ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ «ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ» Սակայն ոչ ոք չի կասկածում, որ ԱԳ նախարարների եւ նախագահների հանդիպման արդյունքները սովորականի պես զրոյական կլինեն: Այսօր առավոտյան ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Կրակով, որտեղ նա նույն օրը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Սթիվեն Մաննի, Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հետ: ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այդ հանդիպման ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլի մի շարք հարցերի շուրջ՝ պրահյան գործընթացի շրջանակներում: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը հաջորդելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ 16-17-ը Վարշավայում Եվրոպայի խորհրդի երրորդ գագաթաժողովի շրջանակներում նախատեսված մեկ այլ հանդիպում, այս անգամ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն երկրորդ անգամ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ բանակցությունները վարում են առանձին-առանձին: Առաջին նման փորձը եղավ Լոնդոնում, երբ երկու երկրների ԱԳ նախարարները միաժամանակ լինելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում` այդպես էլ դեմ առ դեմ չհանդիպեցին: Երկրորդ նմանօրինակ դեպքն արձանագրվեց Ֆրանկֆուրտում, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպեցին միայն Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ, իսկ Օսկանյանի հետ առանձին հանդիպումը տեղի կունենա այսօր: Վ. Օսկանյանը չի թաքցնում, որ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման անհրաժեշտություն ինքը չի տեսնում: Գրեթե նույն կարծիքն է հայտնել նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հայկի Թալվիթիեն: Վերջինս Բաքվում հիշեցրել է, որ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտ ամսին եւ դա բացատրել է այն հանգամանքով, որ երկու երկրների ԱԳ նախարարների «հանդիպումների օրակարգը սպառվել է»: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է «նոր մանդատ տան արտգործնախարարներին», եւ հույս է հայտնել, թե Վարշավայում նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման ժամանակ նոր մանդատ կտան արտգործնախարարներին: Այդուամենայնիվ, Բաքվի ԶԼՄ-ները՝ նկատի ունենալով ԱԳ նախարարների հայտարարությունները՝ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների վերսկսումը չբացառելու մասին, արձանագրում են, թե Վարշավայում կայանալիք հանդիպումը կարող է նման սկիզբ հանդիսանալ: «Բանակցային գործընթացի անցած 11 տարիները ցույց են տալիս, որ կողմերը, եթե նույնիսկ ոչ կանխամտածված կերպով, այդուհանդերձ, ըստ էության որեւէ բանի շուրջ չեն կարողանում պայմանավորվածությունների հանգել: Ընդ որում, չի բացառվում այն տարբերակը, որ կարգավորման գործընթացը ձգձգվում է երկու կամ նվազագույնը երկրներից մեկի իշխանությունների կողմից»,- գրում է «Զերկալոն»: Անկախ այն բանից, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հատկապես ում նախաձեռնությամբ եւ ինչ պատճառաբանությամբ են առանձին-առանձին բանակցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ տպավորություն է ստեղծվում, թե բանակցությունների ձեւաչափը աստիճանաբար եւ սահուն կերպով փոփոխվում է: Հայաստանում այդ առնչությամբ տարբեր կարծիքներ կան: Ոմանք համարում են, որ այդ հանդիպումներն, իրոք, վկայում են բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին, ոմանք, ինչպես օրինակ՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, նման միտումներ տեսնում են, բայց ոչ թե ԱԳ նախարարների եւ միջնորդների առանձին-առանձին հանդիպումների, այլ միջազգային կառույցներում ԼՂ հակամարտության շուրջ ընթացող պրոցեսների համատեքստում: «Ձեւաչափը փոփոխվում է, բայց ոչ թե այս բանակցությունների ժամանակ, այլ՝ ԵԽ-ում, որը սկսել է ավելի ակտիվ զբաղվել ԼՂ հիմնախնդրով, ինչի կարեւոր բաղադրիչը հենց այդ կառույցի շրջանակներում ԼՂ խնդրով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն էր»,- նկատեց քաղաքագետը: Բոլոր դեպքերում փաստ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համառորեն փորձում են բանակցել հակամարտող կողմերի հետ՝ կլինի դա համատեղ, թե առանձին-առանձին՝ նրանց համար, թերեւս, էական չէ: Կարեւորն այն է, որ հակամարտությունը լուծում է պահանջում: Ստ. Գրիգորյանի դիտարկմամբ, միջնորդների՝ արտգործնախարարների հետ անպայմանորեն հանդիպելու այդ համառությունը վկայում է այն մասին, որ հակառակ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կարգավորումը ձգձգելու ջանքերի` ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է արագացնել այդ գործընթացը: «Մյուս կողմից, բանակցությունների այդ մեթոդիկան, երբ համանախագահներն առանձին են հանդիպում ԱԳ նախարարների հետ, դեռեւս չի նշանակում բանակցային ձեւաչափի փոփոխություն, բայցեւ, ըստ իս, հուշում է, որ այդ բանակցությունները խաղաղության պարտադրման տարրեր են պարունակում»,- ասաց Ստ. Գրիգորյանը՝ հավելելով, թե միայն այն հանգամանքը, որ ԱԳ նախարարները միասին չեն հանդիպում, նաեւ ապացույցն է այն բանի, որ բանակցություններ, ըստ էության, չեն վարվում: Քաղաքագետի ասելով, Կրակովի հանդիպումից եւս բանակցային գործընթացում լուրջ տեղաշարժերի իմաստով որեւէ բան սպասել չի կարելի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ