Մկրատներ՝ տնօրենների գլխին Թիվ 27 դպրոցի տնօրենն անհանգստացած է «Այսօր մեր կառավարությունը, իշխանությունները կրթության բարեփոխումների համար հսկայական վարկեր են հայթայթում եւ դա ներկայացնում են հասարակությանը որպես աշխատանքի բարձր արդյունավետություն: Ես՝ որպես կրթության բնագավառի մշակ, տեսնում եմ, որ այդ բարեփոխումների համար բերված վարկերն առայժմ ծախսվում են ընդամենը թղթեր, փաստաթղթեր, օրենքներ գրելու վրա»,- իր մտահոգությունն է հայտնում թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը: Անշուշտ, ըստ նրա, այդ օրենքները շատ կարեւոր են, բայց խնդիրն այն է, որ օրենքները համազգեստ չեն, որ հագցնենք երեխաներին եւ ստանանք պահանջվող կերպարը: Իրականության մեջ այդ օրենքներով ղեկավարվելուն նպաստող ոչինչ չի արվում: Իբրեւ օրինակ բերենք վերջերս (16.03.05թ.) ընդունված անհասկանալի մի նոր կարգ՝ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մասին: Կարգի 15-րդ կետն ասում է. «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված եւ այդ պաշտոնը 5 տարուց ավելի զբաղեցնող անձը լիազորված պետական մարմնի կողմից ենթակա է ատեստավորման՝ սույն կարգն ուժի մեջ մտնելուց մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը՝ 5 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում: Ատեստավորման անցկացման ընթացակարգը, հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ կազմը սահմանում է լիազորված պետական մարմինը»: «Որքան ես հասկանում եմ, այս կարգը վերաբերում է այն տնօրեններին, որոնք խորհուրդներով չեն ընտրվել, եւ որոնց 5 տարին լրացել է: Այդ կարգը վերաբերում է մասնավորապես ինձ»,- իր մտավախությունն է հայտնում տիկին Բախշյանը: Ըստ այս կարգի, նախատեսված է ատեստավորում, իսկ ատեստացիայի հանձնաժողովի կազմը, ընթացակարգը, մրցույթը լիազորված պետական մարմնի՝ մարզպետարանների վրա է դրված, ի տարբերություն օրինակելի կանոնադրությամբ նախատեսված կարգի, որտեղ այդ իրավասությունը տրված է հաստատության կառավարման բարձրագույն մարմնին` դպրոցական խորհրդին: Ընդ որում, գրված չէ, թե ինչ չափորոշիչներով է արվելու ատեստացիան: «Նշվում է միայն, որ մարզային կառույցներն են դա անելու, դա նշանակում է, որ 11 տեսակ չափորոշիչ կարող է լինել, եւ բոլոր այն տնօրենները, որոնք այդ ստորաքարշության սանդղակում չեն հայտնվի, այս կարգով շատ գեղեցիկ կթռնեն դուրս: Ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, հրապարակային գործունեությունը, ո՞ւր մնաց կրթակարգով նախատեսված կետը՝ վերանայել հանրակրթության ոլորտի կառավարման սկզբունքները՝ հավասարակշռելով պետական կառավարումը, դպրոցական ինքնավարությունը եւ հասարակական վերահսկողությունը»: Եվ վերջապես ո՞ւր մնաց ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին» N661 որոշումը, որով պետք է առաջնորդվեն հանրակրթական համակարգի բարեփոխումների մասին կարգեր գրողներն ու ծրագիրն իրականացնողները: Ի դեպ, կարգի մասին իմանալով՝ տիկին Բախշյանը հանդիպել է ԿԳ փոխնախարար Նորայր Ղուկասյանին, ԱԺ կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանին, եւ պարզվել է, որ վերջիններս չգիտեն՝ որտեղից է ընդհանրապես ծնվել այս կարգը: Տնօրենը հակասություն է տեսնում ԿԳ նախարարի՝ այս օրենքի մասին արտահայտած մտքերի եւ բուն օրենքի բովանդակության մեջ: Մասնավորապես, «Կրթություն» թերթում տված հարցազրույցում նախարարն ասել է. «Տեսչության նպատակը, անշուշտ, նկատված թերության վերացումն է: Տեսուչը ոչ միայն թերություններն արձանագրող պետք է լինի, այլեւ առաջին հերթին օգնող, աջակցող, խորհուրդներ տվող: Արձանագրելով թերությունը եւ այն թմբկահարելով՝ գործն առաջ չես տանի, պետք է օգնել, նշել վերացման ուղիները»: Բայց օրենքի նախագծում, արի ու տես, որ ոչ մի կետով չկա գրված, թե տեսչությունն առաջին հերթին օգնում, աջակցում է: Անընդհատ գրված է՝ «տեսչավորման հիման վրա կազմվում են հաշվետվություն, ակտեր, տեղեկագրեր, զեկուցագրեր, վերլուծություններ եւ օրենքով սահմանված կարգով տեսչությունը հայցով դիմում է դատարան»: Հիմա ո՞րն է իրականության մեջ գործելու: Դատելով այն բանից, թե ինչ մեծ լիազորություններ են այս օրենքով տրվում տեսչություններին, անշուշտ, այս դեպքում այն անվերապահորեն կգործի՝ մկրատ դառնալով անցանկալի տնօրենների գլխին եւ կխորացնի ստրկամտության, շողոքորթության, վախի առկա մթնոլորտը, որը հատկապես իր կիզակետին կհասնի տարբեր մակարդակի ընտրությունների նախօրեներին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. «Առավոտը» հաճախ է անդրադառնում հենց տիկին Բախշյանի տեսակետներին, որովհետեւ մնացած դպրոցների տնօրենների կարծիքը, որպես կանոն, համընկնում է իրենց ղեկավարության կարծիքի հետ: