվեաթերթիկների կնքումը հանձնաժողովի կնիքով կնքելու
հարցերը: «Ընտրական օրենսգրքի» հետ կապված՝ կան նաեւ այլ նահանջներ: Շարունակվում
է չկատարված մնալ «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքը եվրոպական
ստանդարտներին համապատասխանեցնելու պարտավորությունը: Այս օրենքը 2004-ի ապրիլին
արժանացավ Վենետիկի հանձնաժողովի բացասական գնահատականին: Չկատարվածների շարքը լրացնում
է նաեւ վարչական կալանքի վերացման մասին չկատարված հարցը: Չի կատարվել նաեւ հետեւյալ
պահանջը. «Մինչեւ 2004-ի 2-րդ քառորդի վերջ ընդունել օրենք Երեւան քաղաքի մասին,
պետության վարչատարածքային բաժանումների մասին»: Նաեւ սա՝ «Մինչեւ 2004-ի մարտ վերանայել
«Ոստիկանության մասին» օրենքը՝ համապատասխանեցնելով ԵԽ հանձնարարականներին»: Նաեւ
այս մեկը. «Մինչեւ ուժի մեջ մտնելը՝ 2004թ. հուլիսի 1-ը կրճատել այլընտրանքային զինծառայության
տեւողությունը՝ 42 ամսից դարձնելով 36»: Դաշինքի կազմած տեղեկանքում նշված
են նաեւ իշխանությունների կողմից իրականացված այն բոլոր գործողությունները, որոնք
հակասում են պարտավորությունների կատարման պրակտիկային: Այսպես, ԵԽԽՎ 1361 բանաձեւի
«Վեհաժողովը ցնցված է վարչական կալանքի սկանդալային կիրառմամբ, որը դեռեւս շարունակվում
է: Հայաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն այդ կալանքների կիրառումը» գնահատականից
հետո ոչ թե հետեւություններ են արվել, այլ հակառակը՝ դրան հաջորդել են վարչական կալանքի
նոր դեպքեր: Այս պահանջը կար նաեւ 2002-ի 1304 բանաձեւում: Իսկ 1374 բանաձեւում նշված
«Ստեղծել նպաստավոր պայմաններ լրատվամիջոցների նորմալ գործունեության համար» զգուշացմանը
հաջորդում է «Ա1+»-ին իր զբաղեցրած տարածքից վտարելու փորձը: Մինչ այժմ շարունակում
է չկատարված մնալ նաեւ օրինազանցներին պատժելու պահանջը: ԵԽ-ն պահանջել էր «Անցկացնել
լիարժեք հետաքննություն ընտրակեղծիքների վերաբերյալ եւ վերջ դնել կեղծարարների դատական
անպատժելիությանը մինչեւ 2004-ի վերջը»: Անցած երկու տարում իշխանությունները չեն
էլ փորձել գոնե «ձեւի համար գտնել» որեւէ կեղծարարի եւ դարձնել քավության նոխազ:
Ընտրակեղծիքների համար ոչ ոք մեր երկրում չի պատժվել, մինչդեռ դրանց մասին խոսում
են ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանության մաս կազմողները: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել