Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

Մայիս 14,2005 00:00

ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է Կուսակցությունների հանդիպման ժամանակ մշակվող փաստաթուղթ, որը ներկայացվել է հասարակական քննարկման: 1. Հայաստանի ժողովրդավարացումը, որը բոլոր քաղաքական ուժերը համարում են երկրի ներքին քաղաքականության առանցքային հարց, հանգեցնում է Հայաստանում սահմանադրական պետականության հաստատմանն ուղղված գործողությունների: Ակնհայտ է, որ Անկախությանը հաջորդած 14 տարիների ընթացքում Հայաստանում չի հաջողվել ստեղծել սահմանադրական կարգի հիման վրա գործող պետություն: Ամբողջ այդ ժամանակաշրջանում երկրում գործող ավտորիտար կարգերը 2003թ. կեղծված ընտրությունների հետեւանքով վերաճեցին կոալիցիոն կառավարման պայմանագրով օրինականացված բացահայտ քրեական կարգերի: Երկիրը բաժանվեց քաղաքական եւ տնտեսական ազդեցության գոտիների: Հայաստանի պետական եւ հասարակական կյանքում կայացել են գործուն ստվերային մեխանիզմներ, որոնք չեզոքացնում են սահմանադրական կարգի ազդեցությունը երկրի կենսագործունեության վրա: Նախ եւ առաջ, դրանք ընտրությունների միջոցով ազգային իշխանության ձեւավորման հնարավորությունները կաթվածահար անող մեխանիզմներն են: Հետեւաբար, սահմանադրական կարգի հաստատման Հայաստանի համար ռազմավարական հիմնախնդրի լուծումն առաջին հերթին հանգում է երկրի հասարակական-քաղաքական կյանքում իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմի պատվաստմանը: Այս խնդրի առաջնայնությունն ազգային մյուս կարեւորագույն խնդիրների համեմատությամբ բացատրվում է այն կարեւոր հանգամանքով, որ առանց սահմանադրական նորմերի վրա հիմնված եւ արդյունավետ գործող ազգային իշխանության այլ խնդիրներ չեն կարող լուծվել: Հայաստանում հանցագործ խմբերի ակտիվացման չափերը հանգեցրել են կարեւորագույն պետական պաշտոնների եւ հասարակական-քաղաքական ոլորտում կառույցների մեծ մասի բռնատիրմանը, մեր երկրի ներքին եւ միջազգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը վերածելով ֆիկցիայի: Երկրի քաղաքական իրավիճակն ինքը Հայաստանի ժողովրդի համար դարձել է արտաքին եւ ներքին սպառնալիքների հիմնական խթանիչը: Հայաստանի ազգային շահերը ենթակայեցված են պետական մեքենան հօգուտ իրեն ծառայեցնող կազմակերպված հանցախավի շահերին։ Ինքը՝ հասարակությունը, զրկված է ոչ միայն իր ճակատագիրը տնօրինելու իրավունքից, այլեւ նվազագույն չափով դրա վրա ազդելու հնարավորություններից: Հարափոփոխ արտաքին մարտահրավերների պայմաններում երկրի նման վիճակը ապարդյուն է դարձնում նաեւ Արցախի խնդրի լուծմանն ու Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր ճիգերը: Ապարդյուն են դառնում նաեւ եվրոինտեգրմանն ու միջազգային կառույցներում Հայաստանի արժանապատիվ տեղի ապահովմանն ուղղված ջանքերը: Այս իրավիճակը բնականորեն անհրաժեշտություն է դարձնում երկրի բարոյական եւ քաղաքական առողջացմանը միտված Հայաստանի քաղաքացիների կազմակերպված ակտիվությունը: Այս խնդիրը համախմբված, նպատակաուղղված գործողություններ է պահանջում։ 2. Պետական եւ հասարակական ոլորտի ազատագրումը քրեականների բռնատիրությունից դառնում է Հայաստանի առաջնային խնդիրը: Հանուն այդ՝ հանցախավից ազատագրվելու խնդրի լուծման պահանջվում է քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների եւ ընդհանրապես քաղաքացիների ուժերի համախմբում։ Քաղաքացիների միավորում ընդդեմ հանցախավի, սա է այս գործողությունների կարգախոսն ու էությունը: Հանցախավի ու նաեւ նրան սպասարկող ենթակառույցների դուրս մղումը հնարավոր է միայն այդ երեւույթի մեկուսացման միջոցով, ինչի համար անհրաժեշտ է քաղաքացիական ակտիվություն պետության ամբողջ տարածքով մեկ: Հասարակությունը ազնիվ պետծառայողների հետ միասին պետք է օրենքից դուրս դնի հանցախավին եւ քաղաքացիներին վերադարձնի իրենց սահմանադրական իրավունքը՝ առաջին հերթին ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման իրավունքը: Տվյալ իրավունքը բռնատիրած հանցախավին հասարակության կողմից ներկայացված նման պահանջի ծագումը առաջին պլան է բերում երկրում առաջացած հիմնարար իրավիճակի հստակ իմացության պահանջը: Երկրի քաղաքացիները պետք է իմանան, որ. – Հայաստանի քաղաքացիների կողմից բարձրացված օրինական պահանջը, կապված իշխանության ձեւավորման եւ երկրում սահմանադրական կարգի հաստատման հետ, կառավարող հանցախավի կողմից դիտվում է իբրեւ իր դիրքին ուղղված հիմնական վտանգ, քանի որ մինչ այժմ նրա գործունեությունը օրինականացված է պետական ատրիբուտիկայի դրոշի ներքո: Եվ ակնհայտ է, որ կազմակերպված հանցախումբը միշտ կենտրոնացրել է իր ուժերը եւ ջանք չի խնայի թույլ չտալու, որպեսզի երկրում գործի իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմը: – Հնարավոր չէ կաթվածահար անել ազատ ընտրությունները, եթե այդ երկրում կազմավորված չէ եւ չի գործում կեղծարարների կազմակերպված համակազմ եւ ուժայինների նմանատիպ համակազմ, որոնք ծառայում են իշխանական վերնախավի պաշտպանությանը հասարակության օրինական պահանջներից: Այդպիսի համակազմերի կազմավորումն ու գործունեությունը հատուկ ջանքեր են պահանջում: Համապատասխանաբար, վերնախավի ամբողջ էներգիան ուղղվել եւ այսօր էլ ուղղվում է այդ նպատակի իրագործման համար նյութական եւ կազմակերպչական պայմանների ստեղծմանը: – Այդ նպատակը ենթադրում է ազատ տնտեսական գործունեության խոչընդոտում ֆինանսական կարողություններն իշխանական վերնախավի ձեռքում կենտրոնացնելու նպատակով: Հայաստանում վաղուց գործում են ազատ ձեռներեցությանը խանգարող մեխանիզմներ եւ արմատացել են կենտրոնացված շորթման մեխանիզմները, որոնց միջոցով կազմակերպված հանցախավը տեր է դարձել ստվերային բյուջեի: – Մինչ այժմ այդ բյուջեն հնարավոր էր դարձնում հանցախմբի սպասարկող վերը նշված ծառայամիտ համակազմի ձեւավորումը, աջակցումը եւ արդյունավետ գործունեությունը Հայաստանում: Այդ մարդիկ պատրաստ էին կատարել իրենց տերերի ցանկացած հանցավոր հրաման, քանի որ մնում էին պաշտպանված հասարակության պահանջներից: – Նույնպիսի պատրաստակամություն են հայտնում նաեւ հասարակական, քաղաքական կառույցներում եւ ԶԼՄ-ներում հավաքագրված կամակատարները: Վերջիններիս խնդիրն է հասարակության ապակողմնորոշումն ու ապակազմակերպումը: Մուտք ունենալով դեպի զանգվածային լսարաններ եւ լրատվական ազդեցիկ խողովակներ, տվյալ գործիչները զբաղված են ազգային խնդիրների կեղծ պատկերների ստեղծմամբ` թույլ չտալով հայկական հասարակությանը կենտրոնանալ իր իրական ռազմավարական խնդիրների վրա: Այդ գործունեությունն ապահովում է հասարակության նպատակաուղղված քրեականացման «հաջողությունը»: – Իշխող վերնախավն առանձնապես կոշտ կերպով է հակազդում քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների ու անհատների այն գործողություններին, որոնք միտված են զանգվածային միջոցառումներով հասարակության քրեականացմանը հակազդելուն։ Այդ դեպքերում գործի են դրվում ողջ պետական-քրեական ենթակառուցվածքը, ծառայամիտ ԶԼՄ-ները, քաղաքական ու հասարակական կազմակերպությունները։ Սա ցույց է տալիս, որ առանձին քաղաքացիների եւ նույնիսկ կուսակցությունների ջանքերն արդյունավետ չեն, ու անհրաժեշտ է, որպեսզի բոլոր քաղաքացիները միավորվեն ընդդեմ իշխանության լծակները հափշտակած հանցախավի։ – Գործը հասել է այնտեղ, որ կառավարող հանցախավի կողմից երկրում հաստատված ապօրինության միջավայրն արդեն բարդացնում է իր իսկ՝ իշխանական վերնախավի՝ երկրում անբաժան տնօրինելու խնդիրը եւ արդեն այսօր պահանջվում են հասարակությանն ապակողմնորոշելու լրացուցիչ մեխանիզմներ: – Քաղաքացիների սպասվող զանգվածային ելույթների վտանգը չեզոքացնելու համար հրապարակ է նետված «հասարակական միասնության» պահպանման անհրաժեշտության կարգախոսը, որն իբրեւ պետք է ազգային կարեւորության այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Արցախի խնդիրը եւ այլն։ Անօրեն կուտակած հարստությունն իշխանության լծակների հետ պահպանելու նպատակով ազգային սրբությունների շահարկումն իշխող հանցախավի առավել ցինիկ դրսեւորումներից է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ բոլոր ժողովուրդների ամենամեծ հարստությունը՝ մարդկանց պատիվն ու արժանապատվությունն ամեն վայրկյան ոտնահարող անձինք նույն այդ մարդկանց անունից զբաղվեն համազգային կարեւորություն ունեցող հարցերի լուծմամբ։ Առավել եւս, որ նրանք արդեն ցույց են տվել, որ այդ խնդիրները նրանց համար սոսկ իրենց իշխանությունը պահպանելու «մանրադրամ» են։ – Զգալով դժգոհության ալիքի բարձրացման վտանգը, կառավարող վերնախավը պատրաստում է երկրում ազատ ընտրությունները խոչընդոտելու հերթական տարբերակները: Հանցախավը պատրաստվում է իր իշխանության վերարտադրմանը՝ հասարակությանը մոլորեցնելու եւ ժողովրդավարության դրոշի ներքո հասարակական-քաղաքական ուժերի միավորումը խափանելու ճանապարհով: Խորությամբ գիտակցելով իրավիճակի բարդությունը, երկրի կազմակերպված քաղաքացիներն անխուսափելիորեն գալու են այն եզրակացության, որ. Անհապաղ պետք է կանգնեցվեն ազգային ռազմավա րական խնդիրների (Արցախի եւ Ցեղասպանության) շուրջ տարվող վտանգավոր շահարկումները: Քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները պետք է մերժեն իշխող հանցախավի շանտաժը եւ վերադարձնեն հասարակությունը երկրում սահմանադրական կարգի հաստատման խնդրի հարթություն: Միայն քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու ազնիվ պետծառայողների համախմբված գործունեությունը կարող է կաթվածահար անել «կամակատարների միավորումների» գործունեությունը, եւ վերջնականապես ազատել պետությունն ու քաղաքական համակարգը հանցախավի գերիշխանությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել